ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ 30-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՐԻՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԳՊՀ-ՈՒՄ

Հունվարի 31-ին Գորիսի պետական համալսարանում ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ արիության դաս-ցերեկույթ՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 30-ամյակին: Ցերեկույթին ներկա էին ԳՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Թեհմինա Մարությանը, Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր Տիգրան Հակոբյանը, ՀՀ ՊՆ Գորիսի N զորամասի մայոր Արզանյանը, զինվորներ, ԳՊՀ-ի պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմի ներկայացուցիչները, ուսանողները:
Ցերեկույթի մեկնարկին Հայաստանի Հանրապետության օրհներգի ներքո ներս բերվեց ՀՀ դրոշը, հնչեց նաև Գորիսի պետական համալսարանի օրհներգը, այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան երեք պատերազմների նահատակ հայորդիների հիշատակը:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԳՊՀ ռեկտորի պ/կ Թ.Մարությանը: Ողջունելով հյուրերին՝ նա շնորհավորեց նրանց Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի առթիվ, շնորհակալություն հայտնեց հյուրերին հրավերն ընդունելու համար, ապա անդրադարձավ միջոցառման նպատակին՝ նշելով, որ դրա շարժառիթը ուսանողների հայրենանվեր այն գիտակցումն է, որ բանակը մեր պետականության հիմնասյունն է և պետք է այն էլ ավելի ամրացնել՝ սկսելով այդ գաղափարի ամրակայումից, տարածումից դպրոցում, բուհում, մատաղ սերնդի ու երիտասարդության շրջանում։ Միջոցառումը որպես յուրօրինակ արիության դաս, կոչված է երիտասարդության հայրենասիրական ոգին բարձրացնելու, հարգելու հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հերոս տղաների հիշատակը, որոնց շարքերում նաև ԳՊՀ-ի ուսանողներն են եղել, արժևորելու նրանց, ովքեր խիզախորեն պաշտպանել և շարունակում են պաշտպանել մեր վիրավոր հայրենիքը։
Աստծո խոսքը երիտասարդներին ուղղեց և նրանց բարօրության համար աղոթք հղեց առ Աստված Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նորանշանակ քահանա Տեր Տիգրան Հակոբյանը: Նա նաև բարձր գնահատեց նման միջոցառումներով բուհ-եկեղեցի-բանակ կապերի ամրապնդմանը միտված՝ ԳՊՀ-ի ղեկավարության ներդրած աստվածահաճո ջանքերը, որոնք անպայման ցանկալի արդյունքներ կտան։ Արիության դասի խորհուրդը և նման ինքնատիպ ձեռնարկներով ուսանողների հայրենասիրական ոգին բարձրացնելու գաղափարը ողջունեց նաև ՀՀ ՊՆ Գորիսի N զորամասի մայոր Արզանյանը, ով պատրաստակամություն հայտնեց տարբեր միջոցառումների շրջանակներում լինելու ԳՊՀ֊ի կողքին և նպաստելու նման ձեռնարկների իրականացմանը։ Մայոր Արզանյանը նշեց, որ ճիշտ է Բանակի տոնը այս տարի ևս որոշակիորեն փոխել է բովանդակությունը՝ կրելով նաև հիշատակի խորհուրդ, այնուամենայնիվ, Հայոց 30-ամյա բանակի, հայ զինվորի կամքն ու պայքարելու ոգին նույնն են:
Բանակի 30֊ամյա հոբելյանի շրջանակներում Թ.Մարությանը շնորհակալագրերով պարգևատրեց Արցախյան երրորդ պատերազմի մասնակից ԳՊՀ-ի մոտ ութ տասնյակ ուսանողների՝ հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած խիզախության համար։ Նա նաև ընդգծեց, որ այս պարգևատրումը մեր հերոս ուսանողների հանդեպ երախտագիտության դրսևորման մի փուլն է և այն կլինի շարունակական։ Ցերեկույթը ամփոփվեց ինքնաձիգը մաս-մաս հավաքելու ցուցադրական համարներով, որոնք ներկայացրին ՀՀ ՊՆ Գորիսի N զորամասի զինվորները, իսկ 44-օրյա պատերազմին մասնակից ԳՊՀ-ի ուսանողներն իրենց ռազմական հմտությունները ցուցադրեցին՝ մասնակցելով սեղմ ժամկետում ինքնաձիգը հավաքելու մրցույթին: Ուխ նախագահ Գուրգեն Հարությունյանը շնորհակալություն հայտնեց լավագույն աևդյունքներ գրանցած ուսանողներին և հանձնեց խորհրդանշական նվերներ:

























Facebook Comments