ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՄՓՈՓԵՑ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ

Ս.թ. հուլիսի 11-ին գումարվեց գիտական խորհդրի նիստ, որի օրակարգում հիմնականում 2019-2020 ուստարվա ամփոփիչ ատեստավորման, հեռակա և առկա կրթաձևերի 2-րդ կիսամյակի քննաշրջանի արդյունքների վերաբերյալ հաշվետվություններն էին:
Մայիսի 27-ից հունիսի 15-ը ԳՊՀ-ում անցկացվեց 2019-2020 ուստարվա ամփոփիչ ատեստավորման գործընթացը` հեռավար ձևաչափով: Այս ուսումնական տարում բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով, 16 մասնագիտությունների գծով ԳՊՀ-ն թողարկեց 316 շրջանավարտ:
Համավարակային իրավիճակով պայմանավորված` ի լրումն գործող կարգերի` ԳՊՀ-ն հաստատել էր 2019-2020 ուս.տարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կազմակերպման անցումային (ժամանակավոր) դրույթներ, ըստ որոնց` ավարտական աշխատանքների պաշտպանությունները կազմակերպվեցին առցանց` «Zoom» տեսակոնֆերանսի միջոցով: Վիրտուալ այդ տարածքում քայլերի հաջորդականությունը մշակվել էր՝ հաշվի առնելով գործող և անցումային կարգի բոլոր կետերը և դրույթները: Հանձնաժողովները մասամբ աշխատեցին տեղում՝ հատուկ կահավորված լսարանում՝ պահպանելով համավարակի կանխարգելման բոլոր պայմանները, բացառությամբ այն անդամների, այդ թվում՝ նախագահի, որոնք տեղաշարժի սահմանափակման և արտակարգ դրությամբ պայմանավորված այլ հարգելի պատճառներով պաշտպանության գործընթացին հետևեցին առցանց: Գործընթացի պատասխանատուների հետ առցանց հանդիպոումների ընթացքում մատնանշվել էին հնարավոր բոլոր խնդիրները և քննարկվել դրանց լուծման հնարավոր տարբերակները: Ե’վ հանձնաժողովները, և’ ուսանողները համապատասխան խորհրդատվություն էին ստացել ամփոփիչ ատեստավորման առցանց կազմակերպման համար սահմանված ընթացակարգային դրույթների մասին, անդամները էլեկտրոնային ձևաչափով նախապես ծանոթացել էին աշխատանքներին` կից փաստաթղթերով:
Ամփոփիչ ատեստավորման գնահատումը, ըստ կարգով սահմանված ձևաչափերի, նույնպես իրականացվեց առցանց` յուրաքանչյուր մասնագիտության ու կրթաձևի համար Google Drive-ում ստեղծված միասնական հարթակում` Google docs, Google sheets առցանց գործիքների միջոցով: Առցանց պաշտպանությունները տեսաձայնագրվել են և պահպանվում են (Zoom Cloud):
Դեկանների ներկայացրած տեղեկատվության համաձայն` բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետում 2019-2020 ուստարում ատեստավորման միջին գնահատականը կազմում է 82.8, ատեստավորում անցած 44 շրջանավարտից գերազանցության դիպլոմ կստանա 6-ը: Ճարտարագիտության և տնտեսագիտության ֆակուլտետում ատեստավորման միջին գնահատականը կազմում է 70.60, ատեստավորում անցած 84 շրջանավարտից գերազանցության դիպլոմ կստանա 7-ը: Հումանիտար և հասակագիտական մասնագիտությունների ֆակուլտետոււմ ատեստավորման միջին գնահատականը 82.8 է, ատեստավորում անցած 177 շրջանավարտից գերազանցության դիպլոմ կստանա 18-ը: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահները բավականին բարձր կարիծքներ են հայտնել հեռավար պաշտպանությունների կազմակերպվածության և որակական արդյունքների վերաբերյալ:
Ռեկտոր Ղուկասյանը ընդգծեց, որ ստեղծված իրավիճակում բուհի կողմից իրապես արվել է առավելագույնը`ամփոփիչ ատեստավորման գործընթացում ռիսկերը հնարավորինս կառավարելի դարձնելու և վերջնարդյունքները ապահովելու համար: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր պատասխանատուներին, հանձնաժողովների նախագահներին` ատեստավորման գործընթացը հնարավորինս սահուն կազմակերպելու համար: Դեկանների տեղեկատվություններն ընդունվեցին ի գիտություն:
Լսվեցին նաև դեկանների տեղեկատվությունները առկա և հեռակա կրթաձևերի 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանի արդյունքների մասին:
Ռեկտորի 18 մայիսի 2020թ. թիվ 102 – Ն հրամանով բակալավրի ու մագիստրոսի կրթական ծրագրերով 2019-2020 ուս.տարվա ամառային քննաշրջանը նախապատրաստվել ու կազմակերպվել էր հեռավար` ս.թ. հունիսի 08-ից հունիսի 26-ը` օգտագործելով տեղեկատվական ու հաղորդակցման ժամանակակից տեխնոլոգիաները, իսկ գնահատման ամփոփիչ տեղեկագրերը լրացվել էին ԳՊՀ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների և ծրագրային ապահովման լաբորատորիայի կողմից ստեղծված միասնական հարթակում` Google drive-ում ներառված Google docs, Google sheets առցանց գործիքների միջոցով: Չեղարկվել էին ուսումնական ժամանակացույցով սահմանված երկրորդ ընթացիկ ստուգումները և սահմանված ժամանակահատվածը նույնպես տրամադրվել էր առցանց քննարկումներին, խորհրդատվություններին, ինքնուրույն աշխատանքների կատարմանը: Ուսանողների գիտելիքների գնահատումը 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակում իրականացվել էր ըստ անցումային (ժամանակավոր) չափորոշիչների: Հետաձգված կամ ընդհատված պրակտիկաների վերաբերյալ նույնպես օրախնդիր որոշումներ էին ընդունվել:
Ռեկտորի համապատասխան հրամաններով հեռավար էին կազմակերպվել նաև բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով հեռակա կրթաձևի 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակի ուսումնական պարապմունքները և քննաշրջանը (ս.թ. հունիսի 29-ից հուլիսի 3-ը)` օգտագործելով տեղեկատվական ու հաղորդակցման ժամանակակից տեխնոլոգիաները և գնահատման անցումային չափորոշիչները:
Հեռավար գործընթացները պարբերաբար վերահսկվել են ուս. աշխ. գծով պրոռեկտորի, ինչպես նաև կրթության որակի ապահովման բաժնի կողմից, ֆակուլտետները ներկայացրել են ընթացիկ տեղեկատվություներ, քննարկվել են ծագած խնդիրները` բարելավելու գործընթացը և կառավարելու ռիսկերը:
Դեկանները մանրամասն տեղեկություններ ներկայացրին հեռավար քննական գործընթացներին ուսանողների ներգրավվածության, ակադեմիական առաջադիմության ցուցանիշների վերաբերյալ` ըստ կրթաձևերի, մասնագիտությունների և կուրսերի: Արդյունքները ընդհանուր առմամբ գոհացուցիչ են, թեև կան նաև խնդիրներ` կապված ուսման վարձավճարների հավաքագրման, շահակիցների ոչ բավարար ինքնակազմակերպվածության, ոչ համաչափ ներգրավվածության, հեռավար ուսուցման տեխնիկական անհարմարությունների և այլ հարցերի հետ: Համենայն դեպս, ֆակուլտետներում առցանց ուսումնական գործընթացները ընդհանուր առմամբ կազմակերպվել են պատշաճ մակարդակով` ապահովելու ելքային կրթական արդյունքները:
Դեկանների տեղեկատվությունները ընդունվեցին ի գիտություն: Երկրում համավարակի տարածման հնարավոր զարգացումների համատեքստում քննարկվեցին նաև հաջորդ ուսումնական տարվա առաջին կիսամյակի պարապմունքների անցկացման ձևաչափի հետ կապված հարցերը: Ռեկտոր Ա.Ղուկասյանը հանձնարարեց պատասխանատու օղակներին` դասախոսների և ուսանողների համար կազմակերպելու վերապատրաստման դասընթացներ, խորհրդատվություններ` հեռավար ուսուցման գործիքներին լիարժեք տիրապետելու համար և հնարավորինս պատրաստ լինելու հաջորդ ուսումնական տարվան:
Գիտական խորհրդի նիստում քննարկվեցին նաև ուսումնական պլաններում որոշակի փոփոխություններ անելու անհրաժեշտության, 2020թ. ընդունելության արդյունքների, ստորաբաժանումներում աշխատանքների ամփոփման և ընթացիկ այլ հարցեր:






Facebook Comments