ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԱՐԴԵՆ ԱՎԱՆԴՈՒՅԹ ԴԱՐՁԱԾ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑԵՐԸ ԲՈՒՀ֊ԴՊՐՈՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Այսօր Գորիսի պետական համալսարանի կենսաբանության և քիմիայի ամբիոնի ուսումնական լաբորատորիան կրկին հյուրընկալել էր դպրոցականներին։ Այս անգամ համալսարան էին այցելել Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի 8ա և 8բ դասարանների աշակերտները՝ քիմիայի ուսուցչուհի Աննա Հայրապետյանի ուղեկցությամբ:

Աշակերտներին ողջունեցին ամբիոնի վարիչ, ք.գ.դ., դոցենտ Լուիզա Վարդանյանը և նույն ամբիոնի դասախոս Անի Գալստյանը:

Աշակերտների բնագիտական հետաքրքրությունները բարձրացնելու նպատակով  ամբիոնի դասախոսները պատրաստել էին մի շարք հետաքրքրաշարժ քիմիական փորձեր՝ «Ջրածնի ստացում և այրում», «Թթվածնի ստացում. ծծմբի այրում», «Բնական ինդիկատորով միջավայրի որոշում», «Փղի կնճիթ», «Ոսկի անձրև», «Անծուխ կրակ», «Քիմիական հրաբուխ»:

Հնարավորություն ունենալով տեսական գիտելիքները կիրառել գործնականում՝ դպրոցականները մեծ ոգևորությամբ մասնակցեցին կատարվող զարմանահրաշ քիմիական փորձերին:

Երեխաների համար շատ ոգևորիչ էր ցինկի ու աղաթթվի փոխազդեցությունը, որի արդյունքում անջատված ջրածին գազը նրանք հավաքեցին փրփուրի մեջ և այրեցին ձեռքի ափի մեջ:

Դպրոցականների շրջանում առաջացած ոգևորությունը փաստում էր, որ ճանաչողական այցը իրապես ստացված և կարևոր քայլ էր նրանց կրթական զարգացման համար:

Աշակերտներն իրենց գոհունակությունը հայտնեցին ԳՊՀ-ի դասախոսներից՝ նշելով, որ նման ճանաչողական այցերը շատ արդյունավետ են և  օգնում են բարձրացնելու տեսական ու գործնական գիտելիքների կիրառման արդյունավետությունը:

Facebook Comments