ՄԱՏԵՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ
![](https://gorsu.am/wp-content/uploads/2023/11/399864887_677302550841994_4716451729392531818_n.jpg)
Գորիսի պետական համալսարանի գործընկեր, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի դասախոս, «Գիտական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանը ԳՊՀ-ի գրադարանին է նվիրաբերել վերջերս լույս տեսած «Իրավունքի փիլիսոփայություն» (Ստեփանակերտ, «ԱՐՑԱԽ» հրատարակչություն, 2023) ուսումնական ձեռնարկը՝ նախատեսված բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողների, դասախոսների, ինչպես նաև իրավունքի ծագման, էության և նշանակության հիմնահարցերով հետաքրքրվողների համար:
Ուսումնական ձեռնարկում քննարկվում է իրավունքի փիլիսոփայության՝ որպես գիտության և ուսումնական դասընթացի էությանը, իրավունքի հետ մի շարք իրավական, բարոյական ու կրոնական հասկացությունների հարաբերակցությանը և իրավունքի փիլիսոփայության արդիական հիմնախնդիրներին նվիրված հարցերի լայն շրջանակ: Հեղինակի կողմից պատրաստվել է եզակի տերմինաբանական բառարան, որը պարունակում է իրավունքի փիլիսոփայության դասընթացի շրջանակներում օգտագործվող ավելի քան 200 տերմին՝ համառոտ բացատրությամբ: