ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

ՀՀ ԳԱԱ ս.թ. հոկտեմբերի 11-ից 13-ը հրավիրում է մասնակցելու «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական 7-րդ կրթական գիտաժողովին՝ նվիրված բնագիտական, տեխնիկական, մաթեմատիկական, տեխնոլոգիական կրթության հիմնախնդիրներին:
Կրթական գիտաժողովում կքննարկվեն հանրակրթական և բուհական ոլորտներում բնական գիտությունների, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի, տեխնոլոգիաների հանրամատչելիացման և նրանց հիմունքների ուսուցման հիմնախնդիրները: Գիտաժողովին կարող են մասնակցել դպրոցների ուսուցիչներ, բուհերի դասախոսներ, գիտաշխատողներ, քոլեջների դասատուներ, նշված խնդիրներով զբաղվող մագիստրոսներ, ասպիրանտներ և կրթության ոլորտի մասնագետներ:

Նախատեսվում է քննարկել հետևյալ թեմաները.
• Ֆիզիկայի և աստղագիտության հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ
• Մաթեմատիկայի հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ
• Քիմիայի հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ
• Կենսաբանության հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ
• Ինֆորմատիկայի հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրները
• Բնագիտություն ուղղության հանրամատչելիացման և ինտեգրացված առարկայի դասավանդման առանձնահատկությունները
• Ֆիզիկական աշխարհագրության հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ
• Մաթեմատիկայի դերը բնագիտության ուսուցման գործընթացում
• Բնագիտական առարկաների դասավանդման գործնական ուղղվածության ապահովման ուղիները
• Բնագիտական կրթության հանրամատչելիացման և ինֆորմատացման հիմնախնդիրներ
• Ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները կրթական համակարգում
• Բնագիտական առարկաների դերը ճարտարագիտական, տեխնիկական և տեխնոլոգիական կրթության համակարգում
• Օլիմպիադաներ և աշխատանք օժտված երեխաների հետ
• Գիտամեթոդական և գիտահանրամատչելի գրականության դերը արդիականացվող կրթական համակարգում:

Զեկուցումների և թեզիսների ներկայացման կարգը

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2024թ. սեպտեմբերի 25-ը ներկայացնել հոդվածի էլեկտրոնային օրինակը: Կրթական գիտաժողովի աշխատանքներին մասնակցել ցանկացողները կազմկոմիտե պետք է ներկայացնեն հետևյալ նյութերը.
• մասնակցության հայտ
• ելույթի կամ զեկուցման թեզիսները էլեկտրոնային և տպագիր օրինակով` մինչև 5 տպագիր էջ ծավալով, Word document ֆայլով:
• Ներկայացման վերջին ժամկետը 2024թ. սեպտեմբերի 25-ն է:
• Զեկուցումները և թեզիսները ուղարկել katayan@sci.am էլ. հասցեին:

Ներկայացվող նյութերի ձևակերպման պահանջները

Հոդվածները պետք է ձևակերպվեն հետևյալ պահանջներին համապատասխան.նյութի ծավալը 5 էջից ոչ ավելի, տեքստի համակարգչային ծրագիրը` Microsoft Word, տառատեսակը` Times New Roman (ռուսերենի, անգլերենի համար) և Sylfaen (հայերենի համար), տառաչափը` 12, տողամիջյան տարածքը` 1,5, վերևի, ներքևի և աջ լուսանցքները` 2,0, ձախ լուսանցքը` 3,0 սմ` ստանդարտացված: Հոդվածը սկսվում է վերնագրով, որը գրվում է կենտրոնում` գլխատառերով, մուգ: Վերնագրից հետո նշվում են հեղինակի ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը, քաղաքը և կազմակերպությունը` աջ անկյունում`շեղատառ: Հոդվածում հստակորեն պետք է ներկայացված լինեն հարցի դրվածքը, կրթական նորույթը, իսկ վերջում` օգտագործված գրականության ցանկը և նյութի հակիրճ ամփոփումը` մինչև 50 բառ` անգլերեն, ռուսերեն կամ հայերեն՝ կախված հոդվածի շարադրման լեզվից: Տեքստում գրականության մեջբերումը նշվում է ուղիղ փակագծերում` գրելով գրականության ցանկում համապատասխան աղբյուրի համարը և էջը` օրինակ` [3,էջ 14]:
Գիտաժողովի աշխատանքային լեզուն հայերենն է, իսկ առանձին աշխատանքներ կարող են ներկայացվել ռուսերեն և անգլերեն լեզուներով:
Գիտաժողովին ներկայացված և գրախոսված նյութերից կհրատարակվի գիտամեթոդական հոդվածների ժողովածու` համաձայն ՀՀ ԲՈԿ-ի պահանջներին:
Գիտաժողովին մասնակցել ցանկացողները լրացնում են համապատասխան հայտը և թեզիսները կազմկոմիտե են ներկայացնում մինչև ս.թ. սեպտեմբերի 15-ը` վերը նշված հասցեներով:
Թեզիսները, որոնք ներկայացված պահանջներին չեն բավարարում կամ ուղարկվում են նշված ժամկետներից ուշ, չեն քննարկվում:
Գիտաժողովի նյութերի ժողովածուն կտպագրվի գիտաժողովում զեկուցելուց և խմբագրական խորհուրդի կողմից հոդվածը խմբագրելուց հետո՝ 6-ամսյա ժամկետում:
Գիտաժողովին կարելի է մասնակցել ինչպես զեկուցումով, այնպես էլ առանց զեկույցի:

Facebook Comments