ԱԶԳԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՕՐ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ՝ ԷՐԱԶՄՈՒՍ+ SMARTI ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Ս. թ. օգոստոսի 1-ին և 2-ին Վանաձորի պետական համալսարանում Էրազմուս+ «Աջակցություն անգլերենով դասավանդման նորարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքներին՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» (SMARTI) ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ տեղեկատվական միջոցառում և վերապատրաստում հիբրիդային ձևաչափով, որին առկա ձևաչափով մասնակցում էին Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի ներկայացուցիչ, ծրագրի համակարգող Ջերարդ Քալենը, կոնսորցիումի անդամ հաստատությունների՝ Վանաձորի, Շիրակի և Գորիսի պետական համալսարանների ուսանողներն ու աշխատակիցները, ինչպես նաև «Հայաստանի անգլերենի ուսուցիչների ասոցիացիայի» (AELTA) անդամները: Առցանց ձևաչափով միջոցառմանը միացել էին ծրագրի կոնսորցիումի անդամներ և արտաքին այլ շահակիցներ:

Հանդիպմանը Գորիսի պետական համալսարանը ներկայացնում էին արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի վարիչ Նաիրա Սաֆարյանը, նույն բաժնի արտաքին կապերի և համագործակցության հարցերով պատասխանատու Սոնա Ալավերդյանը և «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողներ Արմինե Ասատրյանը և Ռուզան Նադանյանը։

Միջոցառման սկզբին ողջույնի խոսքով հանդես եկավ ՎՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լուսինե Կոստանդյանը: Նա սրտանց ողջունեց մասնակիցներին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք, միաժամանակ կարևորելով անգլերենի՝ որպես դասավանդման լեզվի գաղափարի խթանումն ու անգլալեզու դասընթացների մշակման անհրաժեշտությունը հայաստանյան բուհերում: Պրոռեկտորը նաև նշեց, որ նման նախաձեռնությունը թեև ողջունելի է, այնուամենայնիվ, մեծ ջանքեր ու մարտահրավերներ է պահանջում բուհերից՝ պայմանավորված թե՛ պրոֆեսորադասախոսական աշխատակազմի, թե՛ ուսանողների անգլերենի իմացության մակարդակի բարձրացման և այլ առումներով:

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև ծրագրի համակարգող Ջերարդ Քալենը և տեղական համակարգող Լուսիկ Վարդանյանը: Տիկին Վարդանյանը մանրամասն ներկայացրեց ծրագրի նպատակներն ու ձեռքբերումները:

Գորիսի պետական համալսարանի ուսանողները մասնակիցներին տեղեկացրին ԳՊՀ-ում SMARTI ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ և խոսեցին EMI (անգլերենը` որպես դասավանդման միջոց) կենտրոնի կարևորությունից: Նրանք նաև կազմակերպեցին փոխներգործուն խաղ-վիկտորինա:

Այնուհետև «Հյուրանոցային հյուրընկալություն» թեմայով հանդես եկավ ՎՊՀ դասախոս, ծրագրի անդամ, էկոնիմիկայի, իրավագիտության և կառավարման ամբիոնի դասախոս, տ. գ. թ. Արմինե Գևորգյանը: Ելույթ ունեցան նաև ՎՊՀ ուսանողները, որոնք որպես ուսանող և կամավոր մասնակցել էին անգլերենի զարգացման դասընթացներին: Նրանք շեշտեցին, որ անգլերենի դասերի ընթացքում դասավանդողներին հաջողվել է զարգացնել ոչ միայն ուսանողների լեզվական կարողությունները, այլ նաև բազում այլ հմտություններ, ինչպիսիք են անգլերենով ինքնակենսագրական (CV) գրելու, ցուցադրություններ ներկայացնելու կարողությունները:

Ծրագրի շրջանակում իրականացրած առցանց (COIL) երեք միջոցառումների մասին իրենց տպավորություններից խոսեցին ՎՊՀ ուսանողները, որոնք, կարևորելով արտասահմանյան ուսանողների հետ անցկացվող համատեղ միջոցառումները, ներկայացրին իրենց դրական բոլոր ձեռքբերումներն ու նման միջոցառումներին մասնակցելու մեծ հետաքրքրվածությունը:

Շիրակի պետական համալսարանի ներկայացուցիչներն անցկացրին լիագումար քննարկում, որի նպատակն էր վերհանել ծրագրի հիմնական ձեռքբերումներն ու մարտահրավերները:

Միջոցառման երկրորդ օրը սկսվեց Վանաձորի պետական ​​համալսարանի համակարգմամբ իրականացվող Էրազմուս+ DeSIRe ծրագրի համառոտ ծանոթությամբ: DeSIRe ծրագրի համակարգող Լուսիկ Վարդանյանը ներկայացրեց ծրագրի կոնսորցիումը, նախանշեց դրա հիմնական նպատակներն ու խնդիրները և ամփոփեց մինչ այժմ ձեռքբերված հիմնական արդյունքները: Նա ընդգծեց, որ չնայած ՎՊՀ-ն ներգրավված է եղել Էրազմուս+ բազմաթիվ ծրագրերում, սա առաջին անգամն է, որ համակարգում է որևէ ծրագիր:

Միջոցառման երկրորդ մասը նվիրված էր «Դեպքերի ուսումնասիրություն»  (Case study) մեթոդաբանությանը, որը վարեց Ջերարդ Քալենը: Միջոցառման մասնակիցները մեծ հետաքրքրվածությամբ ներգրավվեցին գործնական բոլոր առաջադրանքներին և խմբային աշխատանքներին:

Վերապատրաստման ավարտին մասնակիցներն իրենց երախտագիտության խոսքն արտահայտեցին պարոն Քալենին ներկայացրած նյութը գործնական դերախաղով փորձարկելու և արժեքավոր խորհուրդների համար:

Facebook Comments