ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԷՐԱԶՄՈՒՍ+ DESIRE ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Ս.թ մարտի 24-28-ը Էրազմուս+ՀԳ2 ԿԶԲԿ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) նախագծի շրջանակներում Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանում (Գերմանիայի Դաշնություն) իրականացվել են երեք ուսումնական մոդուլների և մեկ զանգվածային բաց առցանց դասընթացի (MOOC-1) նախագծման ու իրականացման վերապատրաստումներ, ինչպես նաև ծրագրի կառավարման խորհրդի հանդիպում: Հանդիպումներին Գորիսի պետական համալսարանը ներկայացրել են արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի վարիչ, ծրագրի տեղական համակարգող Նաիրա Սաֆարյանը, օտար լեզուների ամբիոնի դասախոս, ծրագրի աշխատակից և դասընթացավար Նաիրա Մեժլումյանը ու ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոնի դասախոս, ծրագրի աշխատակից և դասընթացավար Նելլի Բաղդագյուլյանը:
Աշխատանքային շաբաթը ներառում էր տարբեր ինտերակտիվ դասընթացներ ու աշխատարաններ՝ նվիրված «Մեդիա և թվային գրագիտության հմտություններ», «Հավասարություն, բազմաշերտություն ու ներառականություն», «Հիմնական ձեռնարկատիրական հմտություններ, նախաձեռնողականություն ու ակտիվություն» և «Ռեֆլեկտիվ մտածողություն և գնահատման հմտություններ» թեմաներին:
Վերապատրաստման մասնակիցներն ընդգրկված էին տեսական և գործնական աշխատանքներում՝ հատուկ ուշադրություն դարձնելով վերոնշյալ հմտությունների կիրառմանը դասավանդման և ուսումնառության գործընթացում:
Ծրագրի ԵՄ գործընկեր համալսարանների փորձագետները մասնակիցներին ներկայացրին սեփական փորձը և առաջարկեցին գործիքներ, որոնք կօգնեն կոնսորցիումի անդամ համալսարանների ներկայացուցիչներին մշակել 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների դասընթացներ և դրանք ինտեգրել իրենց մասնագիտական գործունեության մեջ և համալսարանների կրթական ծրագրերում: Գործնական աշխատանքների շրջանակներում մասնակիցները կիրառեցին տեսական գիտելիքները պրակտիկ առաջադրանքներում: Ծրագրով նախատեսված է, որ այս դասընթացից անմիջապես հետո կձևավորվեն չորս աշխատանքային խմբեր (մեկական վերապատրաստված մասնակից յուրաքանչյուր բուհից), որոնք երկշաբաթյա ժամանակահատվածում կմշակեն ՓՀ ներբուհական վերապատրաստումների համար նախատեսված ուսումնական մոդուլների փաթեթներ:
Մարտի 27-ին տեղի ունեցավ ծրագրի կառավարման խորհրդի հանդիպում, որի ընթացքում կոնսորցիումի անդամ համալսարանների և կազմակերպությունների ծրագրի տեղական համակարգողները ներկայացրին իրենց կողմից իրականացված աշխատանքները: ԳՊՀ-ից Նաիրա Սաֆարյանը ներկայացրեց ԱՓ7-ի շրջանակներում իրականացված գործողությունները: Քննարկումներ տեղի ունեցան սարքավորումների գնման և փափուկ հմտությունների կենտրոնների ստեղծման հարցերի շուրջ:
Ծրագրի շրջանակներում մասնակիցները հնարավորություն ունեցան նաև այցելելու Սաքսոնիայի պետական և Դրեզդենի համալսարանական գրադարան (SLUB)՝ ծանոթանալու դրա բազմազան ռեսուրսներին, առաջադեմ թվային ծառայություններին և ուսումնառության նորարարական միջավայրերին։ Այցը հնարավորություն տվեց ձեռք բերել արժեքավոր պատկերացումներ ժամանակակից գրադարանային կառավարման և ակադեմիական աջակցության համակարգերի վերաբերյալ։
Աշխատանքային և վերապատրաստումների շաբաթն ավարտվեց ամփոփիչ քննարկումներով և հետագա գործողությունների վերաբերյալ հանձնարարություններով: Դասընթացի մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր:





