ԿԱՅԱՑԱՎ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ` 2024-2025 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ

Սեպտեմբերի 20-ին կայացավ ԳՊՀ գիտական խորհրդի` 2024-2025 ուստարվա անդրանիկ նիստը, որը նախագահում էր ռեկտոր Տիգրան Վանդունցը: Օրակարգի հիմնական հարցերը վերաբերում էին բուհում կառուցվածքային փոփոխություն կատարելուն, գրադարանի՝ 2023-2024 ուստարվա գործունեությանը և դոցենտի գիտական կոչում շնորհելու մասին մեկ դիմումի քննարկմանը:

Օրակարգի առաջին հարցի քննարկման արդյունքում գիտխորհուրդը որոշում ընդունեց համալսարանի կառուցվածքում կատարել փոփոխութուն` վերակազմավորման եղանակով «Ուսումնական մաս» ստորաբաժանումը վերակազմակերպել «Ուսումնագիտական գործընթացի կառավարման բաժին» ստորաբաժանման։ Կառուցվածքային այս փոփոխության նպատակը համալասարանի ուսումնական և գիտական գործընթացների կառավարման, համակարգման արդյունավետության բարելավումն է:

Օրակարգի երկրորդ հարցի շրջանակում ԳՊՀ գրադարանի 2023-2024 ուստարվա գործունեության մասին զեկուցումով հանդես եկավ գրադարանի վարիչ Նուարդ Շալունցը, ով ներկայացրեց գրադարանի արդի վիճակը, ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքները, առկա խնդիրները և անելիքները: Քննարկման արդյունքում գրադարանի` 2023-2024 ուստարվա գործունեության մասին հաշվետվությունը գնահատվեց բավարար, տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

Օրակարգի երրորդ հարցով քննարկվեց բանասիրական գիտությունների թեկնածու Թամարա Անդրեասյանի դիմումը՝ դոցենտի գիտական կոչում շնորհելու մասին։ Փակ գաղտնի քվեարկությամբ (20 կողմ և 0 դեմ) դոցենտի գիտական կոչում շնորհվեց ԳՊՀ բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Թամարա Անդրեասյանին:

Գիտխորհուրդը քննարկեց նաև ընթացիկ հարցեր, որոնք վերաբերում էին Գորիսի պետական համալսարանի մագիստրատուրայի ընդունելության կարգը նոր խմբագրությամբ հաստատելուն և գիտխորհրդի երեք հանձնաժողովների կազմերում փոփոխություններ կատարելուն:

Facebook Comments