T-GREEN ԾՐԱԳՐԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Ս. թ. փետրվարի 17–21-ը Երևանում կայացավ Էրազմուս+ «Հետբակալավրի կրթության փոխակերպումը՝ հանուն կանաչ և կայուն ապագայի» (Transforming Graduate Education for Green and Sustainable Future (T-GREEN)) ծրագրի եզրափակիչ համաժողովը, որը համախմբել էր հայաստանյան և եվրոպական գործընկեր բուհերի ու կազմակերպությունների ներկայացուցիչներին։
Համաժողովին Գորիսի պետական համալսարանից ներկա էին ռեկտոր Տիգրան Վանդունցը, պրոռեկտոր Զարեհ Գրիգորյանը, արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի վարիչ Նաիրա Սաֆարյանը, որակի գնահատման և ապահովման բաժնի վարիչ Սոնա Ալավերդյանը և տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ Սյուզաննա Պետրոսյանը։
Համաժողովի առաջին օրը գործընկեր համալսարանները ներկայացրին ծրագրային վերջնարդյունքները։ ԳՊՀ-ից ելույթ ունեցավ Սոնա Ալավերդյանը՝ ներկայացնելով համալսարանի գրանցած ձեռքբերումները։ Մասնավորապես՝
- զարգացել են բուհի ակադեմիական և վարչական կարողությունները միջազգային վերապատրաստումների և աշխատաժողովների շնորհիվ,
- ձևավորվել է համատեղ մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման ինստիտուցիոնալ շրջանակ,
- մշակվել, լիցենզավորվել և գործարկվել է «Կայուն զարգացման տնտեսագիտություն և կառավարում» համատեղ մագիստրոսական ծրագիրը,
- կանաչ բաղադրիչներով վերապրոֆիլավորվել է Քիմիայի մագիստրոսական ծրագիրը,
- հիմնադրվել է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ T-GREEN դասասենյակը,
- ապահովվել է ծրագրի արդյունքների հանրահռչակում հիմնականում համալսարանական և մարզային հարթակներում։
Երկրորդ և երրորդ օրերին աշխատանքային փաթեթների ղեկավարները ներկայացրին կատարված աշխատանքների հաշվետվությունները, քննարկվեցին ծրագրի կայունության և շարունակականության հարցերը։
Համաժողովը հնարավորություն ընձեռեց ամփոփելու ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները, գնահատելու արձանագրված առաջընթացը և նախանշելու բարձրագույն կրթության համակարգում կայուն զարգացման սկզբունքների հետագա ամրապնդման ուղիները։








