SMARTI ԾՐԱԳՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՕՐ ԳՊՀ-ՈՒՄ
Ս/թ. նոյեմբերի 22-ին Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ Էրազմուս+ SMARTI՝ «Աջակցություն անգլերենով դասավանդման նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» ծրագրի շրջանակում նախատեսված միջոցառումների շարք, որին մասնակցեցին և ողջույնի խոսքով հանդես եկան ԳՊՀ ԲԻՏՄ ֆակուլտետի դեկան Լիլիթ Աթաբեկյանը, SMARTI ծրագրի համակարգող, Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի ներկայացուցիչ Ջերարդ Քալենը, ծրագրի հայաստանյան համակարգող Թերեզա Խեչոյանը, Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի ներկայացուցիչ Արփինե Ջրաղացպանյանը, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը, ինչպես նաև համալսարանի ներքին և արտաքին շահակիցներ:
ԳՊՀ որակի գնահատման և ապահովման բաժնի աշխատակից Մերի Գրիգորյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց SMARTI ծրագիրը, ԱԴՄ (Անգլերենը դասավանդման միջոց) կենտրոնի գործառույթները և ԳՊՀ-ի կողմից մշակված երկու մոդուլների պիլոտային դասընթացները:
Միջոցառման ընթացքում ԳՊՀ ուսանողները հյուրերին ներկայացրին ԱԴՄ-ի հեռանկարներն իրենց պատկերացմամբ և հարցուպատասխանի միջոցով անդրադարձան ակադեմիական շարժունության ծրագրերին:
Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ SMARTI ԱԴՄ կենտրոնի պաշտոնական բացումը: Այնուհետև ծրագրի աշխատանքային խմբի անդամներ Նաիրա Մեժլումյանը և Լիլիթ Աթաբեկյանը անգլերենով ներկայացրին ԳՊՀ-ի կողմից ստեղծված «Ուսումնական պլանի մոդուլի ստեղծում և դրա ուսուցման մեթոդների մշակում» մոդուլի առաջին դասընթացը: