2017 ԹՎԱԿԱՆԸ ՝ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՏԱՐԻ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ

Թերթեցինք Գորիսի պետական համալսարանի տարեգրության ևս մեկ էջը̀ հագեցած լայնածավալ աշխատանքներով: Սկսվող տարին խելամիտ ու ճիշտ կառուցելու կարևոր նախապայմանը նախորդը ճիշտ գնահատելն ու ամփոփելն է: Հետևում է 2016 թվականը,  որի ընթացքում ստանձնելով բուհի պաշտոնավարումը՝ փորձեցի համալսարանի կրթագիտական գործընթացը բարեփոխելու ու զարգացնելու օրախնդիր ազդակներին հաղորդական լինելով  իրականացնել համալսարանի համար բարեշահ մի շարք ծրագրեր:

Գորիսի պետական համալսարանը հնավանդ Սյունյաց աշխարհի առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունն է և անցել է փառավոր ուղի: 2017-ին լրանում է համալսարանի 50-ամյա հոբելյանը: Հիմնադրման առաջին օրից բուհը մեծ դեր է խաղացել մարզի կրթամշակութային կյանքում, նվաճել իր հաստատուն տեղը հանրապետության բուհերի շարքում: Կրթօջախի  շնորհիվ երիտասարդ սյունեցին իր տանն է` կապված իր հող ու ջրին, իր ազգային ու մշակութային ակունքներին, ու նա է տարածաշրջանի առաջին ազգապաշտպանն ու ազգապահպանը, այսօրվա ու վաղվա ուսուցիչը, տնտեսագետն ու իրավագետը, պատմաբանն ու բնագետը, էներգետիկը:

Լինելով մարզում բարձրագույն կրթության լավագույն ավանդների ստեղծողն ու շարունակողը, հետամուտ համաեվրոպական բուհական բարեփոխումներին ու գիտական առաջընթացին` կրթօջախը իրականացնում է ռազմավարական իր ծրագիրը, որի արդյունավետության վկայությունը մեր նվաճումներն են, հաստատության հեղինակության շարունակական բարձրացումը, աշխատաշուկայում մեր շրջանավարտների մրցունակությունը:

Գորիսի պետական համալսարանն այն հաստատությունն  է, որտեղ տասնամյակների ընթացքում պահպանվել է սերունդների հաջորդականությունը, բազմապատկվել են գիտակրթական նվաճումները:

Ունենալով հարուստ ավանդներ` համալսարանը մշտապես ձգտել է գերազանցության ու նորարարակական ուսուցման` կրթության զարգացման պետական ռազմավարության շրջանակներում:

Տարիների ընթացքում գործելով ՀՀ հեղինակավոր ուսումնական հաստատությունների համակարգում, բուհն անցել էր բարձրագույն կրթության բարեփոխումների հիանալի դպրոց, կուտակել էր բուհական համակարգի գործունեության հսկայական փորձ: Բուհի ստեղծումը, բարձրագույն կրթությամբ որակյալ մասնագետներով տարածաշրջանը ապահովելուն զուգընթաց, ի սկզբանե նպատակ է հետապնդել տարածաշրջանից երիտասարդության արտահոսքի կանխման, Արցախի հետ կապի ամրապնդման և բնակչության հասարակական-քաղաքական գիտակցության ակտիվացման: Կենսունակ ու ներգործուն ավանդույթներ ունեցող կրթօջախի հիմքի վրա 2006 թվականին ստեղծվում է  «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը` որպես ինքնուրույն բարձրագույն ուսումնական հաստատություն` համալսարանի կարգավիճակով:

Գիտակցելով իր պատասխանատվությունը հասարակության առաջ̀ բուհը սկսում է լայնածավալ կրթական բարեփոխումների գործընթաց` նպատակաուղղելով համալսարանի գործունեությունը ժամանակակից աշխատաշուկայի պահանջները բավարարող որակյալ կրթության ապահովմանը:

Համալսարանի ստեղծումը մարզի զարգացման համար ռազմավարական նշանակությամբ կարևոր ծրագիր էր, որ ենթադրում էր կարճ ժամանակում ձեռք բերել պետական կրթական հաստատության կայուն վիճակ, մրցունակության բարձր մակարդակ, այսինքն` առաջատար դիրք տարածաշրջանի այլ բուհերի նկատմամբ, պրոֆեսորադասախոսական կազմի բավարար տեսակարար կշիռ, կրթական ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազա, գիտահետազոտական գործունեության զարգացման բարենպաստ պայմաններ և այլն:

Ի պատիվ բուհի ղեկավարության̀ պետք է նշել, որ համալսարանը ազգային լավագույն ավանդույթների ու միջազգային առաջավոր փորձի զուգակցմամբ ապահովելով կրթության մատչելիությունն ու հասանելիությունը, ձգտեց գերազանցության ու նորարարական ուսուցման և ունեցավ ռազմավարական ծրագրերին համապատասխան առաջանցիկ զարգացում:

Այսօր ԳՊՀ-ն համազգային ու տարածաշրջանային դերակատարությամբ կրթական ու գիտամշակութային ինքնավար հաստատություն է, որ ժողովրդագրական, տեխնոլոգիական, սոցիալ-տնտեսական, մշակութային բազմազան ու բազմաբնույթ գործոններով պայմանավորված` վերագնահատում ու վերանայում է իր դերն ու պատասխանատվությունը, փորձում է մեծացնել իր մրցակցային առավելություններն ու ներուժը:

2004թ.-ից անցնելով բարձրագույն կրթության երկաստիճան համակարգի` բուհը նորամուծություններ է իրականացրել ուսուցման կազմակերպման կրեդիտային համակարգի ներդրման ուղղությամբ, ձեռք է բերել նոր մասնագիտություններ ու մասնագիտացումներ:

Գորիսի պետական համալսարանում այժմ գործում են երեք ֆակուլտետներ` Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետ, Բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետ, Ճարտարագիտության և տնտեսագիտության ֆակուլտետ:

Ֆակուլտետներում իրականացվում է բարձրագույն կրթություն` 14 մասնագիտություններով: Ուսուցումն իրականացվում է առկա և հեռակա կրթաձևերով:

Համալսարանը իր գիտամեթոդական հետազոտություններով, նորարարական ուսուցմամբ  նպաստում է  բնագիտական, հումանիտար, հասարակագիտական, սոցիալ-տնտեսագիտական  գիտությունների զարգացմանն ու նորովի մատուցմանը տարածաշրջանում:

2017 թվականը հոբելյանական տարի է համալսարանի համար: Հոբելյանական միջոցառումների կամփոփվեն հոկտեմբեր ամսին: Ծրագրվում են բազմաբովանդակ միջոցառումներ̀ հանրապետական ու միջազգային գիտաժողովներ, ցուցահանդեսներ, կլոր-սեղաններ, պարգևատրություններ, հրատարակություններ, ճանաչողական այցեր, հանդիպումներ բարձրաստիճան հյուրերի հետ,  համագործակցություններ, կրթաթոշակներ և այլն: Միջոցառումների պատշաճ կազմակերպման համար կձևավորվեն համապատասխան հանձնաժողովներ:

Հուսով ենք, որ համալսարանականները ջերմորեն կարձագանքեն հոբելյանական տոնին ու պատրաստակամությամբ կներգրավվեն հոբելյանական ծրագրերի իրականացման գործին: Դա տոն կլինի ոչ միայն համալսարանի, այլև ամբողջ հասարակության համար:

50-ամյա պատմություն ունեցող համալսարանի կենսագրությունը պարտավորեցնող է, ուստի նախընթաց տարիներին մեր ամբարած ամբողջ փորձառությունն ու ձեռքբերումներից քաղած ոգևորությունը պետք է ներդնենք նաև 2017 թվականը համակարգված, կառուցողական ու արդյունավոր աշխատանքով իմաստավորելու գործում:

Նոր տարում նախևառաջ ցանկանում եմ խաղաղություն բոլորիս, խաղաղություն մեր հոգիներում, մեր ընտանիքներում ու երկրում: Տոկունություն եմ ցանկանում մեր ժողովրդին, վճռականություն այն բոլոր խնդիրների լուծման գործում, որոնք ծառացել են մեր առջև:

Բարի աշխատանքային տարի բոլորիս…

ԱՐՏՈՒՇ ՂՈՒԿԱՍՅԱՆ

ԳՊՀ ՌԵԿՏՈՐ

Facebook Comments