ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Այսօր Գորիսի պետական համալսարանում գումարվեց գիտական խորհրդի նիստ, որը վարեց ռեկտոր Տիգրան Վանդունցը: Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը ռեկտորը գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց համալսարանի նորանշանակ գիտական քարտուղարին՝ հ.գ.թ, դոցենտ Նազելի Հախվերդյանին՝ մաղթելով արդյունավետ և բեղմնավոր գործունեություն՝ ի շահ համալսարանի զարգացման և գիտական խորհրդի աշխատանքների պատշաճ կազմակերպման։

Օրակարգային հարցերը վերաբերում էին ԳՊՀ մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա ուսուցման 2026թ. շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման նախապատրաստական աշխատանքներին, ԳՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտահետազոտական, ուսումնամեթոդական և կազմակերպական աշխատանքների խրախուսման կարգում փոփոխություն կատարելուն, դոցենտի գիտական կոչում շնորհելու մասին մեկ դիմումի քննարկմանը և ընթացիկ այլ հարցերին:

Օրակարգի առաջին հարցի շրջանակում ֆակուլտետների դեկաններ Ս. Հայրապետյանը և Լ. Աթաբեկյանը ներկայացրին մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա ուսուցման 2026 թվականի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքների մասին տեղեկություններ:

Օրակարգի երկրորդ հարցի շրջանակում ռեկտոր Տ. Վանդունցը ներկայացրեց ԳՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտահետազոտական, ուսումնամեթոդական և կազմակերպական աշխատանքների խրախուսման կարգում առաջարկվող փոփոխությունները, լրացումները և նոր խմբագրությամբ հաստատելու հիմնավորումները: Քննարկումներից և դիտարկումներից հետո գիտական խորհուրդը հաստատեց ԳՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտահետազոտական, ուսումնամեթոդական և կազմակերպական աշխատանքների խրախուսման կարգը՝ նոր խմբագրությամբ:

Օրակարգի երրորդ հարցով քննարկվեց տնտ.գ.թ. Սյուզաննա Պետրոսյանի դիմումը՝ դոցենտի գիտական կոչում շնորհելու մասին։ Ռեկտոր Տ. Վանդունցի առաջարկությամբ ձևավորվեց հաշվիչ հանձնաժողով և հարցը տեղափոխվեց փակ գաղտնի քվեարկության: Փակ գաղտնի քվեարկությամբ (20 կողմ և 0 դեմ) դոցենտի գիտական կոչում շնորհվեց ԳՊՀ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ, տնտ.գ.թ Սյուզաննա Պետրոսյանին:

Անդրադարձ եղավ ընթացիկ հարցերին, որոնք վերաբերում էին ԳՊՀ-ի գիտական խորհրդին առընթեր գիտական, մրցութային և ուսումնամեթոդական հարցերի հանձնաժողովի կազմում փոփոխություն կատարելուն, առաջիկայում կազմակերպվելիք հանրապետական և միջազգային գիտաժողովների կազմակերպմանը:

Facebook Comments