«ՕՐԲԵԼԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԿՅԱՆՔՆ ՈՒ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԳՊՀ-ՈՒՄ

Ս.թ. սեպտեմբերի 14-ին Գորիսի պետական համալսարանի նիստերի սրահում ուսանողների ու դասախոսների համար «Օրբելի եղբայրների կյանքն ու գիտական գործունեությունը» խորագրով բանախոսությամբ հանդես եկավ Ծաղկաձորի Օրբելի եղբայրների տուն-թանգարանի հիմնադիր տնօրեն, այժմ՝ նույն թանգարանի ավագ գիտաշխատող, պատմաբան Գերասիմ Մկրտչյանը։
Հյուրին ողջունեց ԳՊՀ պրոռեկտոր Թեհմինա Մարությանը՝ շնորհակալություն հայտնելով իրենց հրավերն ընդունելու, հայ աշխարհահռչակ գիտնականների ժառանգությունը աչքի լույսի պես պահպանելու և պրոպագանդելու, մշակութային, գիտագործնական բազմաթիվ ծրագրեր կյանքի կոչելու համար։ Մեծապես կարևորելով հայաստանյան մշակութային իրականության մեջ Օրբելի եղբայրների տուն-թանգարանի գործունեությունը՝ նա հույս հայտնեց, որ վերջին տարիներին ԳՊՀ-ի և թանգարանի միջև ձևավորված կապերը շարունակական բնույթ կկրեն: Նա անդրադարձավ նաև Գ.Մկրտչյանի գիտական գործունեությանը, թանգարանի արժեքավոր հրատարակություններին, որոնց թվում՝ հայտնի հնագետ ու արևելագետ, Սանկտ Պետերբուրգի Պետական Էրմիտաժի երկարամյա տնօրեն, մշակույթի նշանավոր գործիչ, ակադեմիկոս Բորիս Պիոտրովսկու «Իմ կյանքի էջերը» հուշագրությունը, որը լույս է տեսել օրերս՝ Օրբելի եղբայրների տուն-թանգարանի տնօրեն Մարինե Բունիաթյանի և Գերասիմ Մկրտչյանի աշխատատար ջանքերով և նրանց կողմից նվիրաբերվել ԳՊՀ֊ի գրադարանին։
Գ.Մկրտչյանը իր նախախոսքում արժևորեց Սյունիքի մարզում Գորիսի պետական համալսարանի դերն ու սերունդների հայեցի դաստիարակությանը միտված բուհի սերնդապահպան առաքելությունը: Նա առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Թ.Մարությանին՝ երկու հաստատությունների միջև ձևավորված համագործակցության համար, որից հետո անդրադարձավ Հովսեփ, Լևոն և Ռուբեն Օրբելիների կյանքի հետաքրքիր անկյունադարձերին, գիտական գործունեությանը, նրանց գործի պատմական նշանակությանը։
Ցուցադրվեց նաև Օրբելի եղբայրների տուն-թանգարանի գործունեության մասին պատմող տեսաֆիլմ:
Բանախոսության ավարտին ծավալվեց ակտիվ քննարկում։
Հանդիպումն ամփոփեց ԳՊՀ֊ում Ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պատասխանատու, ՈՒԳԸ նախագահ Հարութ Դավթյանը: Նա ևս շնորհակալություն հայտնեց բանախոսին՝ կարևոր հանդիպման և հետաքրքիր դասախոսության համար՝ նշելով, որ համալսարանում այսուհետ նմանօրինակ միջոցառումներ հաճախ կկազմակերպվեն՝ նպաստելու ԳՊՀ-ում ուսանողների բովանդակալից առօրյայի կազմակերպման ու գիտակրթական նախաձեռնություններում նրանց մասնակցության ակտիվացման գործընթացին:












Facebook Comments