ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԳՊՀ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

Օրերս ԳՊՀ ռեկտոր Տ. Վանդունցը աշխատանքային հանդիպումներ ունեցավ ԿՈԱ և ՈՒԿԱ բաժնի ղեկավարի, մասնագիտական կրթության հավատարմագրման առանձին չափանիշների («Արտաքին կապեր և միջազգայնացում», «Հասարակական պատասխանատվություն») պատասխանատուների և համապատասխան հանձնաժողովների անդամների հետ:
Հանդիպման ընթացքում ռեկտորն անդրադարձավ Գորիսի պետական համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի փորձագիտական զեկույցում առկա թերությունների վերացման վերանայված ծրագրին, չափանիշների պատասխանատուների հետ քննարկեց փորձագետների կողմից վերհանված խնդիրները և առաջիկայում դրանց լուծման արդյունավետ ուղիները՝ ըստ փորձագիտական խմբի սահմանած ժամանակացույցի:
Չափանիշների պատասխանատուները ներկայացրեցին իրականացված աշխատանքների մասին ամփոփ տեղեկատվություն՝ նշելով, որ կրթության բնագավառում առաջավոր փորձի փոխանակման, միջազգային կապերի ամրապնդման, արտաքին և ներքին շահակիցների հետ համագործակցության արդյունքում կապահովվի բարձրագույն կրթության առաջանցիկ զարգացումը: Միաժամանակ ռեկտորն ընդգծեց. «Ունենալով տարածաշրջանում կարևոր դերակատարում՝ կրթագիտական, մշակութային ոլորտները զարգացնելու, արդի մարտահրավերներին դիմակայելու համար պետք է ներդնենք հնարավորինս ջանքեր՝ աշխատաշուկայում բարձագույն մասնագիտությամբ պայմանավորված պահանջարկը լրացնելու համար»:
Հնչեցին նաև գործնական առաջարկներ առաջիկայում բուհ – գործատու համագործակցությունն ամրապնդելու, կլոր սեղան – քննարկումներ, աշխատանքի տոնավաճառներ կազմակերպելու ուղղությամբ, որոնք կխթանեն հասարակության ակնկալիքների և բուհի հնարավորությունների վերհանմանը՝ այդ կերպ ընդլայնելու նաև հասարակությանը գիտելիքների փոխանցման մեխանիզմները:

Facebook Comments