ՏԻԳՐԱՆ ՎԱՆԴՈՒՆՑՆ ԸՆՏՐՎԵԼ Է ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ

Մայիսի 30-ին Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ խորհրդի նիստ՝ նվիրված ռեկտորի թափուր պաշտոնի ընտրությանը: Նիստին ներկա էին խորհրդի 20 անդամներից 20-ը:

Նիստի նախագահ Ա. Ղուկասյանը, նախքան օրակարգային հարցին անցնելը, ներկայացրեց ՀՀ վարչապետի որոշամբ խորհրդի կազմի որոշ անդամների հետ կապված փոփոխությունները, նոր անդամներին ծանոթացրեց նախորդ 3 նիստերում քննարկված հարցերին: Անցնելով հատուկ նիստի օրակարգային հարցին՝ Ա. Ղուկասյանը նշեց, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարված ռեկտորի թափուր պաշտոնի բաց մրցույթին դիմել են չորս թեկնածուներ, սակայն Լեռնիկ Պետրոսյանի կողմից ներկայացված դիմումի համաձայն` վերջինս չի մասնակցելու ընտրությանը: Մյուս թեկնածուները ներկայացրին Գորիսի պետական համալսարանի զարգացման և բարեփոխման իրենց հայեցակարգերը:

Խորհրդի անդամները մի շարք հարցեր ուղղեցին թեկնածուներին, որոնց հիմքում նախատեսվող բարեփոխումների իրականացման առավել առարկայական մոտեցումն էր, թողարկվող մասնագիտական կրթական ծրագրերի պահանջարկը մարզային կարիքների ապահովման համար, բուհը գիտահետազոտական միջավայր դարձնելու տեսլականը և այլն: Հարցերին հետևեցին խորհրդի անդամների ելույթները:

Ելույթով հանդես եկավ նաև ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Նա նշեց, որ բուհի կարևորագույն առաքելությունն է՝ այն դարձնել ուսանողների համար գրավիչ միջավայր, որտեղ կիրականանան նրանց ակնկալիքները:

Ելույթներից հետո ԳՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Թ. Մարությանը հանդես եկավ ինքնաբացարկի հայտարարությամբ, նշելով, որ Գորիսի պետական համալսարանը այն հաստատությունն է, որտեղ ներդրել է իր ողջ ներուժը՝ ի բարօրություն բուհի զարգացման, և ինքնաբացարկի որոշումը կայացրել է որոշակի հանգամանքներից ելնելով։ Նա շնորհակալություն հայտնեց գործընկերներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար և հավաստիացրեց, որ տևական, տքնաջան աշխատանքով ստեղծվել են բոլոր այն նախադրյալները, որոնք հնարավորություն կընձեռեն նորընտիր ռեկտորին՝ իրականացնելու իր տեսլականը։

Փակ (գաղտնի) քվեարկության արդյունքներով ռեկտորի երկու թեկնածուներից՝ Հրայր Պետրոսյան (կողմ՝ 1, դեմ՝ 18), Տիգրան Վանդունց (կողմ՝ 17, դեմ՝ 2), բոլորին դեմ՝ 1, «Գորիսի Պետական Համալսարան» ՊՈԱԿ -ի ռեկտոր ընտրվեց տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Վալերիկի Վանդունցը:

Facebook Comments