ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 30-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԳՊՀ-ՈՒՄ

Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ս.թ. դեկտեմբերի 6-ին Գորիսի պետական համալսարանի 2-րդ մասնաշենքում կազմակերպվեց «ՈՒժեղ երկրաշարժի դեպքում տարհանման կազմակերպումը» թեմայով ուսումնական վարժանք:
Սպիտակի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակի օրը` դեկտեմբերի 7-ին, ԳՊՀ-ի ճեմասրահում ցուցադրվեցին Հայաստանին սպառնացող բնական աղետների, տարբեր ժամանակներում Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի, դրանց պատճառների, աղետներից խուսափելու, պատսպարվելու և պաշտպանվելու ձևերի մասին ուսուցողական տեսանյութերը: Ցուցադրությանը ներկա էին ԳՊՀ ռեկտոր Արտուշ Ղուկասյանը, պրոֆեսորադասախոսական և վարչական կազմերի ներկայացուցիչները, ուսանողները:
ԳՊՀ ռեկտորը բացման խոսքում ականատեսի տպավորություններով ներկայացրեց 1988թ. Սպիտակի երկրաշարժի ավերածություններն ու հայ ժողովրդի մեծ ողբը: «Փրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ երբ եղանք Սպիտակում, տպավորություն էր, որ դժոխքում ենք. ամենուր փլատակներ, ավերածություններ, մարդկային զոհեր: Երբևէ մեր հիշողություններից չջնջվեցին այդ օրերի ահասարսուռ պատկերները»,- նշեց Ա.Ղուկասյանը: Նա նաև կոչ արեց իրազեկ լինել անվտանգության պահպանման ձևերին ու առավելագույնս զգուշավոր` արտակարգ իրավիճակներում:
ԳՊՀ ղեկավարությունն ու աշխատակազմը օրվա խորհուրդն ամփոփեցին` ծաղիկներ խոնարհելով Գորիսի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Facebook Comments