«ՍՅՈՒՆԻՔԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԾՐԱԳՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՇՎԵՏՈՒ ՆԻՍՏԸ

Գորիսի պետական համալսարանը հետազոտական խմբի ձևավորմամբ և մրցութային կարգով մասնակցել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվող ՀՀ կրթության և գիտության պետական կոմիտեի հայտարարած «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանում ու զարգացում» ծրագրին, որի շրջանակներում 2017թ.-ից համալսարանում գործում է «Սյունիքի հոգևոր և նյութական ժառանգությունը» գիտական ծրագիրը:
Օրերս համալսարանում ռեկտոր Ա.Ղուկասյանի մասնակցությամբ տեղի ունեցավ առաջին հաշվետու հանդիպումը ծրագրի ղեկավար Մ.Զիլֆուղարյանի ու գիտաշխատողների հետ, որի նպատակն էր ներկայացնել և քննարկել աշխատանքային պլանները, ամփոփել հետազոտական գործունեության առաջին եռամսյակի արդյունքները, ձեռքբերումները, գիտական թեմատիկ հետազոտությունների զարգացման հեռանկարները, առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները:
Հանդիպմանը գիտական հետազոտությունների կատարման ընթացքի մասին զեկույցներով հանդես եկան ծրագրի գիտաշխատողները:
ԳՊՀ Պատմության ամբիոնի դոցենտ, պատմաբան Ս.Հախվերդյանը խոսեց «Գորիսի ճարտարապետական հուշարձանները» մենագրության մասին, որը պատրաստ է տպագրության և կազմում է 250 էջ: «Գորիսի բազմադարյան պատմության ընթացքում բնակավայրում ստեղծվել են նյութական մշակույթի մեծարժեք հուշարձաններ, որոնք Զանգեզուրի անկրկնելի բնության հետ մեկտեղ գեղարվեստականորեն արժեքավորում են Գորիսը, զգացնել տալիս նրա անցած պատմական ուղին և պայմանավորում նրա ինքնատիպ պատմական դեմքը: Անզուգական բնությունը, արժեքավոր պատմաճարտարապետական հուշարձանների առկայությունը, որոնցից հատկապես արժեքավոր են բազմաթիվ բնական և արհեստական բնակելի քարայրները և բնակել տները, և քաղաքի ինքնատիպ ճարտարապետական դեմքը բավարար հիմք են հանդիսանում քաղաքում պատմամշակութային ֆունկցիայի զարգացմանը, որն իր հերթին կնպաստի նաև տեղական ու օտարերկրյա զբոսաշրջության զարգացմանը», նշեց Ս.Հախվերդյանը: Նա տեղեկություններ հաղորդեց նաև Տեղ գյուղի պատմության ու պատմական հուշարձանների ուսումնասիրության վերաբերյալ, որոնց արդյունքները կրապարակվեն առաձին հոդվածի տեսքով:
Ծրագրի գիտաշխատող, ԳՊՀ Իրավագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.թ. Մ.Թելունցի ծրագրային գիտական հետազոտություններն առնչվում են 18-րդ դարի Սյունիքի և Արցախի ազատագրական շարժման առաջնորդներից Մխիթար-Բեկի(Սպարապետ) մահվան ժամանակի հետ կապված վիճահարույց հարցերի լուսաբանմանը, ինչպես նաև սպարապետի կյանքին ու գործին առնչվող այլ խնդիրներին:
ԳՊՀ ՀՀՄՖ դեկանի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Թ.Մարությանի գիտական հետազոտությունները ծրագրի շրջանակում վերաբերում են Սյունյաց գրական ընտանիքի ինքնատիպ ու սեփական հետագիծն ունեցող անհատականություններից մեկի՝ բանաստեղծ, արձակագիր Ալբերտ Իսաջանյանի գեղարվեստական անտիպ ժառանգության, գրական արխիվի ուսումնասիրությանը: «Ժամանակը բերում է իր գրական հոգսերը, և այս ձեռնարկն էլ գրական հավաքական մտահոգություների արդյունք է՝ կապված Ալբերտ Իսաջանյանի անտիպ գեղարվեստական ստեղծագործությունները հրատարակելու օրախնդիր անհրաժեշտության հետ»,-նշեց Թ.Մարությանը: – Նորություն չէ, որ գրողն ապրում է իր ստեղծագործություններով և կենդանի է այնքան ժամանակ, քանի դեռ կարդում և հիշում են նրա գործերը: Ա.Իսաջանյանի բարձրակարգ գրական ժառանգությունը հայ հանրային, անգամ գրական գիտակցության մեջ դեռևս չի գրավում իր արժանի տեղը, որովհետև ասպարեզի վրա չկա երկերի ամբողջական հրատարակությունը: Բանաստեղծը կենդանության օրոք տպագրել է ընդամենը երեք գիրք՝ <<Ծաղկե կամուրջ>>(1965), <<Ծաղիկ իմ հեռավոր>>(1977) բանաստեղծական ժողովածուները և <<Ոչ, հայրիկ, ես մեծ բան եմ կորցրել>>(1971) վիպակը: Գրողի ժառանգության մի ստվար մասը մեզ հասել է ձեռագիր վիճակում կամ մեքենագրված հեղինակի ձեռքով: Ցավոք, Իսաջանյանը չհասցրեց հրատարակել <<Հասմիկի ճյուղը>> ուշագրավ վեպը, որն արդեն ներկայացրել էր տպագրության 1981 թվականին և ժամանակի գրաքննության կողմից գործի երեք մասերը միավորելու, վերամշակելու խստադատ պահանջագիր ստացել: Իսաջանյանի արխիվում խնամքով պահպանվում են <<Արա Գեղեցիկ և Մարիամ>>, <<Սուրճի իմ ծառ>> վիպակները, <<Հասմիկի ճյուղը>> և <<Կանձրևե տղաս>> ծավալուն վեպերը, որոնք հատկանշվում են գեղարվեստական բարձր արժեքով և պետք է անպայման դրվեն ընթերցողի սեղանին: Ցավոք, գրողի մահից երեք տասնամյակ անց, չնայած ձեռնարկված որոշ քայլերին, անտիպ ժառանգության հրատարակման խնդիրը դեռ լուծում չի ստացել»: Թ.Մարությանը հավելեց, որ աշխատանքներ են ընթանում «Հասմիկի ճյուղը» վեպի ձեռագիրը գիտական հրատարակության պատրաստելու ուղղությամբ: Նա առաջարկեց վերահրատարակել նաև Իսաջանյանի բանաստեղծական հունձքը մեկ գրքով՝ ընդգրկելով նաև անտիպները: Ծրագրի շրջանակում Թ.Մարությանը զբաղվում է նաև Ա.Բակունցի և Ս.Խանզադյանի ստեղծագործությունների առանձին հարցերի ուսումնասիրությամբ:
Ծրագրի ավագ գիտաշխատող, բ.գ.դ., պրոֆեսոր Գ.Ստեփանյանի հեղինակությամբ տպագրության ընթացքում է «Սիմեոն-Տեր Մինասյան. մանկավարժն ու հրապարախոսը» մենագրությունը (պատասխանատու խմբագիր՝ պ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա.Խառատյան, գրախոսներ՝ մ.գ.դ., պրոֆեսոր Հ.Պետրոսյան, բ.գ.թ., դոցենտ Թ.Մարության, պ.գ.թ., դոցենտ Հ.Հարությունյան), որում արխիվային փաստաթղթերի, ժամանակի մամուլից քաղած փաստական նյութերի ու ականատես-ժամանակակիցների հուշերի հենքի վրա ուրվագծվում է XX դարասկզբի բազմաշնորհ ու լուսամիտ գործիչներից մեկի` մանկավարժ, հրատարակիչ-խմբագիր, հրապարակախոս Սիմեոն Տեր-Մինասյանի կյանքն ու գործունեությունը:
Ծրագրի գիտաշխատող Մ.Առուստամյանի հետազոտության շրջանակում աշխատանքային միգրացիայի հիմնախնդիրների ուսումնասիրությունն է Սյունիքի մարզում:
Հանդիպման ընթացքում ներկաները կարծիքներ փոխանակեցին խնդրադիր հարցերի շուրջ, քննարկեցին դրանց լուծմանն ընթացք տալու առաջնային ու հնարավոր ուղիները, ժամկետները:
Ամփոփելով նիստը՝ ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը հաշվետու զեկույցները գնահատեց բավարար և արդյունարար աշխատանք մաղթեց գիտաշխատողներին:
Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել գիտական կոնֆերանս՝ «Սյունիքի հոգևոր և մշակութային ժառանգությունը» թեմայով՝ նվիրված Գորիսի պետական համալսարանի հիմնադրման 50-ամյակին:
Նոննա Միրզոյան

Facebook Comments