ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑԵՐԸ ԲՈՒՀ -ԴՊՐՈՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Նոյեմբերի 11-ին Գորիսի պետական համալսարանի ուսումնական լաբորատորիաները կրկին հյուրընկալել էին դպրոցականներին։ Այս անգամ համալսարան էին այցելել Տաթևի միջնակարգ դպրոցի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանի աշակերտները:
Աշակերտներին և նրանց ղեկավարներին ողջունեցին կենսաբանության և քիմիայի ամբիոնի վարիչ, ք.գ.դ., դոցենտ Լուիզա Վարդանյանը և մաթեմատիկայի և ֆիզիկատեխնիկական գիտությունների ամբիոնի դասախոս Ն. Ակունցը:
Աշակերտներն ակտիվորեն ներգրավվեցին աշխատանքներին՝ ձեռք բերելով լաբորատորիայում աշխատելու որոշ հմտություններ: Նրանք մեծ հետաքրքրասիրությամբ մասնակցեցին բնագիտական առարկաներից կատարվող հետաքրքրաշարժ փորձերին՝ բարձրացնելով տեսական ու պրակտիկ գիտելիքների կիրառման արդյունավետությունը: Դատելով երեխաների ոգևորությունից՝ կարելի է պնդել, որ ճանաչողական այցը շատ արդյունավետ էր: Նման միջոցառումները կօգնեն բարձրացնելու բնական գիտությունների նկատմամբ աշակերտների սերն ու հետաքրքրությունները: Հատկապես ինտեգրված դասերը համակարգում են աշակերտների գիտելիքները հարակից առարկաներից, ամբողջացնում աշխարհի բնագիտական պատկերը:
Աշակերտները շրջայց կատարեցին ԳՊՀ գրադարանում և ընթերցասրահում, որտեղ գրադարանի վարիչ Ն. Շալունցը ներկայացրեց համալսարանի գրադարանի հնարավորությունները, օգտվելու կանոնները և առկա գրադարանային ֆոնդը:
Ճանաչողական այցի շրջանակներում աշակերտները ԳՊՀ բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Թ. Մարությանի հետ այցելեցին Ակսել Բակունցի տուն-թանգարան, որտեղ կազմակերպվեց թանգարանային դաս, և ներկայացվեցին գրողի կյանքին ու գրական գործունեությանն առնչվող հետաքրքիր դրվագներ և հուշապատկերներ:
ԳՊՀ ուսումնական և ընդհանուր աշխատաքների գծով պրոռեկտոր Զ. Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Տաթևի միջնակարգ դպրոցի տնօրենին և ուսուցիչներին ճանաչողական այցի կազմակերպման համար և ընդգծեց, որ համալսարանում կազմակերպվող նման ճանաչողական այցերն ու ինտեգրված դասերը մեծապես նպաստում են ուսումնառության արդյունավետությանը, մասնագիտական կողմնորշմանը և ամրապնդում բուհ-դպրոց սերտ համագործակցությունը:

 

Facebook Comments