«ՀՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԸ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ

2021թ. դեկտեմբերի 7-8-ը Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «ՀՀ անվտանգության մարտահրավերները և Սյունիքի մարզը. պատմություն և արդի մարտահրավերներ» աշխատաժողովը՝ կազմակերպված ԵՊՀ պատմության և արևելագիտության ֆակուլտետների Ուսանողական գիտական ընկերությունների կողմից:
Աշխատաժողովին մասնակցելու համար ստացված շուրջ 100 հայտադիմումից մրցութային կարգով ընտրվել են 70-ից ավելի հայտատուներ։Սյունիքի մարզից ընտրված 20 մասնակիցներից Գորիսի պետական համալսարանը ներկայացրին 16 ուսանողներ:
Աշխատաժողովը մեկնարկեց՝ մեկ րոպե լռությամբ հարգելով Արցախյան բոլոր պատերազմների և Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը։
Բացման խոսքով հանդես եկան երկու ֆակուլտետների Ուսանողական գիտական ընկերությունների նախագահներ Տաթև Հակոբյանը և Տաթևիկ Դունամալյանը։ Աշխատաժողովի կազմակերպումը կարևորեց Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը՝ հակիրճ անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքներին, ՀՀ և ԱՀ առջև ծառացած խնդիրներին։
Նախաձեռնությունը ողջունեց հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ․ գ․ թ․ Միքայել Մալխասյանը՝ ընդգծելով, որ ՈւԳԸ-ն ավանդույթ է ձևավորել նշելու Պատմաբանի օրը ինչպես ԵՊՀ շրջանակում, այնպես էլ արդեն նրանից դուրս։ Նա իր խոսքում հատուկ շնորհակալություն հայտնեց Սյունիքից ժամանած մասնակիցներին՝ հետաքրքրություն ցուցաբերելու, մտահոգ լինելու եղած խնդիրներով և պատրաստակամ լինելու դրանք քննարկել, գաղափարներ առաջադրել տեղում:
Աշխատաժողովի օրակարգը հագեցած էր բանախոսություններով և խմբային աշխատանքներով, ավարտին մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր։ Դեկտեմբերի 8-ին մասնակիցներն այցելեցին Եռաբլուր պանթեոն և Երևանի պատմության թանգարան։





Facebook Comments