ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ «ՍՅՈՒՆԻՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՋԱԽ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ՝ ՆՎԻՐՎԱԾ ԳՊՀ-Ի ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 55-ԱՄՅԱԿԻՆ

Հոկտեմբերի 27-28-ը Գորիսի պետական համալսարանում կկազմակերպվի «Սյունիքը կրթության և մշակույթի օջախ» խորագրով հանրապետական երկրորդ գիտաժողովը՝ նվիրված Գորիսի պետական համալսարանի հիմնադրման 55-ամյակին:

Գիտաժողովը յուրատեսակ հարթակ կլինի՝ ոչ միայն հետադարձ հայացքով արժևորելու Սյունիքի պատմամշակութային բազմահարուստ ժառանգությունը, ամփոփելու գիտակրթական արժեքավոր ձեռքբերումները, այլև քննարկելու գիտության, կրթության և մշակույթի արդի հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները Սյունիքի մարզում:

Գիտաժողովին կմասնակցեն ՀՀ, ԱՀ և արտերկրի շուրջ 25 գիտակրթական կազմակերպությունների, այդ թվում՝ Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Շիրակի պետական համալսարանի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Վանաձորի պետական համալսարանի, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի, Հայաստանի ազգային գրադարանի, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության, Մ.Աբեղյանի անվան գրականության, Հ.Աճառյանի անվան լեզվի, պատմության, արվեստի ինստիտուտների, Շվեյցարիայի Ֆրիբուրգի համալսարանի, Հայաստանի ազգագրության թանգարանի, Սանկտ Պետերբուրգի Պ.Լեսգաֆտի անվան ազգային պետական համալսարանի, Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարանի, Գորիսի պետական համալսարանի և այլ գիտակրթական կառույցների շուրջ 70 գիտնականներ, մասնագետներ ու հետազոտողներ, որոնք իրենց գիտական ներուժը կներդնեն Սյունիքի հայագիտական ողջ լայնույթի հիմնահարցերի ուսումնասիրման, ինչպես նաև տարբեր գիտաճյուղերի նպատակադիր զարգացման գործում:

Օրակարգի համաձայն՝ Գորիսի պետական համալսարանի թիվ 1 մասնաշենքում (ք.Գորիս, Ավանգարդ 2) 2022 թ.-ի հոկ­տեմբերի 27-ին՝ առավոտյան ժամը 09:30-ից տեղի կունենա գիտաժողովի մաս­նակիցների գրանցումը, իսկ ժամը 10.30-ին համալսարանի նիստերի սրահում կկայանա գիտաժողովի բացման արարողությունն ու լիագումար նիստը:

Այնուհետև նիստերը կշարունակվեն գիտաժողովի հինգ մասնախմբերում` «Պատմություն, քաղաքագիտություն, իրավագիտություն», «Հնագիտություն, ազգագրություն, արվեստ», «Մանկավարժություն և հոգեբանություն», «Բանասիրական ուսումնասիրություններ», «Բնագիտական ուսումնասիրություններ»:

Գիտաժողովի շրջանակներում նախատեսված են նաև պատմաճանաչողական շրջայցեր:

Շնորհակալություն ենք հայտնում համագործակցության համար:

Սիրով սպասում ենք բոլորին:

Կից ներկայացնում ենք գիտաժողովի ծրագիրը:

ԾՐԱԳԻՐ – գիտաժողով – ԳՊՀ 55

Facebook Comments