«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ». ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ

Օրերս ԵՊՀ-ում տեղի ունեցավ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկայի և Շվեդիայի Ռաուլ Վալլենբերգի անվան ինստիտուտի կողմից կազմակերպված «Իրավաբանական կլինիկաների զարգացման հեռանկարները ՀՀ-ում» խորագրով աշխատաժողով, որին մասնակցեց Գորիսի պետական համալսարանի բանասիրություն և պատմաիրավագիտության ամբիոնի դասախոս, «Իրավագիտություն» և «Պատմություն» կրթական ծրագրերի ղեկավար Գայանե Շաբունցը:
Աշխատաժողովի նպատակն էր ստեղծել ՀՀ-ում գործող իրավաբանական կլինիկաների համագործակցության ազգային ցանց, ընդլայնել կլինիկաների միջև համագործակցությունը՝ ոլորտային խնդիրները քննարկելու, միմյանց գործունեությանը ծանոթանալու և փորձի փոխանակման համար:
Աշխատաժողովին առցանց և անցանց տարբերակներով թեմատիկ բանախոսություններով հանդես են եկել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկայի տնօրեն, դոցենտ, ի.գ.թ. Քնարիկ Վարդանյանը, Իլիայի պետական համալսարանի (Վրաստանի Հանրապետություն) իրավաբանական կլինիկայի տնօրեն Թամար Գյուրջիանին, «Պրո Բոնո» մարդու իրավունքների իրավաբանական կլինիկայի (Ուկրաինա) մենթոր Մարիա Տիպիաշչուկը: Նրանք անդրադարձել են ՀՀ-ում և Վրաստանում կլինիկական իրավական կրթության ներկա վիճակին, մարտահրավերներին ու հնարավորություններին, իրավաբանական կլինիկաների ազգային ցանցի գործունեության առանձնահատկություներին, առավելություններին և թեմային առնչվող կարևոր այլ հարցերի:
Աղբյուրը՝ https://www.ysu.am/news/31647
Facebook Comments