«ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ԲՆԱՇԽԱՐՀԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ- ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԳՊՀ-ՈՒՄ

Հովհաննես Թումանյանի թանգարանի և Գորիսի պետական համալսարանի համագործակցության շրջանակներում մայիսի 25-ին ԳՊՀ-ում բացվեց «Թումանյանական բնաշխարհը» խորագրով ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ԳՊՀ-ի դասախոսական և վարչական կազմի ներկայացուցիչները, ուսանողները, Գորիսի հանրակրթական դպրոցների, քոլեջների մանկավարժներն ու աշակերտները, գրողներ, արվեստագետներ, մտավորականներ:
Ներկաներին և օրվա կարևոր հյուրին՝ Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն, բ.գ.թ. Անի Եղիազարյանին ողջունեց բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի վարիչի ժ/պ Լիլիթ Թունյանը: Այնուհետև Անի Եղիազարյանը, շնորհակալություն հայտնելով ԳՊՀ ղեկավարությանը՝ հրավերի և ջերմ ընդունելության համար, ներկայացրեց Թումանյան տոհմից Հանրի Ներսիսյանի բացառիկ լուսանկարների հավաքածուն, որոնք պատկերում են Լոռվա չքնաղ բնությունն ու կենդանական աշխարհը, մարդկանց եւ նրանց կենցաղը՝ համեմված թումանյանական ստեղծագործությունների դիպուկ զուգահեռումներով։
Բովանդակալից բանախոսության ընթացքում Ա.Եղիազարյանը ներկայացրեց լուսանկարների ստեղծման պատմությունը, Թումանյանի եղբոր՝ Ռոստոմ Թումանյանի թոռ Հանրի Ներսիսյանի լուսանկարչական տաղանդի, ստեղծագործական խառնվածքի և կյանքի հետաքրքիր անկյունադարձերի մասին, որոնք համեմված են եղել Ամենայն Հայոց բանաստեղծի գրական աշխարհով, հարազատ բնաշխարհի հանդեպ ունեցած ջերմեռանդ սիրով ու նվիրումով: Գրականագետը գեղեցիկ բնութագրումներով ներկայացրեց, թե ինչպիսին կարող է լինել բնաշխարհի ազդեցությունը գրողի ստեղծագործական դիմագծի ձևավորման վրա։
Իրենց տպավորությունները արտահայտեցին ցուցահանդեսին մասնակցող հյուրերը՝ ՀԳՄ Սյունիքի գրողների միության նախագահ Լևոն Սահակյանը, Բակունցի տուն-թանգարանի վարիչ Վարդան Սարգսյանը և ուրիշներ: Թումանյանական ընթերցումներով հանդես եկան Գորիսի թիվ 6 և թիվ 2 հիմնական դպրոցների աշակերտները, Գորիսի պետական քոլեջի ուսանողները, ԳՊՀ-ի ուսանողները՝ ամբողջացնելով միջոցառման խորհուրդը:
Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ ԳՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար, բ.գ.թ, դոցենտ Թեհմինա Մարությանը՝ շնորհակալություն հայտնելով Անի Եղիազարյանին՝ ուշագրավ նախաձեռնության և Թումանյանի հոգեաշխարհի գույներն ու իմաստախոսությունները խտացնող բացառիկ հավաքածուն Գորիսի մտավորական ու արվեստասեր լայնույթին  հասանելի դարձնելու համար։ Մարությանը ԳՊՀ-ի կողմից շնորհակալագիր հանձնեց Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանին՝ ցուցահանդեսի կազմակերպման և համալսարանի ու թանգարանի միջև գիտամշակութային կապերն ամրապնդելու պատրաստակամության համար՝ հույս հայտնելով, որ այդ համագործակցությունը կհարստանա նորանոր ծրագրերի կյանքի կոչմամբ՝ նպաստելու համայնքի ստեղծագործական ու գիտամշակութային զարգացմանը։
«Թումանյանական բնաշխարհը» խորագրով ցուցահանդեսը ԳՊՀ-ում կգործի մինչև հունիսի 8-ը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Facebook Comments