«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԻՐԱՎԱԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑ ԳՊՀ-Ի ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հոկտեմբերի 5-ին Գորիսի պետական համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար անցկացվեց «Երիտասարդների իրավագիտակցության մակարդակի բարձրացման ուղիները» թեմայով առցանց դասընթաց, որը վարեց ԳՊՀ֊ի պատմաիրավագիտության ամբիոնի հրավիրված դասախոս, «Արցախ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, իրավագիտության թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանը։ Ողջունելով մասնակիցներին՝
նա նշեց, որ վերջին տարիներին դասավանդելով Գորիսի պետհամալսարանում, ծանոթանալով ուսանողների իրավագիտակցության ընդհանուր մակարդակին, իրավական ոլորտի գիտելիքներին, ամբիոնի և ուսանողական գիտական ընկերության հետ համատեղ ուսանողների շրջանում իրականացրած բանավոր հարցումների արդյունքում նպատակահարմար գտան կազմակերպելու դասընթացների շարք՝ նպաստելու ուսանողների իրավագիտակցության մակարդակի բարձրացմանն ու զարգացմանը:
Դասընթացի մեկնարկին Ա.Հարությունյանը իրականացրեց կարիքի արագ գնահատում՝ պարզելու մասնակիցների նախնական ակնկալիքները:
Այնուհետև ներկայացրեց իրավագիտակցություն եզրույթի ծագումնաբանությունը, դրա ընդհանուր գաղափարը, տեսակները, դրսևորման ձևերը, անդրադարձավ ՀՀ Սահմանադրությանը, անձի իրավունքներին, ազատություններին ու պարտականություններին՝ օրինակների միջոցով պարզաբանելով դրանց հարաբերակցությունը, մարդու իրավունքների և ազատությունների տարբերությունները և այլն:
Ուսանողների ակտիվ հարցադրումների արդյունքում դասընթացավարը տեղեկատվություն տրամադրեց նաև ԳՊՀ-ի ուսանողների իրավունքների, պարտականությունների, դրանց հետ առնչվող գործընթացները կարգավորող իրավական փաստաթղթերի մասին՝ նշելով այն արժանահավատ տեղեկատվական մեդիահարթակները, որոնցից նրանք կարող են ստանալ հավաստի տեղեկատվություն:
Դասընթացի ավարտին ծավալվեց հետաքրքիր քննարկում, որի ընթացքում ուսանողները ցանկություն հայտնեցին շարունակական դարձնել նման դասընթացները և առաջարկություններ ներկայացրին առաջնային թեմաների վերաբերյալ:
Հանդիպումն ամփոփեց և ԳՊՀ֊ի ղեկավարության անունից նման նախաձեռնության համար Ավետիք Հարությունյանին շնորհակալություն հայտնեց հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի ժ/պ Սվետլանա Մանուչարյանը՝ կարևորելով ուսանողների իրավագիտակցության մակարդակի ձևավորման ու հետևողական զարգացման հարցում այդպիսի դասընթացների կազմակերպումը։ Շնորհակալական խոսք ասացին նաև ամբիոնի վարիչի ժ/պ Լիլիթ Թունյանը, ուսանողները։
Նշենք, որ դասընթացին մասնակցեցին նաև Հյուսիսային համալսարանի ուսանողական համակազմի ներկայացուցիչները:





Facebook Comments