ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԳՊՀ-ՈՒՄ

Հուլիսի 18-ին Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ ԳՊՀ-ի 2019թ. շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որն այսուհետ կդառնա ավանդական: Տոնական ցերեկույթին մասնակցեցին ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը, պրոռեկտոր Թ.Մարությանը, ԳՊՀ երեք ֆակուլտետների դեկանները,  պրոֆեսորադասախոսական ու վարչական կազմի ներկայացուցիչները, բակալավրի ու մագիստրոսի կրթական ծրագրերով շրջանավարտները:
2018-2019 ուսումնական տարում ԳՊՀ-ն ունեցել է 354 շրջանավարտ: Բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման կրթաձևում`94 շրջանավարտ, հեռակա ուսուցման կրթաձևում` 166 շրջանավարտ:
Մագիստրոսի կրթական ծրագրով առկա կրթաձևում բուհն ավարտեցին 71 շրջանավարտ, հեռակա ուսուցման կրթաձևում`23 շրջանավարտ:
Գերազանցության դիպլոմներ ստացավ ԳՊՀ-ի 31 շրջանավարտ:
Հանդիսավոր արարողությունը  մեկնարկեց ԳՊՀ օրհներգով:
Դիպլոմների հանձնման անդրանիկ նախաձեռնությունը ողջունեց,   շրջանավարտներին շնորհավորեց ու դիպլոմները հանձնեց ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը: Նա նշեց, որ բուհի անխափան ընթացքի, շարունակականության ու բարեկեցիկ զարգացման առաջնային գրավականներից են մասնագիտական կայուն գիտելիքներով և Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացու հստակ դիրքորոշմամբ շրջանավարտները: «Մենք ունենք այնպիսի շրջանավարտներ, որոնք զինված են մասնագիտական անհրաժեշտ գիտելիքներով և, համոզված եմ, արդարացնելու են մեր բոլոր սպասելիքները»,- նշեց ռեկտորը` մաղթելով շրջանավարտներին նորանոր ձեռքբերումներ և սեփական մասնագիտությամբ աշխատելու բերկրանք:
Շրջանավարտներին ողջերթի և շնորհավորանքի խոսքեր հղեցին ԳՊՀ բնագիտական, Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների, Ճարտարագիտության և տնտեսագիտության ֆակուլտետների դեկաններ Լ.Աթաբեկյանը, Ս.Մանուչարյանը և Մ.Առուստամյանը:
Հուզառատ ու ջերմ մթնոլորոտում շրջանավարտները երախտիքի խոսքերով ամփոփեցին իրենց ուսանողական կյանքի կարևորագույն տոներից մեկը:

Facebook Comments