ԳՊՀ ՌԵԿՏՈՐ ԱՐՏՈՒՇ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ համալսարանականներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, որ մեծիմաստ խորհուրդ ունի և ուսումնական տարվա մեկնարկն է խորհրդանշում:
Սիրով դիմավորում ենք ուսանողական նոր կազմի, որի համար համալսարանը պետք է դառնա մասնագիտական կայուն գիտելիքներ ձեռք բերելու կարևորագույն կենտրոն: Բուհի առաքելությունն է` ձևավորել յուրաքանչյուր ուսանողի՝ որպես Հայաստանի Հանրապետության հպարտ ու արժանավոր քաղաքացի, զարգացած ու բանիմաց անձ, բարձրորակ մասնագետ ու պարզապես լավ մարդ:
Սա այն բուհն է, որտեղ տասնամյակների ընթացքում պահպանվել է սերունդների հաջորդականությունը, բազմապատկվել են ձեռք բերված նվաճումները:  Ունենալով հարուստ ավանդներ՝ համալսարանը մշտապես ձգտում է գերազանցության ու նորարակական ուսուցման: Լինելով բարձրագույն կրթության առաջատարը մարզում` համալսարանն իր ուսանողներին տրամադրում է որակյալ կրթական ծառայություններ, առաջարկում է նորարարական ուսանողամետ ուսուցում:
Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, շնորհակալ ենք, որ ձեր կրթության շարունակությունը գտաք հենց Գորիսի պետական համալսարանում: Շնորհակալություն ձեր ծնողներին, որ այդ պատասխանատու գործը հենց մեզ վստահեցին:
Մենք հպարտանում ենք ձեզնով, հավատում ենք ձեր ուժերին, դուք եք մեր երկրի վաղվա ուսուցիչը, տնտեսագետն ու իրավագետը, ճարտարագետն ու պատմաբանը, բնագետն ու արվեստագետը, դուք եք մեր տարածաշրջանի առաջին ազգապաշտպանն ու ազգապահպանը: Ձեզնով մեր հայրենիքի ապագան հուսալի ձեռքերում է:
Մենք պատասխանատվություն ենք զգում յուրաքանչյուր ուսանողի  հանդեպ, կարևորում ենք անձի համակողմանի զարգացումը, ապահովում ենք ուսանողների ինքնավարությունն ու մասնակցությունը համալսարանի կառավարմանը, ինչն էապես բարձրացնում  է ուսանողների ինքնագիտակցությունը, արժանապատվության ու քաղաքացիական պատասխանատվության զգացումը:
Սիրելի՛ ուսանողներ, համալսարանը ձգտելու է ապահովել բոլոր հիմնավոր ու հաստատուն նախադրյալները, որոնց շնորհիվ բարձրագույն որակյալ կրթություն ստանալու ձեր երազանքները կարող են իրատեսական ու իրականանալի դառնալ:
Բարի երթ Ձեզ:

Facebook Comments