ԳՊՀ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵՑ ԱԵԳՄՄ-Ի ՀԵՏ

Մայիսի 17-ին ընդլայնված ռեկտորատի նիստում Գորիսի պետական համալսարանը համագործակցության հուշագիր ստորագրեց Արցախում գործող ամենաակտիվ ու երիտասարդ գիտական կազմակերպության՝ Երիտասարդ գիտնականների ու մասնագետների միավորման/ԱԵԳՄՄ/ հետ, ինչը բխում է համալսարանի ռազմավարական զարգացման շահերից և նպատակ ունի ամրապնդելու Սյունիք-Արցախ գիտակրթական կապերը:
2015 թվականին իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանի նախաձեռնությամբ ստեղծված Միավորումը Արցախում ծավալում է բազմարդյունք գործունեություն՝ միավորելով Արցախի երիտասարդ գիտնականներին ու մասնագետներին, նպաստելով նրանց գիտական ու ստեղծագործական զարգացմանը, մասնագիտական աճին, միջազգային ինտեգրմանը, Հայաստանի ու Արցախի հասարակական, գիտակրթական կյանքին ակտիվ մասնակցությանը:
ԱԵԳՄՄ նախագահ Ա.Հարությունյանի հետ համագործակցային հանդիպումը մեկնարկեց համալսարանի օրհներգով, ապա ողջույնի խոսք ասաց ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը: Նա բարձր գնահատեց ԱԵԳՄՄ-ի գիտակազմակերպական գործունեությունը, իրականացրած ձեռնարկները, որոնք մեծ նպաստ են բերել գիտության զարգացմանն Արցախում, և կայուն նախադրյալներ ստեղծել ավելի ընդգրկուն ու կենսաշահ ծրագրեր իրականացնելու, համագործակցային կապերն ընդլայնելու նաև ՀՀ բուհերի ու այլ կազմակերպությունների հետ:
Ռեկտորը կարևորեց կարճընթաց, բայց հավատարժան ճանապարհ անցած ԱԵԳՄՄ-ի հետ ձևավորվող համագործակցությունը՝ շեշտելով, որ  Գորիսի պետական համալսարանի ռազմավարական զարգացման համար այն ունի առանցքային նշանակություն, քանի որ ստեղծման օրվանից բուհի առաքելություններից մեկը եղել և մնում է Արցախի հետ գիտակրթական կապերի ամրապնդումն ու պահպանումը, հարավային ակադեմիական միացյալ համայնքի ձևավորումը:
Նա համոզմունք հայտնեց, որ ԱԵԳՄՄ-ի հետ համագործակցության հուշագիրը ոչ թե հերթապահ փաստաթուղթ կլինի, այլ ԳՊՀ-ԱԵԳՄՄ արդեն իսկ կանխագծված կապերը զարգացնելու, համատեղ գիտական ու կրթական ձեռնարկներ իրականացնելու գործուն փաստաթուղթ, որի արդյունքներն արդեն տեսանելի են:
ԱԵԳՄՄ նախագահ Ավետիք  Հարությունյանը, ողջունելով ներկաներին, մեծ պատիվ համարեց հարուստ գիտական-կրթական ավանդներ ունեցող 52-ամյա բուհի հետ գործընկերային կապեր հաստատելը և շնորհակալություն հայտնեց առաջարկի համար: Նա նույնպես համոզմունք արտահայտեց, որ հուշագրի ստորագրումը կարդյունավորվի համատեղ ծրագրերի կենսագործմամբ, որոնք արդեն իսկ բարեշահ ընթացքի մեջ են: Համալսարանի երկու աշխատակից (բ.գ.թ, դոցենտ Թեհմինա Մարությանը և բ.գ.թ. Սվետլանա Մանուչարյանը) ԱԵԳՄՄ անդամ են և ակտիվորեն ներգրավված են Միավորման աշխատանքներում:
Ա.Հարությունյանը ներկաներին համառոտ ներկայացրեց ԱԵԳՄՄ գործունեության շրջանակները, ուղղությունները, իրականացրած գլխավոր ծրագրերը, դրանցից են՝ «Արցախի էլեկտրոնային գրադարան» կայքի ստեղծումը, որն անընդհատ թարմացվում է, և որի նպատակը Արցախի ու Հայաստանի վերաբերյալ ամբողջ գիտական ու գեղարվեստական գրականության  մեկտեղումն է, «Գիտական Արցախ» պարբերականի հիմնադրումը, որը ՀՀ ԲՈԿ-ի կողմից ընդունված առայժմ միակ պարբերականն է Արցախում, լույս է տեսնում տարին երկու անգամ՝ հարթակ տրամադրելով հայ և օտարերկրյա անվանի ու երիտասարդ գիտնականներին, «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» խորագրով ամենամյա միջազգային գիտաժողովի կազմակերպումը, որին մասնակցել են 250-ից ավելի գիտնականներ Արցախից, Հայաստանից ու արտերկրից, և որն այս տարի կանցկացվի արդեն 4-րդ անգամ Ստեփանակերտում՝ սեպտեմբերի 12-ից 15-ը:
Ավետիք Հարությունյանը խոսեց ԱԵԳՄՄ-ի գործընկերային հարաբերությունների, ձեռքբերումների, ինչպես նաև առաջիկա ծրագրերի ու անելիքների մասին, որոնց իր գիտակրթական ներուժով կներգրավվի նաև Գորիսի պետական համալսարանը:
Հուշագրի ստորագրումն ուղեկցվեց փոխադարձ հուշանվերների հանձնմամբ: Ռեկտոր Ա.Ղուկասյանը ԱԵԳՄՄ նախագահին տրամադրեց նաև նոր հրատարակված ԳՊՀ 2019-2023թթ. ռազմավարական զարգացման ծրագիրը, որի մի շարք խնդիրներ վերաբերում են հենց արդյունավետ համագործակցային ծրագրերի իրականացմանը:
Ա.Հարությունյանը ներկաներին իրազեկեց նաև, որ ԱԵԳՄՄ-ն հրապարակել է իր գործունեությունը համընդգրկուն ձևով լուսաբանող ծալաթերթիկ, որն առաջին անգամ ներկայացվում է Գորիսի պետական համալսարանում:
Նա ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ԳՊՀ ղեկավարությանը ջերմ ընդունելության և համագործակցային հրաշալի մեկնարկի համար:

ՆՈՆՆԱ ՄԻՐԶՈՅԱՆ

Facebook Comments