ԳՊՀ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵՑ «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱ՛Ն» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՏ

Այսօր Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը համագործակցության համաձայնագիր ստորագրեց  ՀՀ-ում և Արցախում իր գործունեությամբ հայտնի «Դասավանդի՛ր, Հայաստա՛ն» կրթական հիմնադրամի հետ` ի դեմս տարածաշրջանի ղեկավար Արմեն Հովհաննիսյանի: Համաձայնագրով համակարգվում է Հիմնադրամի ու Համալսարանի միջև համագործակցությունը երիտասարդ մասնագետների  պատրաստման, հավաքագրման, կրթությանն առնչվող միջոցառումների կազմակերպման և իրականացվող ծրագրերի առաջխաղացման ու տարածման ոլորտներում:
Ծրագրի տարածաշրջանի ղեկավար Արմեն Հովհաննիսյանն աշխատանքային թիմով հանդիպում ունեցավ ԳՊՀ ղեկավարության, աշխատակազմի և ուսանողության հետ, որի ընթացքում ներկայացվեցին «Դասավանդի՛ր, Հայաստա՛ն» հիմնադրամի ծրագրերը, դրանց մասնակցելու առավելությունները, նպատակները, նվազագույն պահանջներն ու դիմելու կարգը: Ծրագիրը բացառիկ հնարավորություն է ընձեռելու ԳՊՀ ուսանողներին` համագործակցելու հիմնադրամի հետ, աշխատելու լավագույն մասնագետների հետ` միևնույն ժամանակ նպաստելով Հայաստանում և Արցախում կրթության որակի բարձրացմանն ու գյուղական համայնքների զարգացմանը: Ընտրական փուլերը հաղթահարելով` ծրագրի մասնակիցները վերապատրաստվելու և շարունակելու են իրենց աշխատանքը դպրոցներում` ստանալով «Դասավանդի՛ր, Հայաստա՛ն»-ի ծրագրի մասնակցի կարգավիճակ: Հիմնադրամն իր պատրաստակամությունն է հայտնում համալսարանի ուսանողների համար ստեղծել հնարավորություն Հիմնադրամի կողմից իրականացվող Ծրագրի հավաքագրման աշխատանքներում բաց թողնելու հեռախոսային հարցազրույցի փուլը, հրավիրելու համալսարանի ներկայացուցիչներին ընթացիկ համաժողովներին ու ֆորումներին, առաջարկելու համալսարանին` պատրաստելու Հիմնադրամին անհրաժեշտ մագիստրոսներ` մանկավարժական որակավորմամբ և պարտավորվելու վճարել պատվիրված մագիստրոսների ուսման վարձերը,  վերապատրաստման դասընթացների կազմակերպման դեպքում ներգրավելու նաև Համալսարանի  դասախոսական կազմին և ուսանողներին: Ձևավորվող համագործակցության արդյունքում Գորիսի պետական համալսարանի մագիստրատուրայում արդեն սովորում են «Դասավանդի՛ր, Հայաստա՛ն»-ի «Կրթություն բոլորի համար» ծրագրում ներգրավված երկու մագիստրանտ` «Պատմություն» մասնագիտությամբ, ինչը կլինի շարունակական: Համագործակցության առավելություններից մեկը հենց գործընկեր կազմակերպություններում մասնագիտական զարգացման և կարիերայի առաջխաղացման հնարավորություններ ստեղծելն է:
Հիմնադրամը համագործակցության հարթակներ ունի Հայաստանի հինգ մարզում (Արմավիր, Տավուշ, Արագածոտն, Լոռի, Գեղարքունիք), Արցախում, իսկ Սյունիքի մարզում կրթական հիմնադրամի գործունեությունը սկսվում է Գորիսի պետական համալսարանից` համագործակցության հուշագրի ստորագրման փաստով, ինչը հանդիպման ընթացքում մեծապես ողջունեց ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը` շնորհակալություն հայտնելով ծրագրի ղեկավար կազմին և հայտնելով իր պատրաստակամությունը՝ լավագույնս իրագործելու համաձայնագրով նախատեսված դրույթները։

Facebook Comments