ԳՊՀ-Ի ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 55-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՎ ԿՏԱՎԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 27-ին Գորիսի պետական համալսարանում կազմակերպված «Սյունիքը կրթության և մշակույթի օջախ» խորագրով գիտաժողովի շրջանակներում բացվեց հոբելյանական ցուցահանդես, որում ներկայացված էին ինչպես սյունեցի գեղանկարիչներ Ժիրայր Մարտիրոսյանի, Միխայել Ղուկասյանի, Արամ Մաշուրյանի, Նվարդ Բալասանյանի և Անի Կրեչյանի գործերը, այնպես էլ ԳՊՀ-ի «Կերպարվեստ» մասնագիտության շրջանավարտների և ուսանողների լավագույն գեղանկարները։

Ցուցահանդեսը բացվեց ռեկտոր Տիգրան Վանդունցի ողջույնի և շնորհավորանքի խոսքով, այնուհետև ներկայացված գեղանկարիչների, նաև այդ ոլորտում նախաքայլեր անող ուսանողների, նրանց ստեղծագործական ձիրքի ու կտավների մասին գնահատողական խոսք ասաց Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Գորիսի մասնաճյուղի տնօրեն, գեղանկարիչ, ԳՊՀ-ի «Կերպարվեստ» կրթական ծրագրի ղեկավար Արամ Մաշուրյանը:

ԳՊՀ-ի հիմնադրման 55-ամյակը նշանավորվեց ևս մեկ խորհրդանշական իրադարձությամբ: Վերջերս կյանքից հեռացած ԳՊՀ դասախոս, երջանկահիշատակ ու մեծատաղանդ գեղանկարիչ, քանդակագործ Միխայել Ղուկասյանի զավակները՝ Անի, Օրի և Արմեն Ղուկասյանները, հոր՝ Գուսան Աշոտին պատկերող կոթողային կտավը նվիրաբերեցին համալսարանին՝ իրականացնելով գեղանկարչի ցանկությունը։

Հիշեցնենք, որ ս.թ. մայիսի 11-ին Միխայել Ղուկասյանը ԳՊՀ-ում հանդես էր եկել անհատական ցուցահանդեսով՝ «Իմ հնամյա, չքնաղ եզերք» խորագրով՝ նվիրված համալսարանի 55-ամյակին: Միջոցառման ժամանակ գեղանկարիչը ցանկություն էր հայտնել «Գուսան Աշոտ» կտավը նվիրաբերելու Սյունյաց մայր բուհին, ինչը նպատակահարմար էր դիտվել իրագործել համալսարանի հոբելյանական հանդիսավոր միջոցառման ժամանակ: Գորիսի պետական համալսարանը իր խորին երախտագիտությունն է հայտնում գեղանկարչի ընտանիքին՝ արժեքավոր նվիրաբերության համար, որ նաև կենդանի կպահի գեղանկարչի անունն ու գործը իր սաների ու հաջորդող սերունդների համար:

Facebook Comments