ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍ ԱՐԱՄ ՄԱՇՈՒՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է 26-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԼԵՆԵՐԱՅԻՆ ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻՆ

Ս/թ. սեպտեմբերի 15-30-ը Բելոռուսիայի Հանրապետության Մոգիլևի մարզում տեղի ունեցավ «Հայրենիքի թեման կերպարվեստում» (”Образ родины в изобразительном искусстве”) խորագրով 26-րդ միջազգային պլեներային սիմպոզիումը, որին մասնակցել է Գորիսի պետական համալսարանի «Կերպարվեստ» մասնագիտության կրթական ծրագրի ղեկավար, Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի Գորիսի մասնաճյուղի տնօրեն Արամ Մաշուրյանը:

Սիմպոզիումին մասնակցել են 7 երկրների ներկայացուցիչներ Ղրղզստանից, Հայաստանից, Ռուսաստանից, Բելոռուսիայից, Չինաստանից, Ղազախստանից և Ուզբեկստանից: Մասնակիցները պլեներային սիմպոզիումի ժամանակ ցուցադրեցին իրենց գեղարվեստական աշխատանքները, որոնք այս տարի նվիրված էին պատմական թեմային:

Բացման խոսքով հանդես եկավ Մոգիլևի մարզի գործկոմի փոխնախագահ Վալերի Մալաշկոն, այնուհետև մասնակիցներին հանդիսավոր հանձնեց մասնակցության վկայականներ և հիշարժան նվերներ:

Ներկաներին իր ողջույնի և հետագա սերտ համագործակցության համար ուղերձ է հղել Բելոռուսիայի նկարիչների միության նախագահ Գլեբ Օտչիկը: Սիմպոզիումի կազմակերպման համար իրենց երախտագիտությունն են հայտնել Ռուսաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրամովիչը, բելոռուս երիտասարդ նկարիչ Եվգենի Զայցեվը:

«Բոլորիս համար այս բարդ ու դժվարին ժամանակահատվածում ինձ հնարավորություն ընձեռվեց մասնակցել Բելոռուսիայում տեղի ունեցած 26-րդ միջազգային պլեներային սիմպոզիումին։ Շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին` մասնագիտական գիտելիքների խորացման, տարբեր երկրների մշակութային ավանդույթների հետ շփման և ստեղծագործող անհատի համար անչափ կարևոր նման կարգի ճանաչողական միջոցառմանը ներկա լինելու կապակցությամբ»,- կիսվել է տպավորություններով Ա. Մաշուրյանը:

Բազմազան ու հագեցած էքսկուրսիոն ծրագրի ընթացքում Բելոռուսիայի պատմությանն ու մշակույթին ծանոթանալու ներշնչանքը արտացոլվել է նկարիչների աշխատանքներում, որոնք ներկայացվել են սիմպոզիումի ամփոփիչ ցուցահանդեսի ժամանակ:

 

Facebook Comments