ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

2022թ ապրիլի 11-ին գումարվեց Գորիսի պետական համալսարանի գիտական խորհրդի հերթական նիստը, որը նախագահում էր ռեկտորի պարտականությունները կատարող Թ․ Մարությանը: Նա ներկայացրեց նիստի օրակարգը, որի հաստատումից հետո ուսումնական մասի վարիչ Վ․ Դանիելյանը օրակարգի առաջին հարցով ներկայացեց տեղեկատվություն մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա ուսուցման մասնագիտությունների՝ 2021-2022 ուստարվա ամփոփիչ ատեստավորման գործընթացի մասին։ Նա մանրամասն ներկայացրեց ատեստավորման գործընթացի արդյունքները, ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների կարծիքները, որոնք քննարկվել էին մասնագիտական ամբիոններում։ Մագիստորսի կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ այս ուսումնական տարում ԳՊՀ–ն թողարկեց 39 շրջանավատ՝ «Քիմիա», «Իրավագիտություն», «Հատուկ մանկավարժություն», «Սոցիալական մանկավարժություն», «Ձեռնարկությունների տնտեսագիտություն» մասնագիտությունների գծով:

Գերազանցության դիպլոմ կստանա 9 շրջանավարտ:  Տեղեկատվությունն ընդունվեց ի գիտություն։
Այնուհետև քննարվեցին կանոնադրական հարցեր, այն է՝ Գորիսի պետական համալսարան ՊՈԱԿ-ի ուսանողների հավաքագրման (մասնագիտական կողմնորոշման) քաղաքականության և ընթացակարգի նախագիծը և ԳՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտահետազոտական, ուսումնամեթոդական և կազմակերպական աշխատանքերի խրախուսման կարգի նոր խմբագրության նախագիծը:

ԳՊՀ իրավախորհրդատու, գիտական  խորհրդին առընթեր գործող կառուցվածքային և կանոնադրական հարցերի համակարգման հանձնաժողովի նախագահ Ա․ Հովհաննիսյանը մանրամասն ներկայացրեց քննարկվող հարցերի նախագծերը։ Նա նշեց, որ ուսանողների հավաքագրման քաղաքականության և ընթացակարգի նպատակն է ապահովել դիմորդների կայուն հոսքը համալսարան, գնահատել նրանց կարիքներն ու նախասիրությունները, ուսումնասիրել աշխատաշուկան։ Այս ամենն իրականացնելու համար պետք է կազմակերպել ճանաչողական այցեր, տարբեր միջոցառումներ՝ ամրապնդելով դպրոց-համալսարան կապը, ընդլայնել ու ակտիվացնել բուհի գովազդարշավը։ Հովհաննիսյանն առանձնացրեց նաև մասնագիտական կողմնորոշման ընթացակարգի որոշ կետեր՝ մասնագիտական կողմնորոշման խորհրդատվության տրամադրում, դպրոցների հետ համագործակցության կազմակերպում և իրականացում, դպրոցների տնօրենների հետ փոխգործունեության ապահովում և զարգացում և այլն։ Ներկայացվեց նաև սույն ընթացակարգին կցված հավելվածը՝ «Դիմորդների կարիքների գնահատման հարցաթերթը»։ Փաստաթղթի հետ կապված Թ. Մարությանը նշեց, որ այն խիստ օրախնդիր է, քանի որ համալսարանի ընդունելության համակարգի ռազմավարական նպատակը ընդունելության կայուն համակարգի ստեղծումը, ամրապնդումն ու կատարելագործումն է, դիմորդների կայուն հոսքի ապահովումը` ուսանողական համակազմի համալրման ընդլայնումով: Համալսարանի ուսանողների ընդունելության քաղաքականության նպատակն է սահմանել ընթացակարգեր ու կանոններ՝ դիմորդների ընդունելությունն աշխատաշուկային համապատասխան մասնագիտություններով ապահովելու համար, որոնք կապահովեն տարածաշրջանի կազմակերպությունների համալրումը բարձրակարգ մասնագետներով: «Հաշվի առնելով երկրում ժողովրդագրական բացասական միտումները, Սյունիքի մարզի սահմանամերձ կարգավիճակը և առկա մարտահրավերները` անհրաժեշտ է հստակ միջոցառումներ կիրառել բուհի ընդունելության համակարգի կատարելագործման և ուսանողական համակազմի անհրաժեշտ թվաքանակ ու բազմազանություն ապահովելու համար: Լրջագույն խնդիր է նաև ապահովել բնագիտական ուղղվածություն ունեցող առանձին խմբի մասնագիտություններով դիմորդների հավաքագրումը»,– նշեց պաշտոնակատարը:

Որոշվեց հաստատել Գորիսի պետական համալսարան ՊՈԱԿ-ի ուսանողների հավաքագրման (մասնագիտական կողմնորոշման) քաղաքականությունը և ընթացակարգը։

Ա․ Հովհաննիսյանը նշեց, որ անհրաժեշտություն է առաջացել որոշակի փոփոխությունների ենթարկել ԳՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտահետազոտական, ուսումնամեթոդական և կազմակերպական աշխատանքների խրախուսման կարգի առանձին կետերը, որոնք տարընթերցման տեղիք են տալիս։ Նա հավելեց, որ հանձնաժողովում մանրամասն քննարկվել է հատկապես կազմակերպական որոշ տեսակի աշխատանքերի համար ֆինանսական խրախուսման հաշվարկման կարգը, առանձնացվել են պայմանական միավորների չափը և այլն։ Քննարկումից և դիտարկումներից հետո որոշվեց հաստատել ԳՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտահետազոտական, ուսումնամեթոդական և կազմակերպական աշխատանքերի խրախուսման կարգը՝ նոր խմբագրությամբ:

Օրակարգի հաջորդ հարցը ԳՊՀ-ում կառուցվածքային փոփոխություն կատարելու և գիտական կենտրոնը ԳՊՀ-ի գիտության և շարունակական կրթության կենտրոն վերանվանելու մասին էր։ Թ․ Մարությանը նշեց, որ արագ փոփոխվող ու  անընդհատ զարգացող աշխարհում կարևոր է կրթության շարունակական բնույթը ապահովելու հնարավորությունը, մասնագիտական վերապատրաստումների առկայությունը, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ-ում բարձրագույն կրթության ոլորտում նախատեսվող արմատական բարեփոխումները և Գորիսի պետական համալսարանի մրցունակության ապահովման անհրաժեշտությունը՝ առաջարկում է ընդլայնել ԳՊՀ-ի գիտական կենտրոնի գործառույթները և վերանվանել ԳՊՀ-ի գիտության և շարունակական կրթության կենտրոն: Վերջինս այդ առումով կուտակել է բավական փորձ, որը պետք է զարգացնել: Կենտրոնը ԳՊՀ-ի, ինչպես նաև տարբեր գիտակրթական և այլ հաստատությունների աշխատակիցներին կառաջարկի ինչպես արագընթաց ու երկարաժամկետ, այնպես էլ կարճաժամկետ կամ փոքրածավալ կրթական լրացուցիչ ծրագրեր ու դասընթացներ, մասնագիտական վերապատրաստումներ, բուհական ընդունելության նախապատրաստական դասընթացներ և այլն։ Որոշման ընդունումից հետո կլրամշակվի կենտորնի կանոնակարգը և կհստակեցվեն գործառույթները: Գիտական խորհրդի անդամների կողմից առաջարկ եղավ կենտրոնի վերանվանման և գործառույթների վերաբաշխման մեջ դիտարկել լրացուցիչ կրթություն հասկացությունը՝ որպես մասնագիտական կրթության հենքի վրա հիմնական կրթական ծրագրերից դուրս մասնագիտական որակները կատարելագործող, մասնագիտական վերաորակավորումը ապահովող, անձի մասնագիտական որակավորումն անընդհատ լրացնող կրթություն: Քննարկումից հետո որոշում կայացվեց հարցը կրկնակի քննարկել համապատասխան հանձնաժողովում:

Օրակարգի հաջորդ հարցի շուրջ Թ․ Մարությանը նշեց, որ ուսանողական գիտական ընկերության նախագահ Հարութ Դավթյանի՝ Ազգային բանակ զորակոչվելու հանգամանքով պայմանավորված՝ պետք է գիտական խորհրդում նոր նախագահ նշանակել։ Առաջարկվեց ՈՒԳԸ փոխնախագահ, «Պատմություն» մասնագիտության 3–րդ կուրսի ուսանողուհի Հայկուհի Արզանյանի թեկնածությունը, ով նաև «Լավագույն ուսանող–2021» հանրապետական մրցույթի հաղթողներից է: Գիտական խորհուրդը միաձայն որոշեց ԳՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ նշանակել Հ․ Արզանյանին։ Վերջինս շնորհակալություն հայտնեց վստահության համար և խոստացավ արդարացնել հարազատ բուհի սպասումները:

Օրակարգի հինգերորդ հարցը վերաբերում էր Գորիսի պետական համալսարանի հիմնադրման 55-ամյակին նվիրված «Սյունիքը կրթության և մշակույթի օջախ» խորագրով միջազգային երկրորդ գիտաժողով կազմակերպելուն։ Թ․ Մարությանը նշեց, որ 2022թ. հոկտեմբերին լրանում է ԳՊՀ–ի հիմնադրման 55–ամյակը և պետք է պատշաճ նախապատրաստվել, ձևավորել հոբելյանական հանձնաժողով: Կարևոր ծրագրերից մեկը արդեն ավանդական դարձած՝ «Սյունիքը կրթության և մշակույթի օջախ» խորագրով գիտաժողովն է, որը նախատեսվում է կազմակերպել այս տարվա հոկտեմբերին: Նա նշեց, որ արդեն իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ, շուտով կտրվի գիտաժողովի պաշտոնական հայտարարությունը:

Քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր, որոնք կրում էին տեղեկատվական բնույթ։ Նիստը ավարտվեց հաճելի դրվագով. ԳՊՀ ռեկտորի պարտականությունները կատարող, բ․գ․թ․ դոցենտ, ԳԽ նախագահ Թ․ Մարությանը շնորհակալագրով պարգևատրեց կրթության որակի ապահովման և ուսանողների կարիերայի աջակցման բաժնի ղեկավար Գայանե Շաբունցին՝ ԳՊՀ 2021թ. ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացում ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի, ներդրած ջանքերի և արձանագրած փայլուն արդյունքների համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Facebook Comments