ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ. ՀԱՍՏԱՏՎԵՑԻՆ ԴԵԿԱՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Նոյեմբերի 30-ին Գորիսի պետական համալսարանում ռեկտոր Տ.Վանդունցի նախագահությամբ գումարվեց գիտական խորհրդի նիստ, որի օրակարգում հետևյալ հարցերն էին՝ ԳՊՀ ֆակուլտետների հաշվետվությունները 2021-2022 ուստարվա գործունեության վերաբերյալ, գիտական կենտրոնի հաշվետվությունը 2021-2022 ուստարվա գործունեության վերաբերյալ, դեկանների ընտրության արդյունքների հաստատում և ընթացիկ հարցեր:

ԳՊՀ-ի դեկանի պաշտոնակատարներ Լ.Աթաբեկյանը և Ս.Մանուչարյանը ներկայացրին հումանիտար մասնագիտությունների և բնագիտական ու ճարտարագիտական մասնագիտությունների ֆակուլտետների՝ 2021-2022 ուստարվա աշխատանքային գործունեության ամփոփ հաշվետվությունները, որոնք համապատասխան ընթացակարգով քննարկվել և գնահատվել էին ֆակուլտետների խորհուրդներում: Նախորդ ուսումնական տարում կատարած աշխատանքների վերաբերյալ գիտական խորհրդին հաշվետվություն ներկայացրեց նաև գիտական կենտրոնի ղեկավար Ա.Դինունցը: Հարցերից ու քննարկումներից հետո հաշվետությունները ընդունվեցին ի գիտություն:

Այնուհետև քննարկվեցին ս.թ. նոյեմբերի 24-ին ԳՊՀ ֆակուլտետներում դեկանի թափուր պաշտոնի տեղակալման համար անցկացված ընտրության արդյունքների հիման վրա ֆակուլտետների խորհուրդների ընդունած որոշումները:

Ռեկտոր  Վանդունցը նշեց, որ սահմանված ընթացակարգի համաձայն՝ ֆակուլտետների խորհուրդների ընդունած որոշումները դեկանների ընտրության վերաբերյալ հաստատվում են գիտական խորհրդում, ուստի առաջարկեց ձևավորել հաշվիչ հանձնաժողով և հարցը տեղափոխել փակ, գաղտնի քվեարկության:

Քվեարկության արդյունքներով՝ գիտական խորհուրդը ձայների մեծամասնությամբ հաստատեց  ԳՊՀ բնագիտական ու ինժեներատնտեսագիտական և ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետների խորհուրդների ընդունած որոշումները՝ դեկանի թեկնածուներ, ք.գ.թ., դոցենտ Սյուզաննա Հայրապետյանի և ք.գ.թ., դոցենտ Լիլիթ Աթաբեկյանի ընտրության վերաբերյալ:

Գիտական խորհուրդը քննարկեց մեկ ընթացիկ հարց, որը վերաբերում էր «Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտությամբ բակալավրի կրթական ծրագրի(առկա և հեռակա ուսուցմամբ) և նույն մասնագիտությամբ մագիստրոսի կրթական ծրագրի (հեռակա ուսուցմամբ) ուսումնական պլանների հաստատմանը: Ռեկտոր Վանդունցը նշեց, որ սահմանված կարգով համալսարանը կդիմի ՀՀ ԿԳՄՍՆ՝ նշված մասնագիտությամբ լիցենզիա ձեռք բերելու և այն ԳՊՀ-ում ներդնելու համար:

Facebook Comments