ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ. ԸՆԴՈՒՆՎԵՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 26-ին ռեկտոր Տ.Վանդունցի նախագահությամբ գումարվեց գիտական խորհրդի տարեվերջյան նիստը: Նախքան օրակարգին անցնելը ռեկտորը շնորհավորեց մեթեմատիկայի և ֆիզիկատեխնիկական գիտությունների ամբիոնի վարիչի ժ/պ, ֆիզմաթ. գ.թ. Անուշ Դավթյանին` դոցենտի գիտական կոչման արժանանալու առթիվ(հաստատված ՀՀ ԲՈԿ֊ի 21.10.2022 թ. որոշմամբ) և հանձնեց վկայականը։ Օրակարգային հարցերից առաջինը վերաբերում էր ԳՊՀ ստորաբաժանումների՝ ուսումնական մասի, արտաքին կապերի և համագործակցության, կրթության որակի ապահովման և ուսանողների կարիերայի աջակցման, հանրային կապերի և լրատվության, տնտեսական գործունեության կազմակերպման բաժինների՝ 2021-2022 ուստարվա գործունեության հաշվետվություններին, որոնք ներկայացվեցին բաժինների ղեկավարների կողմից և ընդունվեցին ի գիտություն: Երկրորդ հարցի շրջանակում քննարկման էր դրված ներքին իրավական ակտի երկու նախագիծ՝  ԳՊՀ ուսանողական նպաստների և պետական կրթաթոշակների տրամադրման կարգը և ԳՊՀ ուսանողների գիտելիքների գնահատման կանոնակարգը՝ նոր խմբագրությամբ, որոնք համապատասխան զեկույցներից և քննարկումներից հետո միաձայն հաստատվեցին գիտական խորհրդի կողմից: Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր ԳՊՀ մի քանի մասնագիտական կրթական ծրագրերի ուսումնական պլաններում փոփոխություններին, որոնք քննարկվել են մասնագիտական ամբիոններում և ներկայացվել գիտական խորհրդի հաստատմանը:

Գիտական խորհուրդը քննարկեց նաև ընթացիկ հարցեր: Հիմք ընդունելով ԳՊՀ գիտական խորհրդի կանոնակարգի 4-րդ կետի 12-րդ ենթակետը, Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի 23.12.2022թ. ընդունած հայտարարությունը՝ ուղղված ՀՀ և արտերկրի բուհերին՝ ԳՊՀ գիտական խորհուրդը ընդունեց որոշում՝ հանդես գալ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման փաստի առնչությամբ դատապարտող հայտարարությամբ՝ այդպիսով իր զորակցությունը հայտնելով Արցախի ժողովրդին: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

                                      ԳՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը հանիրավի արգելափակել է Լեռնային Ղարաբաղը (Արցախը) Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը` Լաչինի միջանցքը՝ կոպտորեն խախտելով քաղաքացիների ազատ տեղաշարժվելու, կրթություն, սնունդ և բժշկական օգնություն ստանալու հիմնարար իրավունքները: Այս գործողություններով Ադրբեջանը նպատակ ունի էթնիկ զտումներ իրականացնել պատմական հնամենի Արցախում, արցախահայությանը ենթարկել ֆիզիկական ու հոգեբանական ճնշումների, վերջնականապես հայաթափել Արցախը: Այդուհանդերձ, Արցախի բնակչության վճռականությունն անկոտրում է իր հայրենի հողում ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու առումով:

Գորիսի պետական համալսարանը, իր զորակցությունը հայտնելով Արցախի ժողովրդին, միանալով Արցախի պետական համալսարանի և Երևանի պետական համալսարանի օրապահանջ կոչերին, խստորեն դատապարտում է Ադրբեջանի հանցավոր գործողությունները, ինչի արդյունքում Արցախը կանգնել է հումանիտար ճգնաժամի առաջ:

ԳՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

26.12.2022թ.  

Facebook Comments