ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ՍՅՈՒՆԻՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՋԱԽ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Գորիսի պետական համալարանում տարեսկզբին մեկնարկած հոբելյանական միջոցառումները՝ նվիրված բուհի հիմնադրման 50-ամյակին, կամփոփվեն հոկտեմբերի 19-20-ը «Սյունիքը կրթության և մշակույթի օջախ» խորագրով հանրապետական գիտաժողովի անցկացմամբ, որի նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռևս մայիսից: Հայաստանի գիտակրթական ու հոգևոր-մշակութային վաղեմի օրրան Սյունիքում Գորիսի պետական համալսարանը Տաթևի նշանավոր վարդապետարանից հետո երկրորդ բարձրագույն ուսումնական հաստատությունն է և անցել է փառավոր ուղի: Համալասրանի 50-րդ տարեդարձը ոչ միայն համազգային ու կրթամշակութային հոբելյան է, այլև գիտակրթական ասպարեզում մեր ձեռքբերումների մի յուրօրինակ ամփոփում: Այդ համատեքստում  էլ արժևորվում է գիտաժողովի կազմակերպումը՝ որպես ամփոփիչ միջոցառում:
Գիտաժողովին կմասնակցեն ինչպես ԳՊՀ-ի, այնպես էլ Երևանի պետական համալսարանի, Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի, Վանաձորի պետական համալսարանի, Արցախի պետական համալսարանի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Կրթության ազգային ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի, ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի, ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, Սպահանի համալսարանի, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի, Հայաստանի ազգագրության թանգարանի, ԼՂՀ պետական արխիվի, ՀՀ Մշակույթի նախարարության բազմաթիվ գիտնականներ ու մշակույթի գործիչներ:
Գիտաժողովը նպատակ ունի ակադեմիական, գիտական առաջատար միտքը սևեռելու Սյունիքի պատմամշակութային հարուստ ժառանգության ուսումնասիրությանը, արժևորելու և ամփոփելու գիտակրթական ձեռքբերումները (անցյալից մինչև մեր օրերը), քննարկելու գիտության, կրթության, մշակույթի արդի հիմնախնդիրներնին ու զարգացման հեռանկարներին նվիրված հարցեր:
Գիտաժողովի երկօրյա աշխատանքը կծավալվի չորս մասնախմբերում՝ ա) Պատմություն, հնագիտություն, ազգագրություն, արվեստ, բ) Բանասիրական ուսումնասիրություններ, գ) Կրթական գործ. սկզբնավորումը, ձեռքբերումները և զարգացման արդի հիմնախնդիրները, դ) Բնագիտական ուսումնասիրություններ:
Ծրագրում ընդգրկված են մոտ 80 զեկուցումներ: Օրակարգի թեմատիկ բազմազանությունը վկայում է բովանդակային առումով խորքային ընդգրկում ունեցող նստաշրջանի գիտագործնական առաքելության մասին:
Ս.թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 9:00-9:50-ին, Գորիսի պետհամալսարանի նիստերի սրահում տեղի կունենա գիտաժողովի մասնակիցների գրանցումը, այնուհետև կմեկնարկի բացման արարողությունն ու լիագումար նիստը: Նախատեսված է երեք պլենար զեկուցում, իսկ մինչ այդ կրթօջախում առաջին անգամ կհնչի ԳՊՀ-ի նորաստեղծ օրհներգը (խոսք՝ Տիգրան Գրիգորյանի, երաժշտությունը՝ Արկադի Շեկունցի):
Գիտաժողովի աշխատանքները կուղեկցվեն մշակութային ծրագրերով և պատմաճանաչողական այցերով:
Գիտաժողովի ծրագրին ծանոթացեք այստեղ. ԳՊՀ-50. ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԾՐԱԳԻՐ

Թ.ՄԱՐՈՒԹՅԱՆ
Գիտաժողովի պատասխանատու քարտուղար

Facebook Comments