ԱՄՓՈՓՎԵՑ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ ԳՊՀ – ՈՒՄ

Ս.թ. հունիսի 14 – ից հուլիսի 4 – ը Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ ՀՀ ԿԳՄՍՆ երաշխավորությամբ (ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի մայիսի 19-ի N 954-Ա/2 հրաման) հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնություն ունեցող անձանց վերապատրաստման ամենամյա դարձած դասընթացը:
Դասընթացն իրականացվեց ուսումնառության առկա և հեռավար ձևաչափերով՝ ընդգրկելով նաև էլեկտրոնային ուսուցման կառավարման հարթակը:
Նշենք, որ վերապատրաստման դասընթացն իրականացվել է ԳՊՀ-ի կողմից մշակված և ՀՀ ԿԳՄՍՆ – ի կողմից հաստատված ուuումնական ծրագրի ու թեմատիկ պլանի հիման վրա մոդուլային-կրեդիտային համակարգով՝ 110 ժամ ընդհանուր ծանրաբեռնվածությամբ՝ ներառելով վերապատրաստման բովանդակության իրավական, կառավարչական, մանկավարժահոգեբանական գիտելիքների, ինչպես նաև ուսուցման մեթոդաբանության և գործնական կարողությունների ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղված բաղադրիչներ:
Հուլիսի 21-ին ԳՊՀ – ի նիստերի սրահում տեղի ունեցավ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննություններին նախապատրաստելու նպատակով կազմակերպված պետական վերապատրաստման դասընթացի արդյունքների ամփոփիչ միջոցառումը:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը: Նա կարևորեց ԳՊՀ – ի կողմից դպրոցի տնօրենների մասնագիտական վերապատրաստման շարունակաբար կազմակերպումը, որը մեծ հնարավորություն է հավակնորդների կողմից բարձր արդյունքներ արձանագրելու և հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ձեռք բերելու համար:
Ռեկտորը շնորհակալություն հայտնեց ունկնդիրներին Գորիսի պետական համալսարանում վերապատրաստվելու համար, վերապատրաստող թիմին՝ ջանասիրաբար իրենց գիտելիքները փոխանցելու համար, և շեշտեց, որ դասընթացի կազմակերպական աշխատանքներում համալսարանը ներդրել է իր ողջ մասնագիտական, ռեսուրսային գործիքակազմը և նյութատեխնիկական բազան՝  ավելի արդյունավետ ու բարձր արդյունք ապահովելու համար: ԳՊՀ ռեկտորը բարձր գնահատեց գործընթացը համակարգող, ԳՊՀ-ի գիտական կենտրոնի ղեկավար Արփինե Դինունցի աշխատանքը:
Ա. Դինունցը նույնպես հանդես եկավ ողջույնի խոսքով և նշեց, որ պարբերաբար ծավալուն աշխատանքներ են տարվել վերապատրաստման դասընթացի բովանդակության, ձևաչափի բարելավման ուղղությամբ՝ ունկնդիրների մոտ ձևավորելով յուրաքանչյուր մոդուլի համար նախատեսված կոմպետենցիաները: «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ունկնդիրներին, ովքեր իրենց կարիերայի աճի համար այս կարևոր փուլը վստահել են Գորիսի պետական համալսարանին, բուհի ղեկավարությանը՝ աջակցելու  դասընթացն ավելի օգտակար և արդյունավետ դարձնելուն, և վերապատրաստող դասընթացավարներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել իրենց փորձով, գիտելիքներով ու հմտություններով կիսվելու մեր ունկնդիրների հետ՝ ուղղված հավաստագրման գործընթացի լավագույնս հաղթահարմանը», – շեշտեց Դինունցը:
Ելույթներ ունեցան նաև դասընթացի մասնակիցները: Նրանք երախտագիտություն հայտնեցին ԳՊՀ ղեկավարությանը՝ ի դեմս ռեկտոր Տ. Վանդունցի, գործընթացը համակարգող Ա. Դինունցին և վերապատրաստող մասնագետներին՝ ներդրված անմնացորդ ջանքերի, աշխատանքային ակտիվ ու գործնական մթնոլորտի, ձեռքբերված կայուն կոմպետենցիաների համար՝ կարևորելով, որ հենց Գորիսի պետական համալսարանում են մասնակցել նմանօրինակ դասընթացի:
Հանդիպման ավարտին ռեկտոր Տ. Վանդունցը  դասընթացի ընդհանուր ծրագրային ծավալի ուսուցման գործընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին հանձնեց վկայագրեր, իսկ վերապատրաստող մասնագետներին՝ հավաստագրեր:

Facebook Comments