ԱԵԳՄՄ-ն ընդլայնում է համագործակցության շրջանակները

Ապրիլի 13-ին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի նիստերի դահլիճում կայացած ԱԵԳՄՄ-ի հերթական նիստին մասնակցում էր Գորիսի պետական համալսարանի պատվիրակությունը:
Ողջունելով գործընկերներին Արցախում՝ ԱԵԳՄՄ հիմնադիր նախագահ, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանը, ի դեմս համալսարանի գիտքարտուղար, բ.գ.թ., դոցենտ Թեհմինա Մարությանի ու հումանիստար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկան, բ.գ.թ. Սվետլանա Մանուչարյանի, շնորհակալություն է հայտնել Գորիսի պետական համալսարանի ղեկավարությանը համագործակցության համար:
«ԱԵԳՄՄ-ին անդամակցելու հայտ են ներկայացնում ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի և արտերկրի երիտասարդ գիտնականներ ու մասնագետներ: ԳՊՀ-ականների հայտն առանձնահատուկ է այն առումով, որ առաջին անգամ անդամակցության հայտ է ներկայացվում ոչ միայն անհատական, այլև բուհական համագործակցության մակարդակով»,- ասել է Ա.Հարությունյանը՝ հավելելով, որ Կազմակերպությունն իր գործունեությամբ հաջողել է ձևավորել բրենդ, որի շուրջը համախմբվելու ցանկությունն օրեցօր աճում է:
ԳՊՀ գիտքարտուղար Թ.Մարությանն իր հերթին շնորհակալություն է հայտնել համագործակցության առաջին քայլերի կապակցությամբ՝ նշելով, որ համալսարանն իր գիտական ներուժով պատրաստակամ է աջակցելու և աջակցություն ստանալու ԱԵԳՄՄ-ից: Այս համատեքստում նա հանդես է եկել առաջարկությունների փաթեթով, որը կարող է թափ հաղորդել երկու կառույցների աշխատանքին, Արցախի և Սյունիքի գիտակրթական կապերի խորացմանը:
«Նախատեսում ենք կազմակերպել Արցախ-Սյունիք միջգիտական առնչություններին վերաբերող համատեղ կլոր սեղաններ, գիտական ընթերցումներ և գիտաժողովներ,- ասել է Թ.Մարությանը,- առանձնացնելով նախապատրաստվող գիտաժողովի խորագիրը՝ «Արցախ-Սյունիքի գրչօջախները»:
Հաշվի առնելով ԱԵԳՄՄ-ի ներուժն ու գիտական կապերը՝  հյուրերն առաջարկեցին ոլորտային տարբեր  խնդիրների շուրջ անցկացնել վերապատարաստման դասընթացներ, որի աշխատանքներին կներգրավվի նաև Գորիսի պետական համալսարանը: Համալսարանում ներդրված որակավորման բարձրացման ծրագիրը ենթադրում է պրոֆեսորադասախոսական կազմի հմտությունների կատարելագործում, որին տարբեր ոլորտների մասնագետներով կարող է օգտակար լինել նաև ԱԵԳՄՄ-ն:
ԱԵԳՄՄ-ականները ողջունել են Կազմակերպության շարքերը համալրած երիտասարդ գիտնականներին, ովքեր իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել սեփական գիտելիքներն ու կարողությունները ծառայեցնել հանուն ընդհանուր նպատակի:
Նշենք, որ ԱԵԳՄՄ-ԳՊՀ համագործակցության հուշագրի նախագիծը նախապատարաստական փուլում է:

Անուշ Դոլուխանյան

                                                                                                                                                             

 artsakhlib.am


Facebook Comments