ՔՈԼԵՋԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑԸ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Այսօր բուհ-քոլեջ համագործակցության շրջանակներում Գորիսի պետական համալսարանը հյուրընկալեց Գորիսի Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողներին:

Հանդիպման ընթացքում ԳՊՀ շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի վարիչ Արփինե Դինունցը անդրադարձավ Գորիսի պետական համալսարանի պատմությանը, զարգացման փուլերին ու ձեռքբերումներին: Ուսանողներին ծանոթացրեց ԳՊՀ-ում գործող և աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտական կրթական ծրագրերին, դրանց առանձնահատկություններին, հիմնական ուղղություններին, ԳՊՀ-ի գրանցած գիտահետազոտական հաջողություններին, շարունակական կրթության համատեքստում իրականացվող ոչ ֆորմալ դասընթացներին, վերպատրաստումներին, այն հնարավորություններին, որոնք համալսարանն առաջարկում է մասնագիտական պրակտիկաների, միջազգային կրթական համագործակցությունների (Erasmus+), կրթաթոշակների և զեղչերի միջոցով: Քննարկեցին քոլեջից բուհ տեղափոխության համար անհրաժեշտ փաստաթղթերի, մասնագիտությունների համապատասխանության վերաբերյալ հարցեր։

Ուսանողները հնարավորություն ունեցան շրջելու բուհում և ծանոթանալու կրթական միջավայրին, մասնագիտական լսարան-կաբինետներին, ուսումնական լաբորատորիաներին, ինչպես նաև ԳՊՀ-ի ենթակառույցներին, որոնք նպաստում են ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը։

Քանի որ ուսանողները հետաքրքրված էին «Տնտեսագիտություն» և «Կառավարում (ըստ ոլորտի)»  մասնագիտական կրթական ծրագրերով, Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչի ժ/պ Սյուզաննա Պետրոսյանը ուսանողներին ներկայացրեց կրթական ծրագրերի առանձնահատկությունները: Նա ծանոթացրեց Երկրատեղեկատվական տեխնոլոգիաների (GIS) լաբորատորիային, որը համապատասխանում է ԳՊՀ-ում ներդրված «Զբոսաշրջության կառավարում» մագիստրոսական ծրագրի ուսումնագիտական պահանջներին և հագեցած է երկրատեղեկատվական համակարգերի ու տեխնոլոգիաների անհրաժեշտ սարքավորումներով։

Այցի ավարտին քոլեջի ուսանողները հանդիպեցին ԳՊՀ-ի ղեկավարության և ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացրին աշխատաշուկայում տարբեր մասնագիտությունների պահանջարկը և բուհում կրթությունը շարունակելու կարևորությունը։ Քննարկվեցին նաև բարձր առաջադիմությամբ շրջանավարտների համար նախատեսված արտոնությունները՝ համապատասխան մասնագիտությամբ ուսումը շարունակելու համար։

Քոլեջի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին Գորիսի պետական համալսարանին ջերմ ընդունելության համար և հույս հայտնեցին, որ քոլեջ-բուհ համագործակցությունը կլինի շարունակական:

Facebook Comments