ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԲՈՒՀ-ԴՊՐՈՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Ապրիլի 14-ին Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում՝ «Բուհ-դպրոց համագործակցության հեռանկարները Սյունիքի մարզում» թեմայով, որին մասնակցում էին հանրակրթական դպրոցների տնօրենները, այլ շահակիցներ, այդ թվում՝ Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Մ.Շահգելդյանը, Գորիսի թիվ 3 դպրոցի տնօրեն Դ.Կոստանդյանը, Քարահունջի միջնակարգ դպրոցի տնօրեն Ա.Մկրտչյանը, Տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Գ. Ջհանգիրյանը, Շինուհայրի միջնակարգ դպրոցի տնօրեն Ժ. Բարսեղյանը, Հարժիսի միջնակարգ դպրոցի տնօրեն Ն. Եսայանը, Խոտի միջնակարգ դպրոցի տնօրեն Ա. Մինասյանը, Հալիձորի միջնակարգ դպրոցի տնօրեն Լ. Մկրտչյանը, Տաթևի միջնակարգ դպրոցի տնօրեն Ն. Մովսիսյանը, Գորիսի պետական քոլեջի փոխտօրեն Դ. Ջուլհակյանը և ուրիշներ:
Գորիսի պետական համալսարանի ընդունելության համակարգի ռազմավարական նպատակն է` ընդունելության կայուն համակարգի ստեղծումը, ամրապնդումը և կատարելագործումը, դիմորդների կայուն հոսքի ապահովումը` ուսանողական համակազմի համալրման ընդլայնումով: Նպատակի արդյունավետ իրականացման համար Գորիսի պետական համալսարանը ծրագրել է բազմազանեցնել և ընդլայնել Սյունիքի մարզի հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների հետ համագործակցության շրջանակները՝ դպրոցներում մասնագիտական կողմնորոշման խորհրդատվությունների կազմակերպմամբ, Գորիսի պետական համալսարանի մասնագիտությունների վերաբերյալ տեղեկատվության ապահովմամբ, տնօրենների հետ փոխգործակցության ապահովմամբ ու շարունակական զարգացմամբ, դեպի բուհ ճանաչողական այցերի կազմակերպմամբ և այլն: Հանդիպումը կազմակերպվել էր հենց այդ ռազմավարության շրջանակներում:
Ներկաներին ողջունեց և քննարկման հրավերը ընդունելու համար շնորհակալություն հայտնեց ԳՊՀ-ի ռեկտորի պարտականությունները կատարող Թեհմինա Մարությանը:
Խոսելով հանդիպման նպատակի մասին՝ նա նշեց, որ հաշվի առնելով մարտահրավերները՝ կարիք կար մտքերի փոխանակման, առկա խնդիրների քննարկման հարթակ ձևավորել, փորձել կանխագծել առաջնային անելիքները, հասկանալ այն ռիսկերը, որոնք այսօր կարող են խոչընդոտել բուհի՝ ռազմավարական կարևոր նպատակի իրականացմանը՝ դիմորդների կայուն հոսքի ապահովմամբ ուսանողական համակազմի համալրմանը, ինչը, իհարկե, ընդհանուր խնդիր է գրեթե բոլոր բուհերի, առավել ևս մարզային բուհերի համար, բայց և այնպես յուրաքանչյուր բուհ ինքը պետք է հետամուտ լինի այդ խնդրի լուծմանը՝ դիմորդների հավաքագրման մեխանիզմները անընդհատ կատարելագործելու, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան՝ կրթական ծառայությունները բարելավելու ճանապարհով:
«Հաշվի առնելով երկրում ժողովրդագրական բացասական միտումները, Սյունիքի մարզի սահմանամերձ կարգավիճակը և առկա մարտահրավերները` անհրաժեշտ է հստակ միջոցառումներ կիրառել բուհի ընդունելության համակարգի կատարելագործման և ուսանողական համակազմի անհրաժեշտ թվաքանակ ու բազմազանություն ապահովելու համար: Լրջագույն խնդիր է նաև ապահովել բնագիտական ուղղվածություն ունեցող առանձին խմբի մասնագիտություններով դիմորդների հավաքագրումը: Իսկ այս դաշտում առկա բացը ուղղակիորեն կարող է ազդել դպրոցների վրա՝ համապատասխան մասնագետների պակասի առումով»,- նշեց Մարությանը և հավելեց, որ ելնելով այդ առաջնահերթ խնդիրներին լուծում տալու առաջնահերթությունից՝ ծրագրել են բազմազանեցնել և ընդլայնել դիմորդների հավաքագրման մեխանիզմները՝ ուսանողական կազմը համալրելու նպատակով, որը ենթադրում է միջոցառումների համալիր ծրագիր, մեծ ջանքեր, կայուն փոխգործակցության ապահովում դպրոցների հետ:
Առկա խնդիրների լուծման համար համալսարանը գիտական խորհրդում հաստատել և շրջանառության մեջ է դրել ուսանողների հավաքագրման/մասնագիտական կողմնորոշման քաղաքականությունը և ընթացակարգը, ձևավորվել է մասնագիտական կողմնորոշման հանձնաժողով, որ և նախաձեռնել է այս հանդիպումը: Մարությանը ներկայացրեց նաև քննարկման օրակարգը, որից հետո ԳՊՀ ուսումնական մասի վարիչ Վ.Դանիելյանը շահակիցներին տեղեկատվություն տրամադրեց Գորիսի պետական համալսարանի հավատարմագրված մասնագիտությունների, գործող մասնագիտությունների մասին՝ ըստ կրթաձևերի, ուսման վարձավճարների, խոսեց ԳՊՀ-ի գործունեության առանցքային ուղղությունների, որակավորումների, ֆակուլտետների, ամբիոնների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ԳՊՀ-ում սովորելու առավելությունների, ինչպես նաև 2022 թվականի ընդունելության՝ արդեն իսկ մեկնարկած գործընթացի վերաբերյալ:
Հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների աշակերտների հետ տարվող աշխատանքների ընդլայնման, դեպի բուհ մուտքը դյուրացնող ծրագրված միջոցառումների մասին խոսեցին ամբիոնների վարիչներ Լ.Վարդանյանը, Հ.Պետրոսյանը և Կ.Մովսիսյանը:
Նրանք դպրոցների պատասխանատուներին մասնավորապես առաջարկեցին թեմատիկ որոշ դասեր ու գործնական պարապմունքներ համաձայնեցված ժամանակացույցով ու ընթացակարգով կազմակերպել ԳՊՀ-ի մասնագիտական լաբորատորիաներում, ինչը հնարավորություն կտա էլ ավելի ամրապնդելու դպրոցի և ԳՊՀ-ի միջև համագործակցային կապերը, խթանելու աշակերտների հետաքրքրությունները, լրացնելու այդ դաշտում առկա բացը: Հ.Պետրոսյանը նշեց, որ վերջերս ԳՊՀ-ում ձևավորվել է աշխարհագրության կաբինետ-լսարան՝ հագեցած ժամանակակից անհրաժեշտ սարքավորումներով, ինչի պակասը գրեթե բոլոր դպրոցները ունեն և առաջարկը կարող է մեծապես հետաքրքրել աշխարհագրության ուսուցիչներին:
ԳՊՀ կրթության որակի ապահովման և ուսանողների կարիերայի աջակցման բաժնի ղեկավար Գայանե Շաբունցը ներկայացրեց ծրագրված այն միջոցառումները, որոնք միտված են դիմորդների նախասիրությունների և մասնագիտական կողմնորոշման հետ կապված կարիքների բացահայտմանը: Այդ նպատակով բաժինը դիմորդների կարիքների գնահատման համար էլեկտրոնային հարցում է իրականացնում Սյունիքի մարզի բոլոր դպրոցներում՝ բարձր դասարանների աշակերտների շրջանում, ինչը հնարավորություն կտա տվյալներ հավաքագրելու և կոնկրետ բարելավումներ անելու ընդունելության գործընթացներում: Նա առաջարկեց դպրոցներին՝ հետևողական լինելու հարցման իրականացմանը, ինչը համագործակցային փոխարդյունավետ հարթակ է՝ հասկանալու աշակերտների մասնագիտական նախասիրությունները, բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունները, հստակեցնելու առկա խնդիրները և լուծման ուղիները:
ԳՊՀ գիտական կենտրոնի ղեկավարի տեղակալ Արփինե Դինունցը ներկայացրեց աշակերտների մասնագիտական հակումները բացահայտող ինտերակտիվ գործիքների կիրառման մասին, ինչը նույնպես կարող է նպաստել կարիքների գնահատման արդյունավետությանը: Նա խոսեց նաև ԳՊՀ-ի կողմից վերջին տարիներին հանրակրթական դպրոցների համար իրականացվող վերապատրաստումների մասին, որոնք կլինեն շարունակական՝ ներառելով նոր ուղղություններ:
Օրակարգային հարցերը ուղեկցվում էին մասնակցային ակտիվ քննարկումներով, հարցուպատասխանով, առաջարկներով: Քննարկվեցին նաև մանկավարժական պրակտիկայի կազմակերպմանը վերաբերող հարցեր: Հյուրերը շրջեցին նաև համալսարանի մասնագիտական լսարաններում, ծանոթացան ռեսուրսներին:
Հանդիպման ավարտին դպրոցների տնօրենները շնորհակալություն հայտնեցին բուհի ղեկավարությանը, մասնագիտական կողմնորոշման հանձնաժողովին՝ օրապահանջ հանդիպման, մատուցված կարևոր տեղեկատվության և առաջարկների համար, որոնք անպայման կարդյունավորվեն համատեղ ջանքերով: Բուհ-դպրոց համագործակցային կապերի շարունակական զարգացման ու ամրապնդման նպատակը մեկն է՝ նպաստել կրթության որակի բարձրացմանը և նախ և առաջ Սյունիքի մարզի աշխատաշուկայի համար մրցունակ կադրերի պատրաստմանը:
]