ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ

Մարտի 13-ին Գորիսի պետական համալսարանի և Գորիսի քաղաքային պատկերասրահի համագործակցությամբ կայացավ ցուցահանդես՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին։ Ցուցահանդեսին ներկայացված էին Գորիսի պետական համալսարանի «Կերպարվեստ» մասնագիտության շրջանավարտների ավարտական աշխատանքները, որոնք առանձնանում էին իրենց թեմատիկ բազմազանությամբ, ինքնատիպությամբ, գունային լուծումներով ու նրբությամբ և արտացոլում էին գեղեցկության ու ստեղծագործական մտածողության յուրահատուկ համադրությունը։

Միջոցառմանը ներկա էին դասախոսներ, աշխատակիցներ, ուսուցիչներ, արվեստասերներ, ուսանողներ և քաղաքի մշակութային կյանքի ակտիվ ներկայացուցիչներ։ Ցուցահանդեսին հրավիրված էին նաև Գորիսի ավագ դպրոցների աշակերտները, որոնց համար այս միջոցառումը մասնագիտական կողմնորոշման հիանալի հնարավորություն էր՝ ծանոթանալու «Կերպարվեստ» մասնագիտության հնարավորություններին, ուսանողների ստեղծագործական ձեռքբերումներին:

Բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Գորիսի քաղաքային պատկերասրահի տնօրեն Ժիրայր Մարտիրոսյանը, ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը, Հ.Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի Գորիսի ստորաբաժանման տնօրեն, ԳՊՀ դասախոս Արամ Մաշուրյանը, բանաստեղծ-արձակագիր Լևոն Սահակյանը, բ․գ․թ․, դոցենտ, ԳՊՀ դասախոս Մհեր Քումունցը, «Կերպարվեստ» մասնագիտության շրջանավարտ Սոնա Մգրդունցը:

Ողջունելով ներկաներին՝ պատկերասրահի տնօրեն Ժիրայր Մարտիրոսյանը նշեց, որ ավարտական աշխատանքների ցուցադրությունը դարձել է գեղեցիկ ավանդույթ, և այս տարի ներկայացված 23 կտավներն ակնհայտորեն վկայում են ուսանողների մասնագիտական աճի, ստեղծագործական մտածողության զարգացման, գեղարվեստական հմտությունների կատարելագործման մասին։

ԳՊՀ ռեկտոր  Տիգրան Վանդունցը ողջունեց ու շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ այսչափ կարևոր իրադարձությանը ներկա գտնվելու համար: Նա շեշտեց, որ Գորիսի պետական համալսարանում «Կերպարվեստ» մասնագիտությունը ներդրվել է  2017 թվականին, և ուրախալի է այն փաստը, որ տարեցտարի ավելանում է մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունը։ Նա շնորհակալություն հայտնեց դասախոսներին, ովքեր մեծ ներդրում են ունեցել մասնագիտության կայացման գործում և բոլոր նրանց, ովքեր կանգնած են եղել մասնագիտության ստեղծման ակունքներում և այսօր էլ շարունակում են  օգտակար լինել դասավանդման գործընթացին: Կարևորելով որակյալ կրթություն ապահովելու,  դասավանդման գործընթացում բարձրակարգ մասնագետներ ներգրավելու միտումը՝ նա վստահեցրեց, որ համալսարանը գործադրում է իր բոլոր ջանքերը՝ ուղղված մասնագիտության զարգացմանը:

Խոսելով ԳՊՀ-ի հետ համագործակցության մասին՝ Հ.Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի Գորիսի ստորաբաժանման տնօրեն, ԳՊՀ դասախոս Արամ Մաշուրյանը նշեց, որ այսօր ԳՊՀ-ի 4 շրջանավարտ աշխատում է Իգիթյանի կենտրոնում, ինչը լավագույն մոտիվացիան է ներկա և ապագա ուսանողների համար։ Արվեստի ճանապարհով ընթացողներին նա խորհուրդ տվեց միշտ համարձակել և հայացքը չկտրել համաշխարհային գեղանկարչության զարգացման ուղիներից:

Բանաստեղծ-արձակագիր Լևոն Սահակյանը կարևորեց Գորիսի պետական համալսարանում «Կերպարվեստ» մասնագիտության ներդրման և զարգացման նշանակությունը՝ նշելով, որ համալսարանը ոչ միայն պատրաստում է գեղանկարիչներ, այլև նկարիչ-մանկավարժներ, որոնք իրենց գիտելիքներն ու հմտությունները փոխանցելու են ապագա սերունդներին:

Խոսելով «Կերպարվեստ»  մասնագիտության եզակիության մասին՝ բ․գ․թ․, դոցենտ, ԳՊՀ դասախոս Մհեր Քումունցը նշեց, որ այս մասնագիտությունը առանձնանում է իր անսահման հնարավորություններով, և ոչ մի ժամանակաշրջան չի կարող սահմանափակել  արվեստի դերը հասարակության մեջ:

«Կերպարվեստ»  մասնագիտության շրջանավարտ Սոնա Մգրդունցը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, դասախոսներին՝ աշխատանքները ցուցադրելու, կրթություն տալու, մշտապես ուսանողին կողքին լինելու և գնահատելու համար:

Ցուցահանդեսի ավարտին ներկաները, երաժշտության հնչյունների ներքո, հնարավորություն ունեցան դիտելու ներկայացված աշխատանքները՝ վայելելով արվեստի ու գեղեցկության ներդաշնակ միասնությունը։

Ցուցահանդեսն իր կարևոր տեղն ունեցավ քաղաքի մշակութային կյանքում՝ դառնալով երիտասարդ արվեստագետների ստեղծագործությունները ներկայացնելու և գնահատելու հարթակ։

Ցուցահանդեսը պատկերասրահում բաց կլինի մինչև ապրիլի 7-ը:

Facebook Comments