ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ
Ս. թ. ապրիլի 12-ին Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ` նվիրված հայ մեծանուն լեզվաբան Ալեքսանդր Սիմոնի Մարգարյանի ծննդյան 100-ամյակին:
Միջոցառմանը ներկա էին ԳՊՀ-ի վարչական կազմը, ուսանողները, դասախոսները, Ալեքսանդր Մարգարյանի որդին՝ Շիրազ Մարգարյանը, թոռը՝ Մհեր Մարգարյանը, հարազատներ, ուսուցիչներ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԳՊՀ բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Լուսինե Ներսիսյանը։
Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը։
Լուսինե Ներսիսյանը ողջունեց և շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ նշելով, որ մեծ պատիվ, պարտավորություն և հպարտություն է Գորիսի պետական համալսարանի կամարների տակ ընդունել այսքան մեծահարգ հյուրերի՝ խնկարկելու հիշատակը և նշելու 100-ամյա հոբելյանը ականավոր գիտնականի, որը անուրանալի երախտիք ունի հայագիտության, հայ լեզվաբանության զարգացման, Գորիսի կրթօջախում բանասիրությունը հիմնարկելու գործում: «Այսօր հավաքվել ենք՝ երախտագիտության մեր խաչբուռը ընծայաբերելու մաշտոցյան զորքի մարտիկին, անխոնջ ու անդադրում մշակին, որը մինչև այսօր շարունակում է հայոց լեզվի անհատնում գանձերի ուսուցումը՝ իր թողած լեզվաբանական մեծարժեք գրականությամբ»,-հավելեց Լ.Ներսիսյանը:
ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը ողջունեց և շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ հրավերն ընդունելու և մեր տարածաշրջանի համար կարևոր դեր ու նշանակություն ունեցող 57-ամյա կրթօջախում՝ Գորիսի պետական համալսարանում գտնվելու համար։ «Գորիսի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողները հպարտ են, որ մեծանուն գիտնական Ա․ Մարգարյանը կյանքի վերջին տարիներին անմիջական ներկայությամբ իր նպաստն է բերել մայրաքաղաքից հեռու՝ հայրենի եզերքում գիտության ու կրթության զարգացմանը և մինչ այժմ շարունակում է իր երախտիքն ունենալ այդ գործում՝ իր թողած մասնագիտական գրականությամբ, բուհական դասագրքերով, որոնք նաև անձամբ է բերել և՛ գրադարանի, և՛ ուսանողների համար»,- իր խոսքում նշեց Տ. Վանդունցը։
Լ. Ներսիսյանը համառոտ անդրադարձ կատարեց մեծ լեզվաբանի կենսագրությանը, թողած լեզվաբանական ժառանգությանը:
Զեկուցումներով հանդես եկան պրոֆեսոր Մաթիաս Ֆրիտցը (Comparative and Indo-European Linguistics Institute of Greek and Latin Philology, Free University of Berlin, Germany)` «Ալեքսանդր Մարգարյանը և հայերենի ձևաբանությունը» թեմայով և բ․գ․թ․, դոցենտ, ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտաշխատող, ԳՊՀ դասախոս Մհեր Քումունցը` «Ալեքսանդր Մարգարյանը համեմատաբան» թեմայով։
Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրա Սաֆարյանը, խոսելով Ալ.Մարգարյանին ԳՊՀ հրավիրելու և «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությունը ներդնելու մասին, նշեց. «Հեշտ չէր Մարգարյանին ԳՊՀ հրավիրելը, բայց խնդիր էր դրված կանխել երիտասարդության արտահոսքը և տարածաշրջանը զինել որակյալ մասնագետներով… Նա եկավ, տեսավ և հաղթեց: Հայրենասիրական մեծ գործ արեց, որի արդյունքում ստեղծվեց ամբիոնը, ֆակուլտետը, որում մինչև հիմա ստեղծագործում են նրա սաները»:
ԳՊՀ պրոռեկտոր, ֆիզմաթ․ գիտությունների դոկտոր, դոցենտ Զարեհ Գրիգորյանը, ում հիշողություններում վառ է մնացել Ա. Մարգարյանի առինքնող կերպարը, կիսվեց հիշողություններով, մտերմիկ զրույցներով, խոսեց նոր մասնագիտությունների ներդրման հաջողված փորձի մասին. «Եթե նա չգար, միգուցե «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությունը փորձ չանեինք ներդնելու»:
Մարգարյանը ամուր թելերով կապված էր իր բնաշխարհին: Այդ բնաշխարհի կանչն ու արմատների փնտրտուքն էր, որ 4-րդ կուրսի բանասերներին տարել էր ապուպապոտ եզերքի ուղեծրով՝ մանկության հետքերով: Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան վայելելու ուսանողների նկարահանած վավերական ֆիլմը՝ նվիրված Ա․ Մարգարյանի ծննդավայրին՝ Քարաշենին։ Հայրական տան պատկերներն ամբողջացրին հարազատների հիշողությունները Ա․ Մարգարյանի մասին։
Դասախոսին լավագույնս գնահատում է ուսանողը: Ալեքսանդր Մարգարյանի ուսանողուհի, ԳՊՀ դասախոս, բ.գ.թ. Թամարա Անդրեասյանը կիսվեց իր հիշողություներով և հավաստիացրեց. «Ես հավերժ կմնամ նրա աշակերտը և կփորձեմ իմ խոնարհ ներդրումն ունենալ այն մեծ ճանապարհին, որ Մարգարյանը ժամանակին բացել է մեզ համար»:
Շիրակացու ճեմարանի ուսուցչուհի Վարսենիկ Գրիգորյանը, լինելով Ալ. Մարգարյանի սանը, ջերմեռանդությամբ է հիշում մեծ լեզվաբանի տված դասերը.«Անսահման երկյուղածությամբ, զգուշավորությամբ էր խոսում մեր լեզվի մասին: Շատ հետաքրքիր և յուրովի էր մեկնաբանում բառերի կազմությունը»: Ապա կարևորելով գիտնականի դերը լեզվաբանության մեջ՝ ավելացնում է. «Նա մեր լեզվաբանության ծանր հրետանիներից էր: Նրանց տրամաչափի մարդկանց գնալուց գոյության փոփոխություն է տեղի ունենում, նրանք մի գոյությունից անցնում են մի այլ գոյության: Նրա հեռանալուց մեր լեզուն չի աղքատացել, բայց աղքատացել է այն գնահատելու, ներկայացնելու, լեզուն յուրովի մեզ բացահայտելու ձևը»:
Կապանի Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոցի փոխտնօրեն Գոհար Պետրոսյանը ներկայացրեց իր սրտի խոսքն ու հիշողությունները. «Դուք՝ հավերժ մեր խոնարհ ծառան, ես՝ Գոհար Պետրոսյանս, հավերժ ձեր սան»:
Լրագրող Էլմիրա Բալասանյանը, լինելով Մարգարյանի հարևանուհին, կիսվեց հուշերով, մտերմիկ զրույցներով և հավելեց. «Մեզ համար մեծ պատիվ էր լինել նրա հարևանը և լսել նրա զրույցները, հաղորդակից լինել նրա մտորումներին»:
Խոսելով երևելի պապի թողած ավանդի, հայոց լեզվի կարևորության և Գորիսին ամուր թելերով կապված լինելու մասին՝ թոռը՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, արտակարգ և լիազոր դեսպան Մհեր Մարգարյանը նշում է. «Հայոց լեզուն այն հիմնական սյունն է, որի վրա խարսխվում է մեր ժողովրդի, մեր ազգի ինքնությունը: Մենք հպարտանում ենք մեր պապով, որը իր լեզվագիտական ժառանգությունը հասանելի է դարձրել նաև միջազգայնորեն… Պապս Գորիսը շատ էր սիրում և այդ սերը փոխանցել է մեզ բոլորիս»:
Որդին՝ քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ-ի ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոնի վարիչ Շիրազ Մարգարյանը, շնորհակալություն հայտնեց ԳՊՀ-ին՝ հարազատ բուհում Ալ. Մարգարյանին մեծարելու, հայրենիքում 100-ամյակը նշելու համար:
Հոգնաշնորհ գիտնականի, տոհմիկ հայի քնարական կերպարը ամբողջացնելու համար անդրադարձ եղավ նաև նրա «Սրտի փշուրներին»՝ բանաստեղծություններին, որոնցով նոր լույսի տակ ներկայացավ մեծ լեզվաբանը:
Ամփոփելով միջոցառումը՝ Լ.Ներսիսյանը նշեց. «Բաժանվենք մի գիտակցումով, որ չասվածն ավելին է, քան ասվածը»:
Հուշ-ցերեկույթը նախաձեռնել էր Բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնը՝ վարիչ Լ. Ներսիսյանի գլխավորությամբ: