ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Հոկտեմբերի 25-ին Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ գիտական խորհրդի նիստ, որը նախագահում էր ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը: Օրակարգային հարցերը վերաբերում էին գիտական խորհրդի կազմի վերահաստատմանը, գիտխորհրդին առընթեր գործող մշտական հանձնաժողովների կազմերի վերահաստատմանը, ԳՊՀ Խորհրդի կազմում պրոֆեսորադասախոսական կազմից առաջադրված անդամների ընտրությանը, մի քանի իրավական փաստաթղթերի քննարկմանն ու ընդունմանը, ընթացիկ այլ հարցերի:
Գիտական խորհրդի կազմի փոփոխությունները հիմնականում պայմանավորված էին ի պաշտոնե անդամների փոխատեղումներով, նախորդ ուսումնական տարվա ավարտին տեղի ունեցած ամբիոնիների վարիչների ընտրության արդյունքներով մի քանի ամբիոնների վարիչների նշանակմամբ, կառուցվածքային փոփոխություններով, որոնք վերաբերում են Պատմության և իրավագիտության ամբիոնի վերակազմակերպմանը և վարիչի նոր պաշտոնակատարի նշանակմանը, Արտաքին կապերի և համագործակցության բաժնի` որպես կառուցվածքային նոր ստորաբաժանումի ստեղծմանը, որի ղեկավարը նույնպես ի պաշտոնե ընդգրկվեց ԳԽ կազմում: Ս.թ. հոկտեմբերի 11-ին լրացել էր նաև համալսարանի Ուսանողական խորհրդի լիազորությունների ժամկետը (ըստ գործող ՈՒԽ կանոնադրության` ՈՒԽ լիազորությունների ժամկետը 2 տարի է), հետևաբար վերաձևավորվել էր նաև ԳՊՀ ուսանողական խորհուրդը, որի նորընտիր նախագահը նույնպես ի պաշտոնե համալրեց Գիտական խորհրդի կազմը` համապատասխան ՈՒԽ ներկայացուցչական կազմով: Այդ փոփոխություններից բխում էին նաև գիտական խորհրդին առընթեր գործող մշտական երեք հանձնաժողովներից երկուսի կազմերի փոփոխությունները, որոնք նիստում հաստատվեցին միաձայն:
Օրակարգի գլխավոր հարցերից մեկը ԳՊՀ Խորհրդի կազմը վերանայելու` ՀՀ ԿԳ նախարարի հանձնարարականի քննարկումն էր, այդ կազմում առաջացած թափուր տեղերի համար սահմանված կարգի համաձայն բուհի պրոֆեսորադասախոսական կազմից առաջադրված անդամների ընտրությունը: Ղեկավարվելով ՀՀ կառավարության 23.06.2005թ. N975-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգի թիվ 4 և Գորիսի պետական համալսարանի կանոնադրության թիվ 17 կետերի դրույթներով՝ ԳՊՀ կառուցվածքային ստորաբաժանումները առաջադրել էին Խորհրդի անդամության 6 թեկնածու: Գիտական խորհուրդը որոշեց` 1. Առաջարկություն ներկայացնել ԿԳ նախարարություն` ՀՀ վարչապետի 2017թ. փետրվարի 3-ի N 87-Ա որոշմամբ հաստատված ԳՊՀ Խորհրդի կազմում պահպանել համալսարանի ՊԴ կազմը ներկայացնող հետևալ երեք անդամների կարգավիճակը, որոնց թվում Կենսաբանության և քիմիայի ամբիոնի պրոֆեսոր, ք.գ.դ. Ռ.Վարդանյան, Կրթության որակի ապահովման բաժնի ղեկավար, ք.գ.թ., դոցենտ Ս.Հայրապետյան և Խորհրդի քարտուղար, այժմ նաև համալսարանի գիտական քարտուղար Թ.Մարության, և առկա տեղերի համար պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնել ԳՊՀ կառուցվածքային միավորների կողմից առաջադրված ներքոնշյալ անձանց թեկնածությունները.
- Ս.Մանուչարյան – Գորիսի պետական համալսարանի հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի ժ/պ, բ.գ.թ.
- Հ.Պետրոսյան – ԳՊՀ Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, մ.գ.թ., դոցենտ
- Ն.Սաֆարյան – ԳՊՀ Արտաքին կապերի և համագործակցության բաժնի ղեկավար
- Լ.Օհանյան – ԳՊՀ Օտար լեզուների ամբիոնի վարիչ, մ.գ.թ.
- Մ.Առուստամյան – ԳՊՀ Ճարտարագիտության և տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի ժ/պ, տնտեսագիտության դոցենտ
- Մ.Զիլֆուղարյան – Պատմության և իրավագիտության ամբիոնի վարիչի ժ/պ, ի.գ.թ.
Գիտական խորհրդում կանոնադրական և կառուցվածքային փոփոխությունների համակարգման հանձնաժողովի կողմից քննարկման էին երաշխավորվել մի քանի իրավական փաստաթղթեր: Ուսումնական վարչության պետ Վ.Դանիելյանը գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց ԳՊՀ հեռակա ուսուցման կարգի նախագիծը, ԳՊՀ Ուսումնական խորհրդատունրի գործունեության կարգում, ինչպես նաև ՀՀՄ ֆակուլտետի կանոնադրության և Գիտական խորհրդի կանոնակարգում փոփոխություններ անելու առաջարկները, ինչպես նաև համապատասխան հանձնաժողովի դիտարկումներն ու դիտողությունները և, առաջարկեց հաշվի առնելով դրանք, հաստատել փաստաթղթերը և դնել շրջանառության մեջ: Գիտական խորհուրդը միաձայն որոշեց հաստատել ԳՊՀ հեռակա ուսուցման կարգի նախագիծը և վերահաստատել մյուս կանոնակարգերի անհրաժեշտ փոփոխություններն ու լրացումները:
Գիտական խորհրդում քննարկման դրված օրակարգի վերջին հարցը «Դեղագործական քիմիա» մասնագիտության ուսումնական պլանի հաստատումն էր:
Ռեկտոր Ա.Ղուկասյանը բավականին հանգամանալից անդրադարձավ ընթացիկ մի քանի հարցերի, որոնց թվում` 2018թ. հեռակա ուսուցման ընդունելության արդյունքներին, Ուսումնական վարչությունը, որպես կառուցվածքային միավոր, Ուսումնական մաս վերանվանելու առաջարկին, ՀՀ Հանրային խորհրդի ձևավորման գործընթացին և դրանում ներգրավվելու հնարավորություններին, ինչպես նաև թիվ ՍԴ3/0326/02/18 քաղաքացիական գործով ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2018թ. հոկտեմբերի 22-ի վճռին, որը վերաբերում է Համլետ Հովսեփյանի համապատասխան հայցապահանջին:
Այս տարի համալսարանի հեռակա ուսուցման բաժին է ընդունվել 124 դիմորդ: Ըստ մասնագիտությունների պատկերը հետևյալն է. «Քիմիա»` 6, «Դեղագործական քիմիա»` 6, «Մաթեմատիկա»` 2, «Ֆիզիկա»` 5, «Կառավարում»(ըստ ոլորտի)` 23, «Պատմություն»` 7, «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա»` 27, «Հայոց լեզու և գրականություն»` 1, «Էլեկտրաէներգետիկա»` 31, «Իրավագիտություն»` 16:
Ռեկտոր Ա.Ղուկասյանը բավարար գնահատեց ընդունելության արդյունքները` մի քանի մասնագիտությունների գծով խիստ մտահոգիչ համարելով դիմորդների սակավությունը: Նա հանձնարարեց շարունակել և ակտիվացնել մասնագիտական կողմնորոշման աշխատանքները հանրակրթական դպրոցներում և, առհասարակ հանրության շրջանում, օրախնդիր քայլեր ձեռնարկել դիմորդների հետագա հոսքը բոլոր մասնագիտությունների գծով բարելավվելու ուղղությամբ: Տեղեկատվությունն ու հանձնարարականն ընդունվեց ի գիտություն:
Հաշվի առնելով ՈՒՎ պետ Վ.Դանիելյանի առաջարկը, Ուսումնական վարչության կառուցվածքը, կանոնակարգով նախծատեսված գործառույթները և աշխատողների քանակը` ռեկտոր Ա.Ղուկասյանը գիտական խորհրդին առաջարկեց կառուցվածքային միավորը վերանվանել Ուսումնական մաս և Վ.Դանիելյանի վերանշանակել որպես Ուսումնական մասի վարիչ: Առաջարկն ընդունվեց ի գիտություն:
Ռեկտոր Ա.Ղուկասյանը գիտական խորհրդի անդամներին տեղեկացրեց նաև ՀՀ-ում նոր ձևաչափով վերաձևավորվող Հանրային խորհրդի և դրան անդամակցելու հնարավորությունների մասին: «ՀՀ Հանրային խորհուրդը հանրային կյանքի կազմակերպման մի ինստիտուտ է, որի ընձեռած հնարավորությունները տարիներ ի վեր հաջողությամբ օգտագործում են ժամանակակից աշխարհի բազմաթիվ երկրներում, – նշեց ռեկտորը և հավելեց, որ համալսարանականները, ստանալով համապատասխան երաշխավորագիր, կարող են դիմել` անդամակցելու Հանրային խորհրդի 15 հանձնաժողովներից որևէ մեկին, ինչի համար վերջնաժամկետ է սահմանված մինչև ս.թ. նոյեմբերի 8-ը:
Ռեկտորը գիտական խորհրդի անդամներին մանրամասն ներկայացրեց նաև Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում համալսարանի նախկին աշխատակից Համլետ Հովսեփյանի հայցապահանջի շուրջ մի քանի ամիս տևած դատական գործընթացից հետո դատարանի կայացրած վճիռը` այն համարելով սուբյեկտիվ և անընդունելի Գորիսի պետական համալսարանի համար:
«Քննելով Համլետ Հովսեփյանի հայցը` ընդդեմ Գորիսի պետական համալսարան ՊՈԱԿ-ի` աշխատանքային պայմանագիրը լուծելու մասով անհատական իրավական ակտն անվավեր ճանաչելու (վերացնելու), նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի և դրամական հատուցման գումարների բռնագանձման պահաջներին մասին, դատարանը վճռել է հայցը բավարարել մասնակի, այսինքն` «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի Համլետ Հովսեփյանի հետ աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցնելու հիմքով լուծելու մասին 2018թ. մարտի 6-ի թիվ ԿԲ 61 ա հրամանը ճանաչել անվավեր, Հ.Հովսեփյանի` նախկին հիմնական աշխատանքում վերականգնելու և աշխատանքային նոր պայմանագիր կնքելու պահանջը մերժել: Այսքանով հանդերձ՝ դատարանը պարտավորեցրել է համալսարանին` հօգուտ Հ.Հովսեփյանի ֆինանսական պարտավորություններ կատարել, փոխհատուցումներ անել»,- նշեց ռեկտոր Ա.Ղուկասյանը:
Նա մանրամասն ներկայացրեց դատական վճռի հետ իր անհամաձայնության հիմքերը: Կայացրած վճռի համար տվյալ դեպքում դատարանը հիմք է ընդունել հետևյալը` «Հաշվի առնելով, որ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել համալսարանի տասը աշխատակիցներին, որոնք նույն գործի շրջանակներում կատարել են նույն հանցանքը և որոնց նկատմամբ քրեական հետապնդումը 2018թ. հունվարի 29-ին դադարեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով` գործում զղջալու հիմքով, սակայն նշված տասը անձանցից չորսի նկատմամբ, այդ թվում նաև հայցվոր Համլետ Հովսեփյանի, կիրառվել է կարգապահական տույժ` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով՝ աշխատանքային պայմանագրի լուծման տեսքով, իսկ մնացած վեց անձանց նկատմամբ կիրառվել է միայն կարգապահական տույժ` խիստ նկատողություն հայտարարելու տեսքով: Արդյունքում, ըստ դատարանի, հայցվոր Համլետ Հովսեփյանի նկատմամբ դրսևորվել է տարբերակված մոտեցում` նույն հանցանքը կատարած մյուս աշխատակիցների համեմատությամբ, քանի որ խիստ նկատողություն ստացած անձանց նկատմամբ կիրառված կարգապահական տույժը, այսպես ասած, բարենպաստ է, քան հայցվոր Համլետ Հովսեփյանի նկատմամբ կիրառած մոտեցումը: Ուստի նշված հանգամանքները համադրելով՝ դատարանն արձանագրել է, որ առկա է «խտրականության արգելքի խախտում» (մեջբերումը՝ դատարանի վճռից): Շուրջ 24 էջից բաղկացած վճռից հստակ չի հասկացվում, թե 1995թ. հուլիսի 29-ից ՀՀ-ում ուժի մեջ մտած «Աշխատանքի և զբաղվածության բնագավառում խտրականության մասին» կոնվենցիայի ո՞ր հոդվածն է խախտված տարբերակված մոտեցման դեպքում: Գիտական խորհրդի անդամներին տեղեկացնեմ, որ նշված կոնվենցիան նպատակների համար «խտրականություն» հասկացությունը ներառում է. «Ռասայի, մաշկի գույնի, սեռի, կրոնի, քաղաքական համոզմունքի, ազգային ծագման կամ սոցիալական պատկանելության հիմքով ցանկացած տարբերակում, բացառում կամ նախապատվություն….» (դատավճռում մանրամասն ներկայացված են): Մնում է զարմանալ, թե որտեղի՞ց է դատավոր Մ. Հովակիմյանի մոտ առաջացել այն «հանճարեղ» միտքը, որ կարելի է այդ կոնվենցիայի հոդվածները կամ դրույթները կիրառել հայցվոր Համլետ Հովսեփյանի նկատմամբ:
«Դատարանի վճռի 20-րդ էջում մի հետաքրքիր ու կարևոր մեջբերում կա, որ նույնիսկ այս կոնվենցիայի շրջանակներում դատավորին հնարավորություն է տալիս ընդունելու կիրառված տարբերակված մոտեցմանը` «Դատարանը անհրաժեշտ է համարում արձանագրել նաև, որ ՀՀ սահմանադրական դատարանի 07.06.2011 թվականի թիվ ՍԴՈ-967 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ ենթադրյալ խտրականության դեպքում առկա պետք է լինի մի իրավիճակ, երբ տվյալ կոնկրետ սուբյեկտի նկատմամբ դրսևորվում է տարբերակված մոտեցում նույն իրավիճակում գտնվող այլ սուբյեկտի համեմատությամբ, ում նկատմամբ վերաբերմունքն ավելի բարենպաստ է»: Չեմ կարողանում հասկանալ,-նշեց ռեկտորը, – եթե դատարանը հղում է կատարում ՀՀ սահմանադրական դատարանի կարևորագույն նախադեպային որոշմանը, ապա ինչու՞ չէր կարողանում համարձակորեն այն հիմք ընդունել, քանի որ քրեական գործով մեղադրված 10 անձինք գտնվում էին տարբեր իրավիճակներում և առկա էին տարբերակված մոտեցման բոլոր հիմքերը: Վերը նշված տասը անձանց օբյեկտիվորեն կարելի է բաժանել երեք խնբի՝ ա) հիմնական աշխատողներ և ուսումնական աշխատանքի պատասխանատուներ, բ) ներքին համատեղությամբ աշխատակիցներ, գ) արտաքին համատեղությանբ աշխատողներ: Դատարանից շատ ջանք ու գիտելիքներ չեր պահանջվի հասկանալու համար, որ նշված երեք խմբի աշխատողների նկատմամբ նույն մոտեցումը ցուցաբերելը, մեղմ ասած, կլիներ անարդարացի: Ռեկտորի հրամանների և որոշումների համար հիմք են հանդիսացել վերոնշյալ տարբերակված խմբերի գործունեության առանձնահատկությունները, որոնք, ցավոք, չի կարողացել ըմբռնել դատարանը: Անհասկանալի է մնում նաև այն հանգամանքը, որ դատարանը հիմք է ընդունում Համլետ Հովսեփյանի և որոշ վկաների կեղծ, անհիմն բացատրություննեը և չի փորձում նրանց պատասխանատվության կանչել»:
Ռեկտորի համոզմամբ` դատարանի սուբյեկտիվ մոտեցումը մեծ չափով կնահանջեր, եթե դատավորը «խտրականություն» բառի գլխավոր բացատրությունը չշփոթեր «խտրություն» բառի բացատրության հետ եւ լրջորեն ընթերցեր «Աշխատանքի եւ զբաղվածության բնագավառում խտրականության մասին» կոնվենցիան:
Այդպիսով` «դատարանն իր ողջ էությամբ գործել է նախկին տրամաբանությամբ՝ նսեմացնելով, ոտնահարելով Գորիսի պետական համալսարանի հեղինակությունը և օրենքով վերապահված ինքնավարությունը, այն սուբյեկտիվ և անընդունելի է Գորիսի պետական համալսարանի համար»,-նշեց ռեկտորը և տեղեկացրեց, որ ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2018թ. հոկտեմբերի 22-ի վճիռը սահմանված կարգով կբողոքարկվի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում:
Տեղեկատվությունն ընդունվեց ի գիտություն:
Դատական վճռին կարող եք ծանոթանալ այստեղ՝ ՎՃԻՌ :
Թ.Մարության
Գիտական քարտուղար