ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Մայիսի 3-ին Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը հյուրընկալեց Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Տեր-Կյուրեղյանի ղեկավարած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին շարունակական կրթության բաժնի տնօրեն Անուշ Եդիգարյանը, գրադարանի տնօրեն Սաթենիկ Ավագյանը, ակադեմիական աջակցության հարցերով պատասխանատու գրադարանավար Արազ Մարգոսյանը, մարզերում ծրագրերի համակարգող Ասլի Մկրտչյանը:
Հանդիպմանը ներկա էին նաև ՀԱՀ Բաց կրթության Գորիսի կենտրոնի ներկայացուցիչները և ԳՊՀ ԱԿՀԼ բաժնի աշխատակիցները:
Տ. Վանդունցը, ողջունելով հյուրերին, ներկայացրեց Գորիսի պետական համալսարանի գործունեությունը տեղական և միջազգային գործընկերների հետ, խոսեց բուհում գործող կրթական ծրագրերի, ուսանողական կառույցների մասին:
ԳՊՀ պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմի հետ հանդիպման ընթացքում ՀԱՀ ներկայացուցիչները պատմեցին Հայաստանում գլոբալ կրթություն առաջարկող մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատության մեջ գործող հետազոտական կենտրոնների, գրադարանի գործունության, մագիստոսի կրթական ծրագրերի մասին, որոնք խրախուսում են քաղաքացիական ներգրավվածությունը և խթանում ժողովրդավարական արժեքները այն միջավայրում, որը գնահատում և զարգացնում է ակադեմիական վարպետություն, ամբողջականություն, առաջնորդություն և հասարակության ծառայություն:
Հանդիպումն ամփոփվեց հարցուպատասխանով և փոխադարձ այցելությունների ակնկալիքով:
Facebook Comments