ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՊՀ-ՈՒՄ

Դոնորության միջազգային օրվան ընդառաջ՝ հունիսի 11-ին Գորիսի պետական համալսարանը հյուրընկալեց ՀՀ ԱՆ Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի ներկայացուցիչներին՝ Հեմոֆիլիայի և թրոմբոֆիլիայի կենտրոնի ղեկավար Հեղինե Խաչատրյանի գլխավորությամբ:
ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը, ողջունելով հյուրերին, կարևորեց նման մարդասիրական նախաձեռնությունների իրականացումը, որոնք հազարավոր կյանքեր են փրկում:
Հանդիպման ընթացքում մասնագետները մանրամասն ներկայացրին, թե ովքեր կարող են հանդիսանալ արյան դոնոր, որոնք են հնարավոր հակացուցումները, ինչպես պետք է նախապատրաստվել արյունատվությանը, որոնք են արյան դոնորության առավելությունները, ինչպես նաև անդրադարձան արյան դոնորության մասին տարածված միֆերին և փաստերին։
Ներկայացուցիչները խոսեցին անհետաձգելի բժշկական օգնության դեպքում իրենց հանձնած դոնորական արյան՝ հիվանդների ապաքինման անփոխարինելի հնարավորության և արյունատվության կենսական անհրաժեշտության մասին՝ շեշտելով հատկապես Սյունիքի մարզի՝ թիրախային ու սահմանամերձ գոտի լինելու հանգամանքը, որտեղ արյան պաշար ունենալը առաջնային կարևորություն ունի:
Մասնագետները, արյան դոնորության շուրջ տարածված կարծրատիպերը կոտրելով, կարևոր ուղերձ հղեցին. արյան դոնոր լինելը չպետք է պայմանավորված լինի միայն արտակարգ իրավիճակներով կամ կազմակերպված միջոցառումներով։ Յուրաքանչյուր քաղաքացի կարող է և պարտավոր է տարվա ընթացքում առնվազն երկու անգամ արյուն հանձնել՝ փրկելով կյանքեր:
Տեղեկատվական հանդիպումն ամփոփվեց ակտիվ հարց ու պատասխանով: