ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԱԽԵՆԻ ՌԵՅՆԻՇ-ՎԵՍՏՖԵԼԻՇԵԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
2023 թ․ հունվարի 30-ից փետրվարի 3-ը Էրազմուս+ «Կարողությունների զարգացում՝ ճարտարապետական ժառանգության կայունության համար» (SAH) ծրագրի շրջանակներում ԳՊՀ ԱԿՀԼ բաժնի ղեկավար, ծրագրի համակարգող Նաիրա Սաֆարյանը և ԳՊՀ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոս, ծրագրի աշխատակից Սիրանուշ Պողոսյանը մասնակցել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Աախեն քաղաքում կազմակերպված ծրագրի կառավարման խորհրդի հանդիպմանն ու վերապատրաստման հնգօրյա դասընթացին։ Այն տեղի է ունեցել Աախենի Ռեյնիշ-Վեստֆելիշեի տեխնիկական համալսարանում:
Դասընթացին մասնակցել են ծրագրի գործընկեր համալսարանների ներկայացուցիչներ Իրանի Իսլամական Հանրապետությունից և Հայաստանի Հանրապետությունից: Հնգօրյա դասընթացը բավականին բովանդակալից և արդյունավետ էր: Ոլորտի արհեստավարժ մասնագետներն ու համալսարանի դասախոսները խոսեցին ճարտարապետական ժառանգության ուսումնասիրությանը, վերականգնմանը և պահպանությանն առնչվող հետևյալ թեմաներով․
- Քաղաքային ճարտարապետության վերլուծության պատմագիտական մոտեցումներ
- Քաղաքային ճարտարապետության ազգագրական մոտեցումներ
- Մշակութային լանդշաֆտի մոտեցումներ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կառավարման համակարգ
- Ճարտարապետական ժառանգության տարածքների կառավարում. ժառանգության ազդեցության գնահատման գործիքներ
- ճարտարապետական ժառանգություն և տարածաշրջանային զարգացում: Ռեյն գետի ավազանի բաց ձուլման հանքարդյունաբերության շարունակական վերափոխումը
- Անօդաչու թռչող սարքեր և լազերային սկանավորում
- Շենքերի տեղեկատվական մոդելավորման վրա հիմնված գործիքներ և տեխնոլոգիաներ՝ ուղղված բնակելի տարածքների արագ և արդյունավետ արդիականացմանը
- Լանդշաֆտի հետազոտության թվային և դասական մեթոդներ
- Աախենի տաճարը և թվային հետազոտության մեթոդներ
- Բնակելի հատվածների ժառանգություն–արժեքներ և պահպանության մարտահրավերներ
- Ժամանակակից բնակարանային խոշոր տարածքներ և դրանց փոփոխությունների հետագծեր, առկա մարտահրավերներ և ապագա հեռանկարներ։
Հունվարի 31-ին տեղի է ունեցել նաև ծրագրի կառավարման խորհրդի հանդիպում, որի ընթացքում ծրագրի համակարգող Մասիմիլիանո Դ’Ինոչենցոն ներկայացրեց ծրագրի ընթացքը, ֆինանսական և տեխնիկական մի շարք խնդիրները և հետագա անելիքները: Որոշում կայացվեց ծրագրի գործընկեր համալսարանների ուսանողներից կազմավորել միջազգային ուսանողական խմբեր հետազոտական նախագծերի վրա աշխատելու նպատակով: Այդ խմբերի համար Լ’Աքվիլլայի համալսարանում կկազմակերպվի երկշաբաթյա ամառային դպրոց, որի ընթացքում ուսանողները դասընթացներին մասնակցելուն համընթաց կիրականացնեն գործնական աշխատանքներ հետազոտական նախագծերի շրջանակում: Պլանավորվեց նաև ս․ թ․ ապրիլին ԳՊՀ-ում իրականացնել աշխատաժողով, որի ընթացքում կհստակեցվեն հետազոտության թեմաները: Կառավարման խորհուրդը նպատակահարմար գտավ, որ դա նաև լավ առիթ կլինի ԳՊՀ-ի «Ճարտարապետական ժառանգության կայունություն» կենտրոնի հանդիսավոր բացման համար: Ծրագրի համակարգողը նշեց, որ պատրաստվում են դիմել Եվրոպական հանձնաժողովի մանդատի ներքո գործող Կրթական, աուդիովիզուալ և մշակութային գործադիր գործակալությանը՝ ծրագրի տևողությունը ևս վեց ամսով երկարաձգելու նպատակով:
Դասընթացներին զուգահեռ նաև իրականացվեցին այցելություններ պատմամշակութային հուշարձաններ:
Դասընթացավարները ծրագրի գործընկեր համալսարաններին կտրամադրեն բոլոր նյութերը՝ հետագայում ուսումնական մոդուլների և դասընթացների մշակման համար: