ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵՑ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հուլիսի 3-ին Գորիսի պետական համալսարան այցելեց Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը։
ԳՊՀ աշխատակազմի հետ հանդիպման նպատակը ԳՊՀ-ում առկա խնդիրների քննարկումն էր, համալսարանի ու նրա ղեկավարության հասցեին վերջին շրջանում տարբեր սոցցանցերում ու մեդիահարթակներում բարձրացված հարցերի պարզաբանումն ու հստակեցումը:
ԳՊՀ ռեկտոր Արտուշ Ղուկասյանը նախ շնորհավորեց Կարեն Համբարձումյանին Սյունիքի մարզպետ նշանակվելու կապակցությամբ, ողջունեց նրա առաջին այցը ԳՊՀ, ապա, ի ուրախություն համալսարանականների, ցուցադրեց ԳՊՀ-ի հավատարմագրման Վկայականը, ըստ որի` «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովի 2018 թվականի ապրիլի 12-ի N 26 որոշմամբ ԳՊՀ-ին շնորհվել է պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ 2 տարի ժամկետով: Նա համառոտ ներկայացրեց ԳՊՀ-ի առաջիկա անելիքները հավատարմագրման հետագա գործընթացներում, այնուհետև մարզպետի ուշադրությունը հրավիրեց վերջին օրերին բուհում խմորվող իրադարձություններին, որոնք խաթարում են աշխատանքային նորմալ մթնոլորտը:
Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը, դիմելով համալսարանականներին, նշեց, որ, իբրև Սյունիքի մարզպետ, անհանգստացած է մարզային առաջատար բուհում տեղի ունեցող աշխատանքային տարաձայնություններով, և ԳՊՀ կոլեկտիվի հետ հանդիպելու առաջնային նպատակը համարեց բուհի առողջ աշխատանքային մթնոլորտի վերականգնումը, ինչի համար պատրաստ է լսելու բոլորին, քննարկելու նրանց հուզող խնդիրները և, հնարավորինս, նպաստելու իրավիճակի կայունացմանը: Նա քանիցս շեշտեց, որ բոլոր իրատեսական խնդիրները լուծվելու են բացառապես օրենքի շրջանակներում, իսկ չհիմնավորված, կամայական ու անձնախնդիր հարցերը դուրս են մնալու քննարկման շրջանակից:
Ծավալվեց բուռն քննարկում, ելույթ ունեցան մի քանի համալսարանականներ, որոնք ներկայացրին իրենց հուզող խնդիրները, դիտարկումներ արեցին առկա խնդիրների շուրջ, առաջարկեցին մարզպետին համակողմանի ուսումնասիրել 2017թ. դեկտեմբերին դեկանների ընտրությանը նախորդած մտահոգիչ իրադարձությունները, ներկայում ընթացող ամբիոնի վարիչների ընտրության գործընթացի հետ կապված անհամաձայնությունները, որոնք հիմնականում բխում են ԳՊՀ-ի ամբիոնի վարիչի ընտրության`2009 թվականից գործող կարգի տարընթերցումներից, արհմիութենական կազմակերպության ձևավորման հարցերը և այլն:
Մարզպետ Կարեն Համբարձումյանը, ծանոթանալով իրավիճակին, խոստացավ բարձրացված հարցերի ու մտահոգությունների շուրջ համապատասխան հիմնավորված պարզաբանումներ ստանալուց հետո հետևողական լինել դրանց լուծմանը: Նա հորդորեց հրաժարվել կամայական մոտեցումներից, խնդիրները լուծել օրենքի տառին համապատասխան և անհարկի քայլերով չվնասել բուհի հեղինակությունը:

Marz.het hand.-1 Marz.het hand.-2 Marz.het hand.-3 Marz.het hand.-4 Marz.het hand.-5 Marz.het hand.-glx

Facebook Comments