ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵՑ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Այսօր Գորիսի պետական համալսարան այցելեցին ՀՀ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը, մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Էդգար Մարտիրոսյանը: Աշխատանքային այցի շրջանակներում Սյունիքի մարզպետն առաջին անգամ էր Գորիսի պետհամալսարանում, որի ընթացքում մարզպետ Հ.Պողոսյանն ու մարզպետարանի աշխատակիցները հանդիպումներ ունեցան ԳՊՀ ռեկտոր Արտուշ Ղուկասյանի, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողության հետ, ծանոթացան ԳՊՀ-ի առօրյային, շենքային պայմաններին, շնորհավորեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության 2018 թվականի «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հաղթող ուսանողներին` մաղթելով նրանց նորանոր գիտակրթական ձեռքբերումներ` ի նպաստ Գորիսի համալսարանի առաջանցիկ զարգացման:
Նրանք քննարկեցին ուսանողներին և աշխատակիցներին հետաքրքրող  մի շարք հարցեր, որոնք մասնավորապես վերաբերում էին ԳՊՀ-ի շենքային պայմանների բարեկարգմանը, ԳՊՀ-ի ուսանողների` աշխատաշուկայում ունեցած պահանջարկին, ոչ տեղաբնակ ուսանողների կացության ապահովմանը և այլն:
Մարզպետն իր պատրաստակամությունը հայտնեց հնարավորինս նպաստելու բարձրացված հարցերի բարեհաջող լուծմանը։

Facebook Comments