«ՍՅՈՒՆԻՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՋԱԽ». ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 55-ԱՄՅԱԿԻՆ

Հոկտեմբերի 27-ին Գորիսի պետական համալսարանում մեկնարկեց բուհի 55-ամյակին նվիրված «Սյունիքը կրթության և մշակույթի օջախ» խորագրով երկօրյա հանրապետական գիտաժողովը, որին մասնակացում էին ՀՀ-ի, ԱՀ-ի և արտերկրի շուրջ 25 գիտակրթական կազմակերպությունների, այդ թվում՝ Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Շիրակի պետական համալսարանի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Վանաձորի պետական համալսարանի, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի, Հայաստանի ազգային գրադարանի, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության, Մ.Աբեղյանի անվան գրականության, Հ.Աճառյանի անվան լեզվի, պատմության, արվեստի ինստիտուտների, Շվեյցարիայի Ֆրիբուրգի համալսարանի, Հայաստանի ազգագրության թանգարանի, Սանկտ Պետերբուրգի Պ.Լեսգաֆտի անվան ազգային պետական համալսարանի, Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարանի և այլ գիտակրթական կառույցների շուրջ 60 գիտնականներ, մասնագետներ ու հետազոտողներ: Գիտաժողովի աշխատանքներում ներգրավված էր նաև ԳՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմը:

Գիտաժողովի նպատակն էր գիտատեսական քննարկումների բազմակողմ հարթակ բերել Սյունիքի ոչ միայն հայագիտական ու հասարակագիտական ողջ լայնույթի հիմնահարցերը, այլև առհասարակ մատնանշելու Սյունիքի մարզում տարբեր գիտաճյուղերի նպատակադիր զարգացման թիրախները, գերակայություններն ու անելիքները:

Գիտաժողովի բացման արարողությանն ու լիագումար նիստին ներկա էին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, Արցախի պետական համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Արմեն Սարգսյանի գլխավորությամբ, պաշտոնատար այլ անձինք:

Գիտաժողովը մեկնարկեց Գորիսի հոգևոր հովիվ Տեր Տիգրան քահանա Հակոբյանի օրհնության խոսքով և տերունական աղոթքով:

Այնուհետև ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը, բացման խոսքում ողջունելով ներկաներին, շնորհավորեց Գորիսի պետական համալսարանի հիմնադրման 55-ամյա հոբելյանի առթիվ՝ այն համարելով գիտակրթական ասպարեզում բուհի ձեռքբերումների ամփոփման ու արժևորման հրաշալի հնարավորություն: Խոսելով գիտաժողովի օրակարգի, թեմատիկ բազմազանության, գիտագործնական նշանակության ու առաքելության մասին՝ ռեկտորը հավելեց, որ գիտաժողովը յուրատեսակ հարթակ է՝ ոչ միայն հետադարձ հայացքով արժևորելու Սյունիքի պատմամշակութային բազմահարուստ ժառանգությունը, ամփոփելու գիտակրթական արժեքավոր ձեռքբերումները, այլև քննարկելու գիտության, կրթության և մշակույթի արդի հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները Սյունիքի մարզում: Նա շնորհակալություն հայտնեց գիտակրթական այն բոլոր կառույցներին, որոնց ներկայացուցչական կազմերը մասնակցում են գիտաժողովի աշխատանքներին՝ իրենց գիտական ներուժը ներդնելով Սյունիքի հայագիտական ողջ լայնույթի հիմնահարցերի ուսումնասիրման, ինչպես նաև տարբեր գիտաճյուղերի նպատակադիր զարգացման գործում: «Մասնակիցների որակյալ կազմը, զեկուցումների թեմատիկ շրջանակը հրաշալի նախադրյալներ են ստեղծում` մեկտեղելու հայագիտության, հասարակագիտության և բնագիտության հիմնախնդիրներով զբաղվող գիտնականներին, լսելի ու քննարկելի դարձնելու գիտության մեջ նախաքայլեր անող հետազոտողների նորահայաց տեսակետները, ստեղծելու բարենպաստ մթնոլորտ` գաղափարների փոխանակման, գիտական երկխոսության ծավալման, տեղական ու արտասահմանյան գիտական հաստատությունների հետ համագործակցության ձևավորման համար: Նաև այսպիսի՛ միջոցառումների կազմակերպմամբ Գորիսի պետական համալսարանը կդառնա արդիական գիտական հիմնախնդիրների քննարկման տարածաշրջանային կենտրոն, ինչը մեր ռազմավարական նպատակներից է»,-նշեց ռեկտորը՝ համառոտ անդրադարձ կատարելով Գորիսի պետական համալսարանի անցած ուղուն, ձեռքբերումներին, կրթական գործի երախտավորներին:

Ողջույնի խոսք ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, որոնք ներդրում ունեն ԳՊՀ-ի հիմնադրման, կայացման ու զարգացման գործում։ «Միակ տեսանելի կենտրոնը, որի շուրջ պետք է համախմբվենք, կրթությունն ու գիտությունն են։ Այդ գործիքակազմով կարող ենք ունենալ խելացի, կրթված հասարակություն, որի անդամները երկրի համար կարևոր հարցերում նույն ուղղությամբ են մտածում։ Շատ շնորհակալ եմ այս ծանր փուլում Սյունիքում նման գիտաժողով նախաձեռնելու և կազմակերպելու համար, այն պահանջված է ու կարևոր», – նշեց մարզպետը ու հավելեց, որ մարզային իշխանությունը մշտապես պատրաստակամ է աջակցել նման կարևոր միջոցառումների կազմակերպմանը:

ԳՊՀ-ի հոբելյանի և գիտաժողովի բացման առթիվ ներկաներին ողջունեց ԱՀ Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ բարձր գնահատելով Գորիսի պետական համալսարանի դերը տարածաշրջանում և Արցախի հետ կապի ամրապնդման գործում:  Վերջին տարիներին Սյունիքի և Արցախի միջև գիտակրթական կապերի ամրապնդման ու զարգացման գրավականներից մեկը պատմագիտության դոկտոր Դավիթ Բաբայանի հետ մասնագիտական արդյունավետ համագործակցությունն է: «Գիտությունը և կրթությունը մեր ժողովրդի և պետականության հարատևման, զարգացման և զորացման առանցքային հիմքերից են, իսկ Գորիսի պետական համալսարանը՝ կրթության և հայրենասեր դաստիարակության կարևոր մի կենտրոն։ Առանձնակի նշանակություն ունի պրոֆեսիոնալ և հայրենանվեր կադրերի պատրաստումը հայոց պետականության և հայ ազգային ինքնության յուրահատուկ ԴՆԹ-ն  հանդիսացող Արցախում և Սյունիքում»,-նշեց նախարարը և հաջող ընթացք մաղթեց գիտաժողովի աշխատանքներին:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը իր ողջույնի խոսքում կարևորելով երկու համալսարանների փոխգործակցության շարունակականությունը՝ բազմաթիվ կենսաշահ ծրագրերի իրականացման հեռանկարներով, մասնավորապես նշեց. «Մեծ է մեր երկու բուհերի համագործակցության դերն ու նշանակությունը ոչ միայն Արցախ-Սյունիք գիտակրթական փոխգործակցությունն ամուր պահելու, այլ նաև՝ մեր հայրենիքի առջև ծառացած խնդիրների լուծման համար ուղիներ նախանշելու տեսանկյունից: Պատմաքաղաքական արդի զարգացումների և հատկապես մեր հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների իրողություններում անչափ կարևորում եմ «Սյունիքը կրթության և մշակույթի օջախ» խորագրով գիտաժողովի կազմակերպումը, որը միտված է հանրապետության գիտության ոլորտի կարող ուժերի մեկտեղմանը՝ հանուն օրախնդիր հարցերի լուծման»: Արմեն Սարգսյանը ԳՊՀ-ի 55-ամյակի առթիվ համալսարանին հանձնեց  խորհրդանշական հուշանվեր և նվիրեց բազմաքանակ արժեքավոր գրքեր:

Գորիսի պետական համալսարանի հոբելյանի առթիվ ուղերձներ էին հղել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը:

Շնորհավորական ելույթներով հանդես եկան նաև «Սյունյաց երկիր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը, Պետերբուրգի Լեսգաֆտի համալսարանի պրոֆեսոր, ԳՊՀ շրջանավարտ Քաջիկ Օհանյանը և ուրիշներ:

Լիագումար նիստին զեկուցումներով հանդես եկան պ.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը («Գորիս քաղաքի կրթական կյանքի պատմությունից (XIX դար-XX դարասկիզբ)»), պ.գ.թ., դոցենտ Համո Սուքիասյանը («ՀՍԽՀ Զանգեզուրի և ԱՍԽՀ Քուրդիստանի գավառների սահմանային վեճերը 1920-ական թվականներին»), ք.գ.դ., պրոֆեսոր Գագիկ Թորոսյանը («Ածխածին պարունակող թափոնների և մազութի վերամշակմամբ հեղուկ վառելիքի արտադրության տեխնոլոգիա»):

Լիագումար նիստից հետո գիտական նստաշրջանի երկօրյա աշխատանքը ծավալվեց հինգ մասնախմբերում՝ «Պատմություն, քաղաքագիտություն, իրավագիտություն», «Հնագիտություն, ազգագրություն, արվեստ», «Մանկավարժություն և հոգեբանություն», «Բանասիրական ուսումնասիրություններ», «Բնագիտական ուսումնասիրություններ»:

Օրակարգի թեմատիկ բազմազանությունը վկայում էր բովանդակային առումով խորքային ընդգրկում ունեցող նստաշրջանի գիտագործնական առաքելության մասին:

Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցավ գիտաժողովի փակման լիագումար նիստը:

ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը շնորհակալություն հայտնեց երկօրյա արդյունավետ աշխատանքի համար և հույս հայտնեց, որ գիտաժողովին մասնակցած կազմակերպությունների և նրանց ներկայացուցիչների հետ մասնագիտական համագործակցությունը կլինի շարունակական:

Մասնախմբերի նախագահողները՝ բ.գ.դ. Հայկանուշ Մեսրոպյանը, պ.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը, պ.գ.թ., դոցենտ Համո Սուքիասյանը, տեխ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Աղբալյանը, բ.գ.դ., պրոֆեսոր Վ.Եղիազարյանը, ք.գ.դ. Լուիզա Վարդանյանը, պ.գ.թ. Սվետլանա Պողոսյանը, մ.գ.թ., դոցենտ Էռնեստ Ավանեսովը, հաղորդումներ ներկայացրին մասնախմբային քննարկումների մասին: Կարևորելով նման թեմատիկայով գիտաժողովի կազմակերպումը՝ նրանք բարձր գնահատեցին այն թե՛ կազմակերպական մակարդակի և թե՛ գիտական որակի առումով: Սյունիքը ունակ է ապահովելու հետազոտությունների լայն թեմատիկա, ինչպես իր պատմամշակութային փոխառնչությունների աշխարհագրական շրջանակների (Հս. Կովկաս, Իրան, Արցախ, Սևանի ավազան, Արարատյան դաշտավայր–Նախիջևան և այլն), այնպես էլ քաղաքական պատմության բազմերանգության առումներով, հետևաբար գիտնականները հույս հայտնեցին, որ թեմատիկ ուղղվածությամբ նմանատիպ գիտաժողովների կազմակերպումը Սյունիքում կլինի շարունակական ու նպատակային:

Ելույթ ունեցավ նաև գիտաժողովի պատվավոր հյուր, Շվեյցարիայի Ֆրիբուրգի համալսարանի պրոֆեսոր, աստվածաբանական և փիլիսոփայական գիտությունների դոկտոր Աբել Մանուկյանը՝ շնորհակալություն հայտնելով գիտաժողովին մասնակցելու պարտավորեցնող հրավերի համար, ինչը հաստատապես հիմնաքար կդառնա՝ երկու համալսարանների միջև համագործակցային կապերի զարգացման և միջազգայնացման համար:

Ներկաներին իր շնորհակալական խոսքը հղեց նաև Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանության ժամանակավոր հավատարմատար Աշոտ Գալոյանը:

Ամփոփիչ խոսք ասաց նաև գիտաժողովի աշխատանքները համակարգող, ԳՊՀ գիտական քարտուղար Թեհմինա Մարությանը՝ շնորհակալություն հայտնելով մասնակիցներին Սյունիքի մայր բուհի, գիտաժողովի թեմատիկ ուղղվածության հանդեպ ցուցաբերած հետաքրքրության և մասնակցության համար՝ համոզմունք հայտնելով, որ գիտաժողովի նիստերում հնչած զեկուցումները կարևոր կռվաններ են Սյունիքի հոգևոր ու նյութական հարուստ ժառանգության ուսումնասիրման, վերաարժևորման ու նորահաստատման գործում:

Գիտաժողովի շրջանակներում բացվեց նաև հոբելյանական ցուցահանդես, որում ներկայացված էին ինչպես սյունեցի հայտնի գեղանկարիչների գործերը, այնպես էլ ԳՊՀ֊ի “Կերպարվեստ” մասնագիտության շրջանավարտների և ուսանողների լավագույն գեղանկարները։ ԳՊՀ֊ի հիմնադրման հիշարժան տարեթիվը նշանավորվեց ևս մեկ խորհրդանշական իրադարձությամբ։ Վերջերս կյանքին հրաժեշտ տված քանդակագործ, գեղանկարիչ, ԳՊՀ երախտաշատ դասախոս Միխայել Ղուկասյանի զավակները Գուսան Աշոտին պատկերող հոր կոթողային կտավը նվիրաբերեցին համալսարանին՝ իրականացնելով գեղանկարչի ցանկությունը։

Գիտաժողովին մասնակցող գիտակրթական կազմակերպությունների և առանձին գիտնականների կողմից ԳՊՀ֊ն նվեր ստացավ մեծաքանակ արժեքավոր գրականություն։

Գիտաժողովի շրջանակներում իրականացվեցին պատմաճանաչողական շրջայցեր (Ակսել Բակունցի տուն-թանգարան, Տաթևի վանական համալիր):

Facebook Comments