ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԸ
ԳՊՀ-ի մի շարք մասնագիտությունների ուսանողներ ապրիլի 3-ից մայիսի 15-ը վեցշաբաթյա մանկավարժական փորձուսուցում են անցել քաղաքի և իրենց բնակավայրերի հանրակրթական դպրոցներում: Փորձուսուցման ընթացքում նրանք կազմակերպել են նաև բաց դասեր ու միջոցառումներ:
ՀՀՄ ֆակուլտետի «Մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Լիանա Դավթյանը Ակների միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանի աշակարտների հետ կազմակերպել էր «Խաղաղություն և հաղթանակ» խորագրով ռազմահայրենասիրական միջոցառում՝ նվիրված մայիսյան հաղթանակներին:
Միջոցառման ընթացքն ուղեկցվել է հայրենիքի համար զոհված հերոսների հիշատակի հարգումով, ելույթներով, հայրենասիրական երգերի կատարումներով, ասմուքնով, պարով ու գեղեցիկ բեմականացմամբ՝ հայ զինվորի կյանքից:
Միջոցառման ավարտին երեխաները «Ճերմակ աղավնի» երգի կատարմամբ խաղաղության թռչնակին բաց են թողել երկինք՝ հայրենիքի խաղաղությունը հսկելու:
Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոցում Վահան Տերյանին նվիրված բաց դաս ու ֆիլմի դիտում էր կազմակերպել նաև «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Մարգարիտա Իվանյանը:
Մանկավարժական պրակտիկան, լինելով ուսումնական գործընթացի բաղկացուցիչ մաս, հենվելով պրակտիկանտի գիտելիքների, կարողությունների, ստեղծագործական մտածողության վրա, խթանում է մասնագիտական հմտությունների ձևավորմանը և անմիջականորեն նպաստում է արհեստավարժ մասնագետի կայացման գործընթացին:
Փորձուսուցման ընթացքում ուսանողների համար ստեղծվում են բարենպաստ պայմաններ անձի կամային որակների՝ նպատակասլացության, կազմակերպվածության, վճռականության, ինքնատիպության, աշխատասիրության, ջանասիրության դաստիարակման, ինչպես նաև ստեղծագործականության զարգացման համար:
Ուսուցչական աշխատանքի առաջին քայլերն արած ուսանողները համալսարան վերադարձան տպավորված ու ոգևորված՝ պատրաստ շարունակելու մանկավարժական ուսումնառությունը և հետագայում նվիրվելու դպրոցին ու աշակերտներին:
ՀՀՄ Ֆակուլտետ