Ուսման վարձի փոխհատուցում պատերազմի մասնակից ուսանողներին, մասնակիցների ուսանող զավակներին և ամուսնուն
Հարգելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ պետության կողմից ուսման վարձավճարի 100 տոկոս փոխհատուցում կտրամադրվի 2020թ.-ի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի մասնակից ուսանողներին և մարտական գործողությունների մասնակիցների ուսանող զավակներին, կնոջը կամ ամուսնուն:
Համաձայն ՀՀ կառավարության դեկտեմբերի 10-ի նիստում հաստատված որոշման՝ ամբողջությամբ կփոխհատուցվի 2020թ.-ի առաջին կիսամյակի ուսման վարձավճարը: Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ բուհի առկա և հեռակա ուսուցման մասնագիտությունների վճարովի համակարգում սովորող բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները: Այն ուսանողները, որոնք արդեն վճարել են ուսման վարձը, ապա համապատասխան չափով վճարած գումարը կփոխանցվի հաջորդ կիսամյակ, իսկ ավարտական կուրսի ուսանողների վճարած գումարը կվերադարձվի:
Որոշման շահառու են այն սովորողները, որոնք.
- 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մասնակցել է մարտական գործողություններին,
- ում օրինական ներկայացուցիչը (ծնող, որդեգրող կամ խնամակալ) 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մասնակցել է մարտական գործողություններին,
- ում ամուսինը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մասնակցել է մարտական գործողություններին:
Մարտական գործողություններին մասնակցությունը հավաստվում է Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կամ քաղաքացու զինվորական հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանման (զինվորական կոմիսարիատ) կողմից տրամադրված տեղեկանքի միջոցով կամ զինվորական հաշվառման գրքույկում համապատասխան նշմամբ, իսկ այլ զորքերի կազմում՝ համապատասխան լիազոր պետական մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի միջոցով՝ դիմում ներկայացնելուց հետո երեքշաբաթյա ժամկետում:
Միջոցառումից օգտվելու համար անհրաժեշտ է բուհին ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- անձը հաստատող փաստաթուղթ,
- մարտական գործողություններին մասնակցությունըզինված ուժերի կազմում հավաստող փաստաթուղթ:
Ըստ անհրաժեշտության բուհը կարող է պահանջել նաև լրացուցիչ փաստաթղթեր (ծննդյան վկայական, ամուսնության վկայական, ծնողի անձնագիր, ամուսնու անձնագիր և այլն):
Սիրելի՛ ուսանողներ, մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ԳՊՀ ուսումնական մասի մեթոդիստ Անահիտ Մանուչարյանին (ԳՊՀ 1-ին մասնաշենք, Ուսումնական մաս) կամ զանգահարել 094-92-39-09 հեռախոսահամարին: