ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Նոյեմբերի 17-ը համայն աշխարհում պարզապես Ուսանողների միջազգային օրը չէ, այլև համերաշխության ոգեկոչման, երիտասարդության ուժի ու դերի արժանի մեծարման, գնահատման տոնը:
Գորիս պետական համալսարանում ուսանողական խորհրդի նախաձեռմությամբ կազմակերպվել էր տոնին նվիրված ցերեկույթ, որին ներկա էին ԳՊՀ պրոֆեսորադասախոսական ու վարչական կազմի ներկայացուցիչները, ուսանողները:
Ուսանողներին շնորհավորեց ԳՊՀ պրոռեկտոր Զարեհ Գրիգորյանը՝ նշելով, որ ԳՊՀ-ի օրացուցային ամենապայծառ տոնը Ուսանողների միջազգային օրն է, և ողջունելի է, որ ամեն տարի օրվա խորհուրդն ամփոփվում է համալսարանի ուսանողական խորհրդի կազմակերպած գեղեցիկ միջոցառումով: Պրոռեկտորը հորդորեց ուսանողներին լավ սովորել, համակողմանի գիտելիքներ ձեռք բերել և ակտիվ ուսանողական կյանքով ապրել:
Տոնի առթիվ ուսանողներին շնորհավորեցին նաև ԳՊՀ ՈՒԽ հիմնադիր նախագահ, Ճարտարագիտության և տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Տիգրան Վանդունցը, ինչպես նաև ԳՊՀ ՈՒԽ նախագահ Արուս Անդրիյանը:
Ցերեկույթն ուղեկցվեց ԳՊՀ-ի շնորհալի ուսանողների երաժշտական կատարումներով, ասմունքով ու պարով: Ուսանողները ներկայացրին օրվա խորհուրդը, հետաքրիքր պատմություններ պատմեցին ուսանողական կյանքից՝ երջանիկ, որ վայելում են ուսանող լինելու բերկրանքը: