«ՈՒՍԱՆՈՂԻ ԳԻՏԱԿԱՆ ՄՏՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՄԵԾԱՊԵՍ ՆՊԱՍՏԵԼ Է ԳՊՀ-Ն». ՄԵԼԱՆՅԱ ԹԵՎՈՍՅԱՆ

ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողուհի Մելանյա Թևոսյանը բակալավրի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող-2022» հանրապետական մրցույթի հայագիտության ոլորտի մրցանակակիր է: Մելանյան պատմել է մասնագիտական ձեռքբերումների մասին և կիսվել իր հաջողության բանաձևով:

Ժամանակն իր շավղից դուրս է սայթաքել, դժվար է աներեր մնալ որևէ գործում, դժվար է հաստատակամորեն քայլել մինչև նպատակակետ։ Ես ի սկզբանե գիտակցում էի, որ հաջողության ճանապարհը լիքն է լինելու փշերով, անկումներով ու հիասթափություններով։ Եվ գնում էի առաջ` մտքիս մեջ բանաձևելով հետևյալը. «Խորհուրդ մարդկան` կամք Աստծո». լինելու է այն, ինչն Աստծո կամքն է։ Ահա այսպես մտա ԳՊՀ, որտեղ ինձ սպասվում էին գիտական գլխապտույտ ձեռքբերումներ, մասնագիտական վերելքներ։

Այսօր հետադարձ հայացքով հիշում եմ ինձ, և աչքիս առաջ պատկերանում է այսօրվա «ես»-ս` ավելի հղկված, ավելի աշխատասեր, ավելի գնահատող և արժևորող։ Մասնագիտական կայացման հարցում ճանապարհս հետս կիսում են իմ համալսարանի ամենաուսանողասեր դասախոսները, ովքեր աջակցել են, ինձ հետ պայքարել, ինձ հետ ուրախացել, հպարտացել, ուղղորդել. «Դանդաղ շտապիր»… Մասնակցել եմ բազմաթիվ աշխատա- և գիտաժողովների, ունեմ 3 գիտական հոդված, որոնցից երկուսը տպագրված, մեկը` տպագրման փուլում։ Միշտ մտածել եմ, որ «լավագույն»-ը լինում են գործով, և ոչ երբեք` խոսքերով։ Աշխարհի շա՜տ ծագերում իմ մասին անգամ չգիտեն, բայց աշխարհի մի փոքրիկ անկյունում ես աշխատում եմ իմ երազանքների մասնագիտությամբ…

Մասնագիտության ընտրությունս պատահական չէր

Ես ուսուցչուհի եմ… Համալսարանում ստացած մասնագիտական գիտելիքներս ես այսօր փոխանցում եմ իմ աշակերտներին, որոնցով ապրում և որոնց շնորհիվ շարունակում եմ արարել, ստեղծել և ստեղծագործել։ Սա այն միակ աշխատանքն է, որը փոխհատուցում է քո չարչարանքները։ Այսօր «լավագույն» -ը տիտղոսի տակ գրված է իմ անունը, իսկ վաղը գրված է լինելու իմ աշակերտներինը։ Այսօր պետք է աշխատել վաղվա համար, ապագան ներկայի արդյունքն է։

Ինքնազարգացման, ինքնակրթության և ինքնակատարելագործման համար պետք է քայլել աշխարհին համընթաց, հետևել գիտության զարգացմանը, կրթության ` օրեցօր նորացվող չափանիշներին։ Ես քայլում եմ առաջ` հիշելով Բիանտոսի խոսքերը. «Իմ ամեն ինչը ինձ հետ եմ տանում»… Տանում եմ գանձերի գանձը` հայերենը, տանում եմ այն, ինչը չի՛ վաճառվում, չի՛ կեղծվում, ինչն անգին ու անչափելի է… գիտելիքներս:

Մարգարիտա Իվանյան

Facebook Comments